«Նրան ծափահարողները ծափահարել են լոկ արտաքին փայլից շլացած րոպեաբար եւ լքել են մշտապես: Այնուհետեւ նա ինձ համար դարձավ մի մշտական վիշտ, մի գեղեցիկ վիշտ, մի իսկական Համլետ, որ բարձր ձիրքերով ծնվել էր մի շատ խեղդուկ մթնոլորտում…
Եվ խեղդվեց…
90-ականների սկզբներին էր: Աշխարհահռչակ իտալացի դերասան Ռոսսին եկավ Թիֆլիս: Էն ժամանակ, ինչքան հիշում եմ, Թիֆլիսում, բացի հայոց դերասանական խումբը, ուրիշ խումբ չկար: Հայոց խումբն էլ մեծ մասամբ կազմված էր սիրողներից՝ հանգուցյալ Գեւորգ Չմշկյանի գլխավորությամբ: Ես էլ էի սիրողների մեջ: Ռուս անտրեպրենյորը մեզ հրավիրեց Ռոսսուն դիմավորելու: Եվ ահա մենք, իբրեւ դերասանական խումբ, գնացինք կայարան: Ռոսսին մեզ հրավիրեց իր բոլոր ներկայացումներին: «Համլետի» ներկայացման գիշերն էր: Ամբողջ հասարակությունը անհամբեր սպասում էր վարագույրի բացվելուն, որ Ռոսսիի Համլետը համեմատի Ադամյանի Համլետի հետ: Դուրս եկավ Ռոսսին, հսկա դերասանը-Դանիայի դժբախտ ու փիլիսոփա արքայազնը: Հասարակությունը հափշտակված, շունչն իրեն պահած հետեւում էր մեծ ողբերգուին: Գործողությունը վերջացավ: Վարագույրն իջավ: Թատրոնը դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարությունից: Ռոսսին ստիպված մի քանի անգամ բեմ դուրս եկավ՝ մինչեւ որ հասարակությունը հանգստացավ: Եվ հասարակությունը հանգստացավ թե չէ, նույնիսկ Ռոսսու թարմ խաղի ահագին տպավորության տակ, գրեթե միաձայն արձակեց իր վճիռը.
-Սքանչելի է, բայց Ադամյանին չի հասնիլ…
Ես իմ կյանքում, թերեւս, երբեք ինձ էդքան հպարտ չեմ զգացել իբրեւ հայ, ինչպես էն գիշեր: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարող ասել՝ հպարտությո՞ւնս ավելի մեծ եղավ, թե՞ վիշտս…
Նա մեզանում չգնահատվեց եւ անպաշտպան, անժամանակ գերեզման իջավ…»:
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հայ թատերական բեմը մեծերի պակաս երբեւէ չի ունեցել: Անշուշտ, այդ մեծերից մեկի՝ հանճարեղ Պետրոս Ադամյանի մասին է Ամենայն հայոց բանաստեղծի հպարտության ու ցավագին խոսքը՝ գրառված 20-րդ դարասկզբին, դերասանի մահվանից շուրջ երկու տասնամյակ անց:
Պետրոս Ադամյանը ծնվել է 1849 թ., Պոլսում, ուսանել է Ղալաթիայի Սուրբ Փրկիչ եկեղեցու կաթոլիկական դպրոցում, մասնավոր նախաձեռնությամբ սովորել լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն: Դեռեւս 16 տարեկան՝ երկբառանոց մի դերով հանդես է եկել «Արեւելյան թատրոնում»՝ Է. Վիկտորի «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ եւ…արժանացել խրախուսանքի: Այդ խրախուսանքը, ըստ երեւույթին, երաշխիք էր, որ 1867 թվականից ընդգրկվեր նշյալ թատրոնի կազմում որպես դերասան, այնուհետեւ՝ գործակցեր ռեժիսոր եւ դերասան Թոմաս Ֆասուլաճյանի եւ Պետրոս Մաղաքյանի դերասանական խմբերի հետ, պատմական ողբերգություններում մարմնավորեր գլխավոր հերոսների, իսկ մելոդրամաներում՝ առաջին սիրահարի դերերը:
1877-78 թվակաների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ դերասանը հանդես է գալիս որպես ասմունքող, հրապարակավ հնչեցնում Նալբանդյանի, Պատկանյանի ազատաշունչ բանաստեղծությունները:
1879 թվական. հրավեր Թիֆլիսից՝ մասնակցելու նորակազմ հայկական թատերախմբի ներկայացումներին: Մեկ տարի անց՝ հյուրախաղեր Ախալցխայում, Ախալքալակում, Ալեքսանդրապոլում: Իսկ 1880-81 թթ. թատերաշրջանը շրջադարձային էր լինելու դերասանի կյանքում: Թատրոնի, հատկապես խաղացանկի եւ թատերարվեստի հարցերի շուրջ ծավալված բանավեճերը նրան կողմնորոշում են դեպի ռեալիզմ: 1880 թվականի նոյեմբերի 20-ին հայ թատրոնում առաջին անգամ Պետրոս Ադամյանն է կերտում շեքսպիրյան Համլետի շքեղ կերպարը՝ իր էտալոնային դերակատարումով…
1882 թվականին Ադամյանը հրավիրվում է ժամանակի հայ մշակութային կենտրոններից մեկը՝ Շուշի, այստեղ ներկայացնում «Համլետը», ապա անցնում Նոր Նախիջեւան, Դոնի Ռոստով: 1883-85 թթ. թատերախաղերով լինում է Մոսկվայում, Պետերբուրգում, Աստրախանում, Խարկովում, Կիեւում, Բաքվում, այլուր: Այս թատերապտույտը շռնդալից հաջողություն եւ մեծ ողբերգակի համբավ է բերում դերասանին: Նա դերերը կերտում էր հիմնականում հայերեն, իսկ երբեմն նաեւ՝ ֆրանսերեն: Մոսկվայի, Պետերբուրգի մամուլը նրան համեմատում է Սալվինիի, Ռոսսիի հետ՝ հավաստելով, որ «Ադամյանը, իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները քիչ են նույնիսկ Եվրոպայում…»:
1886 թ. վերադառնում է Թիֆլիս, այստեղից հյուրախաղերի մեկնում Քութայիսի, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ: 1887-88 թթ. իր երկրորդ հրավառությունն է տալիս Ռուսաստանում: Արվեստի գագաթներին հասած արտիստն առավել գնահատության է արժանանում Օդեսայում, որտեղ ընտրվում է այս քաղաքի գիտնականների ու գրողների, ինչպես եւ Գեղարվեստի ռուսական ընկերության պատվավոր անդամ:
1888 թ. օգոստոս. վերադարձ ծննդավայր՝ Պոլիս: Ու թեեւ հայակեր սուլթան Համիդի հրամանով արգելված էին հայերենով ներկայացումները, սակայն բացառության կարգով թույլատրվում է ներկայացնել Օթելլո, Կորադո, Ուրիել, Քին: Նույն տարվա դեկտեմբերի 30-ին Պոլսում նշվում է հանճարեղ դերասանի բեմական գործունեության 25-ամյակը, մի ժամանակահատված, որի ընթացքում Ադամյանը կերտել էր շուրջ 300 դեր: Իսկ ինչո՞վ էր պայմանավորված նրա բեմական կախարդանքը. արվեստի ինքնատիպ լեզու, դերասանական հղկված տեխնիկա՝ բացառիկ տվյալներով եւ դրանց հմուտ կիրառմամբ, թավշյա, լեցուն ձայն, հարուստ դիմախաղ, արտահայտիչ աչքեր, մարմնի պլաստիկ տիրապետում, խոսուն կեցվածք ու շարժուձեւ: Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ. դեկտեմբերի 10-ին, Պոլսում:
Իր արվեստի բոլորանվեր դերասանը նաեւ գրչի ու վրձնի մարդ էր. գրել է կենցաղային, բարոյական, կրոնական, իմաստասիրական բնույթի քնարական եւ երգիծական բանաստեղծություններ: 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսել նրա «Շեքսպիր եւ յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները» գիրքը: Զբաղվել է նաեւ գեղանկարչությամբ եւ գրաֆիկայով: Հիրավի, շռայլորեն օժտված տաղանդ, որին բազմաթիվ հանճարեղների նման վերապահված էր վաղաժամ ու անիծյալ վախճան. նյութական ծանր կացության մատնված, կոկորդախտով, հոդացավով, թոքախտով հիվանդ դերասանը վախճանվում է 1891 թվականի հունիսյան այս օրը՝ ապրելով ընդամենը 42 տարի: Այդ մեծ կորստի առիթով Թումանյան հանճարը սգերգել է.
Ոգեւորողն ընկավ արդեն,
Եվ լռեցին նորա հետ
Սիրո տանջանք, զայրույթ ու քեն-
Լիր, Օթելլո եւ Համլետ…
Լռեց, բայց նրա հավերժաշունչ արվեստը լռելյայն խոսելու է դարերի հետ: