ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանումը ժամանակավորապես՝ 6 ամսով կարգելվի։ Խոսքը խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների չմշակված մորթիների մասին է՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված։ Չեն արտահանվի նաեւ ոչխարների չմշակված մորթիներ կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված։ Ինչպեսեւ՝ այլ չմշակված մորթիներ՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված: Այս արգելքը, սակայն, չի տարածվում՝ «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող՝ նշված դասին պատկանող ապրանքների վրա: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
«ՀՀ»-ն առիթով անդրադառնալով կաշեգործության ոլորտին, բնագավառի մասնակիցներից տեղեկացել էր մի կարեւոր խնդրի մասին, որն էլ խոչընդոտում էր ոլորտի զարգացումը։ Այն է՝ մենք առաջնային հումքն արտահանում ենք, որ հետո կաշի ներմուծենք։ Եվ շեշտել էինք շատ կարեւոր մի հանգամանք. այս ոլորտը չի զարգանա, եթե այն առանձին դիտարկենք, ոչ թե ամբողջական՝ օրինակ անասնաբուժության-ճիշտ մորթի շղթայում։ Որովհետեւ որեւէ ոլորտ զարգացնելու համար դրա եւ հարակից ճյուղերի ամբողջական վերլուծություն, գնահատական ու քայլեր են պետք, ոչ թե տեղային՝ այդրոպեական լուծումներ: Ի դեպ, տարիներ առաջ մեր որոշ առաջարկներ էկոնոմիկայի նախարարությունը հաշվի էր առել՝ համապատասխան փաստաթղթում դրանք ներառելով…
Ինչեւէ, հիմա այս արգելքի որոշումն ընդունելով, ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, տեղական արտադրությունը կպաշտպանվի եւ հումքային բազայով կապահովվի, Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը կխթանվի։
Պաշտոնական որոշ տվյալներ մեջբերենք։ Ըստ ՀՀ ՊԵԿ-ի, 2020 թ. հանրապետությունից արտահանվել են մոտ 50.9 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ (4101)` մոտ 259.6 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019 թ. նկատմամբ արձանագրելով 50.5 տոկոսի անկում: Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան, Իրանը։ 2020 թ. արտահանվել է մոտ 0.8 հազ. հատ ոչխարի անմշակ մորթի եւ գառան մորթիկ (4102)` մոտ 3.3 հազ. դոլար մաքսային արժեքով` 2019 թ. նկատմամբ արձանագրելով 70.0 տոկոսի աճ: Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանն ու Իտալիան: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2020 թ. հանրապետությունում կաշվի արտադրություն (կաշվի դաբաղում եւ վերջնամշակում. բնական եւ բաղադրանյութային կաշվի արտադրություն) իրականացվել է 39 ընկերության կողմից: 2020 թ. արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.7 անգամ աճ 2019 թ. նկատմամբ, իրացումը կազմել է 201.1 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 13.8 անգամ աճ 2019 թ. նկատմամբ:
Ա. Ավանեսյանը նշում է, որ ներկայում ՀՀ-ում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ եւ հումքային բազայի հնարավորությունները դեռ ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում: Եվ հիմա «սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման եւ արտադրողներին համապատասխան որակով ու ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի եւ կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով եւ համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով» (մեջբերումը բառացի է,- Ա.Մ.):
Իբրեւ վերջաբան՝ կարեւոր մի դիտարկում անենք վերոնշյալ խնդրի շղթայական լուծման անհրաժեշտության հետ կապված: Խորհրդային տարիների վերամշակող ոլորտի արտադրական միավորումների պատմությունն ուսումնասիրելիս կարող ենք «հայտնաբերել», թե ինչպես է ՀՍՍՀ-ում կայացել կոշիկի արդյունաբերության ոլորտը: Եվ, ի դեպ, սա դիտարկվում է կաշեգործության հետ միասին: Այս տարիների ամենատարբեր փաստաթղթերում մանրամասն զեկուցվում են, թե ինչպես է պետք կայացնել կաշեգործություն-կոշկագործության բնագավառը, թե ինչպես 1962 թ. ՀՍՍՀ կոշիկի արդյունաբերության մանր ձեռնարկությունների արտադրանքը, որ չէր անցնում 500 հազ. զույգից, ոլորտում միավորումների ու փոփոխությունների հետեւանքով 1969 թ. արդեն հասավ 9.3 մլն զույգի: 1963 թ. ստեղծվեց Հայաստանի Ժողտնտխորհի ենթակայության տակ գործող 12 կոշիկի ֆաբրիկաների հայկական «Մասիս» միավորումը։ Չնայած այդ ձեռնարկությունները մեծ մասամբ միասնական գերատեսչական ենթակայության տակ էին, այդուամենայնիվ, դրանք հստակ ենթարկված չէին առարկայական եւ առավել եւս մասնիկային ու տեխնոլոգիական մասնագիտացման։ Անհրաժեշտ է, որ համակենտրոնացվի հիմնական արտադրությունը, ստեղծվի հումքի, օժանդակ նյութերի միասնական բազա, վերամշակող արտադրամասերի միջեւ կատարվի աշխատանքի բաժանում, տեխնոլոգիայի պրոցեսների ստանդարտացում եւ ընդլայնվեն արտադրական կապերը միավորման տարբեր օղակների միջեւ։ Միավորումից հետո արդեն 2 տարի անց, 1965 թ. 12 ֆաբրիկան թողարկեցին հանրապետության կոշիկի արտադրության շուրջ 93 տոկոսը: Արդի տնտեսագիտական տերմինաբանությամբ ասած՝ «Մասիսի» կոշիկները ժամանակի բրենդը դարձան: Իսկ դրա համար ուշադրություն էր դարձվում նաեւ որակյալ տեղական հումք ունենալու կարեւորությանը: Ինչի համար պետք էր, որ խոշոր եղջերավոր անասունները մաշկային հիվանդություններ չունենան, որ մորթից հետո դրանց կաշին շուտ չվնասվի կամ քերծվածքներ չունենա եւ այլն:
Այս փաստը հակիրճ մեջբերեցինք՝ ցույց տալու ոլորտային խնդրի համալիր լուծման օրինակ՝ անասնաբուժությունից սկսած կաշվե-կոշկագործությամբ վերջացրած: Փաստ է՝ միայն այս դեպքում է արդյունքը երաշխավորված: