Փիլիսոփայությունը
կառավարում է պատկերացումները,
իսկ դրանք կառավարում են աշխարհը:
Հեգել
«Կառավարում» երեւույթը մարդկության հնագույն ուղեկիցն է, մարդկանց համակեցության համակարգաստեղծ տարրը, հասարակության բնականոն գործառության եւ անխոչընդոտ զարգացման վճռորոշ պայմանը: Եվ եթե առանձին կազմակերպության կառավարման «լավ» կամ «վատ», «արդարացի» կամ «անարդարացի», «արդյունավետ» կամ «անարդյունավետ» բնութագծերն անդրադառնում են համեմատաբար փոքրաթիվ մարդկանց վիճակի վրա, ապա որպես պետական կառավարման համակարգի որակի ցուցիչներ՝ դրանք բախտորոշ են բոլորիս համար անխտիր:
Կառավարումը անհրաժեշտ աշխատանքի կատարումն է այլոց միջոցով, փիլիսոփայության տեսակետից՝ «սուբյեկտ–օբյեկտ» փոխհարաբերության տեսակ: Սուբյեկտի (կառավարողի) գործողությունները ուղղված են օբյեկտի (կառավարվողի) վարքի նպատակասլաց համակարգմանը, օբյեկտի գործողությունները հետադարձ կապի դեր են կատարում, հիմք տալիս եզրակացնելու սուբյեկտի նպատակադրումների իրականացման համարժեքության մասին. այսկերպ՝ բուն կառավարչական աշխատանքը միջնորդավորվում է կատարողական աշխատանքով:
Բնավ պատահական չէ, որ փիլիսոփաներն են եղել կառավարման առաջին տեսաբանները. մարդկանց կառավարելու հմտությունը, Պլատոնի ձեւակերպմամբ՝ «բարդագույն եւ ամենից դժվար ձեռք բերվող հմտություններից մեկը», փիլիսոփայական մտքի կենտրոնում է ամենասկզբից: Այս եզրակացությունն առերեւույթ տարակուսելի է. չէ՞ որ կառավարումը, որպես աշխատանքի տեսակ, պիտի որ չհետաքրքրեր գերազանցապես մտահայեցողաբար կողմնորոշված անտիկ փիլիսոփայությանը: Մինչդեռ կառավարումը ոչ միայն գործ է, այլեւ գիտելիք, իմացություն: Ուստի զարմանալի չէ Պլատոնի այն պնդումը, թե կառավարման գիտելիքը ոչ միայն հասու է շատ քչերին, այլեւ «մյուս բոլոր տեսակի գիտելիքների մեջ միմիայն արժանի է իմաստություն կոչվելու», ահա թե ինչու անգետ քաղաքացիներին հարկավոր է ամեն կերպ հեռու պահել իշխանությունից եւ կառավարումից:
Հատկապես սոցիալփիլիսոփայական ընդհանրացման դիրքերից է պարզորոշ կառավարման համակարգաստեղծ դերակատարումը հանրային կյանքի գոյության եւ գործառության մեջ. 18րդ դարի անգլիացի բժիշկ եւ փիլիսոփա Բերնար Մանդեվիլի հաջող ձեւակերպմամբ՝ մարդկանց համակեցությունը, համատեղ եւ հօգուտ մեկը մյուսի աշխատանքը, մարդու՝ որպես «հնազանդ արարածի» բուն ձեւավորումը, «հասարակության ամեն մի անդամի ենթարկումն ամբողջին» գոյանում են ոչ այլ կերպ, քան «նրբահնար կառավարման շնորհիվ»: Միեւնույն ժամանակ, այսօրվա համար էլ ուժի մեջ է 17րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Ժան դը Լաբրյուերի այն դիտարկումը, թե միապետի վարվելակերպի մեջ «իմաստուն կառավարման» արվեստ արձանագրելը, իհարկե, ոգեւորիչ է, սակայն, ցավոք, «վերջին ժամանակներս թագավորներն ու նախարարները չափազանց քամահրում են այդ արվեստը»:
Եվ քանի որ ինչպես ամբողջ պետության, այնպես էլ գործարար կյանքի կառավարման մեջ (համենայն դեպս՝ հայաստանյան պայմաններում) առայժմ դժվար է «իմաստուն կառավարման» արվեստ հայտնաբերելը, դեռ ավելին՝ երկարատեւ են դրսեւորվելու զուտ օգտապաշտական մտածելակերպը եւ դրան համապատասխան տեխնոկրատական գործելակերպը, ապա որպես ոմանց համար յուրատեսակ «հորդոր» մեջբերեմ ճապոնացի նշանավոր գործարար, «Matsushita Electric» կազմակերպության հիմնադիր Քոնոսքե Մացուսիտայի կարծիքը. «Գործարարության մեջ հաջողության հասնելու գործոններից կարեւորագույնը կառավարման ամբողջական փիլիսոփայության առկայությունն է»: Իսկ բուն «կառավարման փիլիսոփայություն» հասկացության սահմանումը Մացուսիտան տալիս է իմաստուն ղեկավարի համար ամենակենսական հարցադրումների ձեւով. «Ես «կառավարման փիլիսոփայություն» ասելով նկատի ունեմ ձեռնարկությանը վերաբերող հիմնարար հարցերին տրվող հստակ պատասխանների ամբողջությունը, այն է՝ «ո՞րն է իմ ձեռնարկության կոչումը», «ի՞նչ raison d’Սtre ունի նա», «ինչպիսի՞ն է ձեռնարկության զարգացման ռազմավարությունը», «ինչպիսի՞ն եմ ես տեսնում նրա ապագան»: Ինքներդ ձեզ համար այս հարցերը պարզաբանելը ծայրահեղորեն կարեւոր է. միայն դրանից հետո ձեզ բնորոշ մյուս հատկությունները լիովին կդրսեւորվեն»:
Հարցերի այս փունջը, որպես կառավարման փիլիսոփայության միջուկ, վերաբերում է, անտարակույս, բոլոր տեսակի կազմակերպությունների ղեկավարներին: Եվ բնականաբար, նման հարցեր չեն էլ անցնի այն կառավարչի մտքով, որի համար կառավարումը սոսկ ենթակաների հանդեպ իր իշխանության դրսեւորումն է կամ կառավարչական որոշակի գործառույթների ինքնաբերական իրականացումը:
Արդ, կառավարման էության փիլիսոփայական քննարկումը հինավուրց ավանդույթ ունի, ներկայում արժանանում է նաեւ կառավարման գործնական խնդիրներով զբաղվողների գնահատանքին՝ թեպետ որոշակի վերապահումներով: Համենայն դեպս, տարատեսակ կազմակերպությունների վերին մակարդակի ղեկավարներն աստիճանաբար համոզվում են, որ մարդկանց կառավարել՝ ապավինելով զուտ տնտեսական լծակներին կամ տեխնոկրատական մեթոդներին, այլեւս արդյունավետ եւ հեռանկարային չէ: Բազում հետազոտություններ վկայում են, որ կարեւորելով աշխատանքի տնտեսական կողմը, մարդիկ ավելի են հակվում դեպի բուն աշխատանքում բովանդակալից կողմը, ստեղծագործական տարրերը, մասնագիտական ինքնահաստատման եւ ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնումը: Եվ պարզվում է, որ ԹեյլորիՖորդի համակարգում իրեն լիովին արդարացրած «վարձատրության դրդապատճառին» ապավինող կառավարումը ժամանակակից պայմաններում ավելի ու ավելի է զիջում «աշխատանքն ինքնին» դրդապատճառի շահամիտող ուժին:
Կառավարման կազմակերպիչների տրամադրության տակ տեսականմեթոդաբանական ծավալուն գրականություն կա՝ գործադրելու «առաջադեմ կառավարման» սկզբունքները, ստեղծելու կառավարչական առավել ներդաշնակ միջավայր, մասնավորապես՝ աշխատողների շահամիտման գործիքակազմի մեջ ներառելու աշխատանքի կենսական իմաստը շոշափող միջոցներ: Լայնորեն տարածված են «մասնակցային» («ներառական») կառավարման գաղափարները, թեեւ դրանց ներդրումը բախվում է հոգեբանական եւ կազմակերպական խոչընդոտների: Շատերն են արձանագրել կառավարիչների անվստահությունը ենթակաների մասնագիտական իրազեկության աճի եւ նախաձեռնողականության ընդլայնման հանդեպ, զգուշավորությունը նրանց իշխանական որոշակի լիազորություն արտոնելու հարցում, վատ քողարկված ցանկությունը՝ նրանց ամեն կերպ հեռու պահելու հատկապես ռազմավարական բնույթի կառավարչական որոշումների կայացմանը իրապես մասնակցելուց:
Այս դիտարկումների լույսով կփորձենք տարբերակել կառավարչի եւ առաջնորդի վարքաբանական առանձնահատկությունները, նաեւ պարզել կառավարչական որոշումների կայացման ընթացքում կատարվող սխալների հիմնական պատճառները:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր