Բերձոր-Քարվաճառ ճանապարհի մոտ 60-րդ կիլոմետրին է Վայկունիք գավառի պատմական բնակավայրերից մեկը, հավանաբար՝ Արքուգետը։ Այս գյուղի մոտակայքում պահպանվել են հայոց 2 եկեղեցի՝ դարձյալ 12-14-րդ դարերում կառուցված: Եկեղեցիներից մեկը թուրքերի կողմից պայթեցվել է 1983 թ., այն այժմ էլ, թեկուզ կիսականգուն, հիացնում է իր կերտվածքով ու գեղեցկությամբ:
Եկեղեցին ծովի մակերեւույթից 1540 մ բարձրության վրա է՝ լայնարձակ հարթ տարածքից սկսվող բլրակին։ Մինչեւ վերջերս կանգուն էր կենտրոնական թաղակիր կամարը։ Կանգուն ժամանակ եղել է միանավ, թաղածածկ հորինվածքով։ Սուրբ խորանը պայտաձեւ է։ Կառուցված է կրաշաղախով, անմշակ քարով, ներսը սվաղված է։ Արտաքին չափերն են՝ 12,3×5,2 մ, մոտ 1 մ հաստությամբ պատերով։ Ճարտարապետական ոճական առումով կառուցվել է 12-13-րդ դարերում։ Սակայն հաշվի առնելով այն, որ սուրբ խորանը պայտաձեւ է, հնարավոր է՝ սրբատունը կառուցվել է ավելի վաղ շրջանում։ Եկեղեցու դիմաց գեղեցիկ զարդանախշերով, ոճական առումով 11-12-րդ դարերում քանդակված խաչքար կա՝ 220x60x30 սմ չափերով։ Քարի կենտրոնական մասում մի մեծ խաչ է քանդակված՝ վերին եւ ներքին թեւերին դարձյալ մեծ չափերով տերեւային պատկերներ։ Ընդհանրապես շինության տարածքում է եղել բնակավայրի (հնարավոր է՝ պատմական Արըքլի, Արքուգետ, Արքո) հանգստարանը, որտեղ կա 20-ից ավելի շիրմաքար։ Որոշները տեղում են, որոշները տեղահանված են։
Պահպանված տապանաքարերից մեկը պատկանում է Գեւորգ իշխանի եղբորը: Այդ է վկայում տապանաքարի վրայի արձանագրությունը. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԲԱԽՏԱՅ, ՈՐԴԻՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԱՅ, // ՈՐ ԿԱՐԻ ԾԵՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՂՃԱՆԵՑԱՎ: // ՅԻՇԵՑԷՔ // Ի ԲԱՐԻՆ: ԹՎԻՍ ՉԽԷ /1298 թ./»։ Մեկ այլ տապանաքար՝ 180x50x20 սմ չափերով, տեղահան է արված, եկեղեցուն մոտ է՝ հարավային կողմում։ Ունի հետեւյալ արձանագրությունը. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԲԱԽՏԱ ՈՐԴՈ ՀԱՅՐԱՊԵՏԱՈՐ /ԿԱՐԻ ԾԵՐՈՒԹԵԱՄԲ ՎԱՂՃԱՆԵՑԱՒ ՀԻՇԵՑԵՔ/ Ի ԹՎԻՍ ՉԽԷ/1298Թ./ ԲԱՐԻՆ»։ Մի տապանաքար, որ եկեղեցուց մոտ 30 մ հարավ է, ունի հետաքրքիր պատկերներով քանդակներ։ Ձախ կողմում հեծյալ է, աջ ձեռքով բազե է բռնել։ Հեծյալին դիմավորում է մի կին՝ մի ձեռքում մեծ կուժ է, մյուսում՝ երեւի թաս։ Կնոջ կողքին փոքր երեխա կա։ Աջ կողմում մարդ կա ձեռքին կամ սուր է, կամ մահակ, ոտքերի մոտ այծ է նստած, իսկ գլխավերեւում՝ մեծ արծիվ է՝ կտուցը բաց։ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԱՒԱՔ ՍԱՐԿԱՒԱՔԻՆ/ ԹՎ/ԻՆ/ ՌԼԱ-1031+551=1582 թ./» արձանագրությամբ, 120x55x28 սմ չափերով, եկեղեցու հյուսիսային կողմում է, ունի գավազանով քանդակ։ Մեկ այլ՝ 115x30x50 սմ չափերով տապանաքարին կա հետեւյալ արձանագրությունը. «ՍԷՀԱԳ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ ԻՄ ԵՂԲԱՐ ՄԻՏԿԻՆԻՆ»։ Այս տապանաքարի հարեւանությամբ նույն չափերով մեկ այլ շիրմաքարին գրված է. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՊԱՂՏ/ԱՍ/ԱՐԻՆ»։
Մյուս եկեղեցին միանավ թաղածածկ կառույց է՝ համարյա կանգուն վիճակում։ Գյուղի արեւմտյան կողմում է՝ ճանապարհին մոտ։ Արտաքին չափերն են. արեւմտյան պատը՝ 9,6 մ, արեւելյանը՝ 10,7 մ, լայնությունը՝ 5,3 մ։ Սուրբ խորանի 2 կողմում ավանդատներ կան, որոնք իրենց ծավալներով դուրս են եկեղեցու հիմնական ուղղանկյուն մակերեսից։ Ավանդատների մուտքերը բացված են սուրբ խորանի միջից։ Ծածկը՝ թաղը կիսակլոր է։ Կառուցված է կրաշաղախով, անմշակ քարով։ Պատերի մեջ, հատկապես անկյուններում, ագուցված 15-16-րդ դարերին պատկանող տապանաքարեր կան։ Հյուսիսային պատի արտաքին շերտի մի մասը քանդված է։ Ուսումնասիրելով տեղանքը՝ զգացվում է, որ ավելի վաղ շրջանում այստեղ սրբավայր է եղել, որի հիմքերի վրա էլ մոտ 600 տարի առաջ մեր պապերը կառուցել են նոր շենք։ Սուրբ խորանի պատուհանի անցքն ունի մոտ 10 սմ լայնություն, 80 սմ երկարություն։ 3 գծով շրջանակված, 2 կտոր քարից է կառուցված. արտաքին չափերն են մոտ 1-05 մ։ Ներսի կողմից այս պատուհանի գլխին կա արձանագրություն, որը 1246 թ. է։ Ունի 5 տողով արձանագրություն, որի կեսը պատի մեջ է։ Երեւացող մասը վերծանվել է. «…/Թ/ՎՆ; ՈՂԵ/1246/ … Ց ՀԱՅՈՑ … /ԻՇԽ/ԱՆՈՒԹԵ/ԱՆ/Ս…/…Ն ՈՐԴՈՅ ՊԱՐՈՆ ԿՈՆԻ…ԱՌԻՆ ՄԵՐ»։ Սրբատունն ունի 2 մուտք՝ հյուսիսային կողմում պատի աջ անկյունից եւ հարավից, որը հետագայում, հնարավոր է դեռեւս գործելու ժամանակ՝ 2-3 դար առաջ փակվել է։ Եկեղեցու տարածքում պահպանվել են հայոց միջնադարյան հանգստարանի հետքերը՝ 13-17-րդ դարերի տապանաքարերով։ Տարածքում՝ ծառերի տակ մի քանի տապանաքար կա, որոնք նույնպես արձանագիր են։
Եկեղեցուց մոտ 100 մ հարավ՝ ծառերի հարեւանությամբ, բավականին մեծ ժայռի վրա գրեթե 1 մ երկարությամբ 3 խաչ կա քանդակված։ Ժայռի երեսը հարթեցված է։
Վակունիսի եկեղեցին
ՎԱԿՈՒՆԻՍ՝ Բչանիս պատմական գյուղը գտնվում է Շալուա գետի ձախակողմյան Վակունիս գետակի աջակողմյան հարթությունում՝ ծովի մակերեւույթից 1400-1500 մ բարձրության վրա։ Գյուղի մասին կա հիշատակություն Դադիվանքի 1214 թ. շինարարական արձանագրության մեջ՝ Բճանց ձեւով։ Այս բնակավայրի մոտ 1993 թ. մարտի 31-ին թշնամու ծուղակն ընկավ Սիսիանի ջոկատներից մեկը` Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ։ 11 հոգի զոհվեց, այդ թվում՝ հրամանատարը։ Բճանց-Բչանիս-Վակունիսի պատմական ու հայոց ոստան լինելու մասին է վկայում գյուղում պահպանված միջնադարյան սրբատունը՝ կիսավեր վիճակում, ինչպես նաեւ գյուղի թուրքաշեն տների պատերի մեջ ագուցված հայկական հանգստարանից տեղահանված ու որպես շինաքար օգտագործված շիրմաքարերի բազում բեկորներ։ «Ազգագրական հանդէսում» (գիրք Դ, Թիվ 2, Թիֆլիս 1898 թ.) հիշատակվել է՝ այս եկեղեցու մասին, որ այն եղել է փայտածածկ, եւ քրդերն օգտագործում էին որպես հարդանոց։ Հուշարձանագետ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը «ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՌՆԱԿՑՎԱԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ» գրքում (Երեւան 1999 թ., էջ՝ 171) տեղեկացնում է, որ 1985 թ. ինքը նույնպես նույն կարգավիճակում է տեսել այս եկեղեցին։ Կառուցված է կրաշաղախով, անմշակ քարով։ 1990-ական թվականներին եկեղեցին ավերվել է, պահպանվել են պատերը։ Շինության անկյունաքարերի մի մասը, մուտքի բարավորը, անկյունաքարերը, սուրբ խորանի ու ավանդատների պատուհանների վերին մասը, անկյունները եւ այլն, տապանաքարերի ու խաչքարերի ամբողջական ու մասնատված կտորներ են։ Նման է միանավ թաղածածկ եկեղեցիների։ Հնարավոր է ավելի վաղ ունեցել է թաղածածկ տանիք։ Կառույցն ունի ուղղանկյուն մակերես, արտաքին չափերն են՝ 12-8,2 մ., պատերի հաստությունը՝ 110 սմ։ Մուտքն արեւմտյան կողմից է, ունի պայտաձեւ կամար, բարավորը ներս ընկած է ամբողջական տապանաքար է՝ խաչաքանդակներով։ Անկյունաքարերը 2 մասի կիսված տապանաքարի կտորներ են։
Կամուրջը՝ Շալուայի վրա
Գանձայի գյուղական համայնքի կազմում է նաեւ Բազմատուս գյուղը: 2 բնակավայրերը միմյանցից բաժանվում են Շալուա գետով: Հնուց ի վեր այստեղով է անցել պատմական ճանապարհներից մեկը, եւ մեր պապերը 12-13-րդ դարերում գետի գեղատեսիլ մի հատվածում (N 39, 42, 36, 1 եւ E 46, 28, 19,0., ծ. մ. բ. 1011 մ. կոորդինատներում) կամարակապ, միաթռիչք քարե կամուրջ են կառուցել, որի հիմքերը բնական ժայռերն են: Ի տարբերություն այլ կամուրջների՝ մեր նկարագրածի կամարը պայտաձեւ է, ոչ կլորավուն: Կառուցված է տեղի կրային քարերով եւ կրաշաղախով: Ներքին մասում եզրային քարերը մշակված են, գրեթե սրբատաշ են, իսկ մնացածը թերթաքարեր են՝ ուղղաձիգ շարված: Ներքին հիմնական եզրային մասի կեսը քանդված է, այսուամենայնիվ՝ ներսի քարերը պահում են կամուրջը: Այնուամենայնիվ կա անհրաժեշտություն՝ ամրացնելու ներքին եզրագիծը: Մոտ 3 մ լայնությամբ կամրջի վերին մասը 2 կողմում 40 սմ լայնությամբ եւ 25 սմ բարձրությամբ արգելաշերտ է ունեցել. պահպանվել են որոշակի հատվածներ: Կամրջից մինչեւ ջրի հայելին կազմում է 5-6 մ, թռիչքը՝ 6-7 մ: Գետի աջակողմյան ափերին տեղ-տեղ պատեր են պահպանվել, որոնք եղել են միջնադարյան ճանապարհի եզրերին: