Ոչ ոք կատարյալ չէ:
Մարդկանց մեծամասնությունն ընդունակ է
միայն սխալ կառավարելու:
Իցհակ Ադիզես
Կառավարաբանական ծավալուն գրականության մեջ այսօր երկու միտում է նկատելի: Առաջինը կառավարչական գործունեության կազմակերպման ավելի ու ավելի պարզեցված մեկնաբանումն է, կառավարչից ակնկալվող վարվելակերպը գրեթե զուտ «տեխնոլոգիայի» վերածելու ձգտումը: Եվ իրոք, որոշ տեսաբաններ, իսկ ավելի շատ փորձառու կառավարիչները մեկնաբանում են կառավարումը որպես յուրատեսակ կանոնների կամ սկզբունքների հավաքածո, որն ապահովում է կառավարման բարձր արդյունավետությունը եւ կառավարչի (առաջնորդի) գործելակերպի հաջողությունը: Սա ավանդական մոտեցում է հատկապես ամերիկյան կառավարաբանության համար եւ լավագույնս արտահայտում է այդ մշակույթի գործապաշտական էությունը:
Կառավարչի վարվելակերպի հնարավորինս կանոնակարգված մատուցման անհրաժեշտության հիմնավորումը ժամանակին սպառիչ տվել է կառավարաբանության դասականներից մեկը՝ «Արդյունավետության տասներկու սկզբունք» նշանավոր գրքի (1912 թ.) հեղինակ Հերինգթոն Էմերսոնը. «Վարչարարության հիմունքների ձեւակերպման, դրանց խմբավորման, պարզ սկզբունքների ձեւով մատուցման նպատակն այն է, որ ամեն մի կառավարիչ հնարավորություն ստանա պարբերաբար ստուգելու իր աշխատանքն այդ սկզբունքների տեսակետով. դրանով նա ոչ միայն կխուսափի առօրյայի մանրուքից, ինչը, ի վերջո, ճգնաժամի է հանգեցնում, այլեւ գործն առաջ կգնա, եւ ով սկսել է որպես աշակերտ, շուտով ուսուցիչ կդառնա, որին կկարողանան դիմել իմաստուն խորհրդի ակնկալիքով»:
Կառավարչի վարքականոնի ձեւակերպումների օգտակարությունը կասկածից վեր է. այդ բոլոր կանոնները, խորհուրդները, պատվիրանները ի վերջո գործնական փորձի ամփոփումն են եւ հույժ պիտանի են խուսափելու համար «հեծանիվ հորինելու» վտանգից: Բայց պակաս վտանգավոր չէ մյուս ծայրահեղությունը. պատկերավոր ասած՝ երբ կառավարիչը տեսնում է «անտառը», բայց չի նկատում «ծառերը»: Մեկ այլ ամերիկացի կառավարաբան եւ, թերեւս, ամերիկյան ամենանշանավոր կառավարիչ Լի Յակոկկան հիշեցնում էր կառավարիչներին, որ նրանք գործ ունեն իրենց նման մարդկանց հետ, միայն ու միայն մարդկանց հետ, այլ ոչ թե շների կամ կապիկների:
Կառավարաբանության մյուս միտումը կառավարման խնդիրների ընդգրկուն դիտարկումն է, կառավարչի գործունեության լայն սոցիալփիլիսոփայական ընկալումն ու իմաստավորումը: Սա բնորոշ է հատկապես ճապոնական կառավարաբանությանը: Այստեղ չկա կառավարաբանության որեւէ դասագիրք, որի առաջին գլուխը նվիրված չլինի ճապոնական կառավարման փիլիսոփայական հիմքերին եւ ճապոնացիների վարվելակերպի ազգամշակութային ու գործաբանական առանձնահատկությունների, մասնավորապես՝ «ղեկավար–ենթակա» փոխհարաբերությունների քննարկմանը:
Առհասարակ, ամերիկացի տեսաբանները սովոր են կառավարչական իրողության մասին իրենց դատողությունների հիմքում դնել միջին ամերիկացու կերպարի սեփական ըմբռնումը եւ մատուցել որպես համամարդկային տիպար: Ուստի եւ պատահական չէ, որ կառավարման ազգամշակութային բնութագծերի պարզաբանման հիմնախնդիրը բաժին է ընկել առավելապես ճապոնացի, նիդեռլանդցի, նորվեգացի, հնդիկ, չին հետազոտողներին: Ամերիկացի հեղինակների բացահայտ կամ քողարկված էթնոցենտրիզմի փոխարեն՝ այս հեղինակները, որպես կանոն, հակված են լինում պատմահամեմատական եւ միջմշակութային վերլուծությունների. այսկերպ, մի կողմից, հարստանում է կառավարաբանությունը՝ որպես միասնական գիտակարգ, մյուս կողմից՝ ավելի արդյունավետ է դառնում կառավարման՝ այլ էթնոմշակութային պայմաններում կուտակված օգտակար փորձի քննադատական յուրացումը:
Ինչ վերաբերում է հայաստանյան կառավարչական իրողությանը եւ դրա տեսական արտացոլման ներկա դրությանը, ապա իրատեսորեն պետք է խոստովանել, որ մենք առայժմ ամերիկյան մենեջմենթի «հայկականացման» փուլում ենք, եւ սոսկ հատուկենտ հրապարակումներ կան «հայկական կառավարաբանության» հիմունքները մշակելու անհրաժեշտության մասին: Իսկ սա բնավ էլ մասնավոր հարց չէ: Թեկուզ այն պատճառով, որ ամերիկյան մենեջմենթի փիլիսոփայությունն այնպես ամուր է «նստած» կառավարիչների պատրաստման բուհական համակարգում, որ պարզապես սպառնում է վերջնականապես ձեւավորել հայկական կառավարաբանության 21րդ դարի հարացույցը: Հիշեցնեմ, որ ամերիկյան գաղափարական ներխուժման նման վտանգ կար հետպատերազմյան Ճապոնիայում, բայց հիմնախնդիրը լիովին գիտակցվեց, գործադրվեցին համազգային ջանքեր, որոնց շնորհիվ ձեւավորվեց կառավարման ուրույն ճապոնական համակարգը՝ թե՛ ապահովելով երկրի տնտեսական վերածնունդը, թե՛ պահպանելով եւ ամրապնդելով ազգային ինքնությունը:
Մինչդեռ, անկեղծորեն խոստովանենք, որ շատերիս պատկերացմամբ կառավարման արվեստը դյուրին մի բան է. թվում է՝ բավական է գերադաս դիրք զբաղեցնել, իշխանական լիազորություններ ստանալ եւ մարդկանց կառավարումը ինքնաբերաբար կհաջողվի: Իհարկե, պատմության մեջ շատ գործիչներ են սեփական օրինակով համոզվել, որ դա ընդամենը իշխանական պատրանք է, կառավարման արվեստի ամբողջ բարդությունը չգիտակցելու հետեւանք: Եվ եթե արձանագրում ենք «վատ» կամ «սխալ» կառավարման համատարած դրսեւորումներ, ապա հիմնապատճառը կառավարման բարդության անտեսումն է, դժվարությունների կամաակամա պարզեցումը, պաշտոնատարների կառավարչական անհոգությունը, այլ ոչ թե ինքնին մարդ արարածի անկատարությունը, ինչպես կարծում է իսրայելցի կառավարաբան Ի. Ադիզեսը:
Իրականում, «բախտի բերմամբ, թե պատահմամբ» բարձր դիրքում հայտնվողը ակամա յուրացնում, ներքնայնացնում է տվյալ դիրքին արտոնված հնարավորությունները, դրանք ընկալում է որպես իր անձնային, ընդոծին կարողություններ: Ընդ որում, «ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում» կառավարչական «ոսկի կանոնը» այդկերպ խախտողներն անխուսափելիորեն մնում են կառավարման փիլիսոփայության խորությանն անհաղորդ, ուստի կա՛մ կարճ ժամանակում ձախողվում են, կա՛մ էլ հակվում են առավելապես կառավարման անձնիշխանական մեթոդների գործադրմանը, դառնում բռնապետ եւ, ի վերջո, կյանքն անփառունակ ավարտում:
Եթե անձնային առումով այս մտայնությունը կարող ենք ախտորոշել որպես սեփական ունակությունների գերագնահատում, նարգիզականության դրսեւորում, ապա հանրային առումով այդ երեւույթը մի իսկական աղետ է դարձել հետխորհրդային տարածքի հասարակությունների համար: Խոսքը դեռ պետական հեղաշրջումների մասին չէ, երբ ժողովրդի ամբոխակերպ ընդվզումների եւ արտաքին միջամտության շնորհիվ «շատ վերջիններ դառնում են առաջիններ». չէ՞ որ անգամ բնականոն պայմաններում է հնարավոր համարվում, օրինակ, բուհի դասախոսին (որ երբեք չի կատարել կառավարչական աշխատանք) մեկեն նշանակել կրթության նախարար, մանր ձեռներեցին՝ էկոնոմիկայի նախարար եւ այլն: Իսկ սա նշանակում է, որ կառավարչական աշխատանքի բարդության եւ հանրային բացառիկ կարեւորության թերագնահատումը համահանրային իրողություն է, նաեւ յուրատեսակ վկայությունն է փիլիսոփայության դերը չըմբռնող եւ, իսկն ասած, բառիս ստույգ իմաստով փիլիսոփայելու անընդունակ քաղաքական վերնախավի առկայության եւ գործելակերպի: Առանց այս խորքային պատճառը հասկանալու մենք շարունակ արձանագրելու ենք մեզանում անարդյունավետ կառավարման համակարգերի, անիրազեկ եւ ինքնահավան պետական գործիչների, մանրավաճառի հոգեբանությամբ գործարարների գոյությունը:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր