«Թատրոնով ես հափշտակվել էի դեռեւս վեց-յոթ տարեկան հասակում, երբ ինձ թատրոն տարան: Ներկայացվում էր «Օթելլոն»: Մեկ տարի հետո տեսա «Հին աստվածները»: Իմ հափշտակությունն այնքան մեծ էր, որ բոլորից գաղտնի մեր տան ներքնահարկում, մթության մեջ արտասանում եւ ներկայացնում էի Աբեղային, Ճգնավորին: Շուտով հայտնի դարձավ իմ դերասանական «ձիրքը»: Մայրս հպարտությամբ ինձ ներկայացնում էր հարեւաններին՝ ստիպելով «խաղալ» «Հին աստվածները…»:
Վարդան ԱՃԵՄՅԱՆ
Առ այսօր անգերազանցելի է Վարդան Աճեմյան բեմադրիչի ներդրումը հայ թատրոնում: Այսպես խոստովանում են աճեմյանական արվեստի քուրայով անցած մեր ժողովրդական դերասաններից շատերը, թատերական գործի մշակները, քննադատներն ու այդ արվեստով ապրող մարդիկ: Եվ ի՜նչ բարեբախտություն էր, որ բախտը ժպտաց նրան մեր մեծ զուլումի տարիներին…
Հայոց հնօրյա մայրաքաղաք Վանի զովաշունչ Այգեստան թաղամասում 1905 թ. այս օրն է ծնվել մեծ արվեստագետը: Հայրը ուսուցչապետ Մկրտիչն էր, մայրը՝ ուսման հանդեպ ակնածանք ունեցող Կալիպսեն: Մայրն է, որ փոքրիկ Վարդանին սովորեցնում է հայոց այբուբենը՝ այն էլ թռչնագիր տարբերակով: Իսկ ինքը՝ ապագա բեմադրիչը, ի սկզբանե, թվում է՝ նկարիչ էր դառնալու. թուղթն ու մատիտը երջանկացնում էին նրան, երբ պատկերում էր Վարագա լեռը, Աղթամարի վանքը, հասակակիցներին, շրջապատի մարդկանց: Բայց կարճ էր տեւելու նրա անհոգ մանկությունը. 10 տարեկան էր, երբ իրենց դրախտային Այգեստանի վրա սկսում են մահաբեր գնդակներ տեղալ. սկսվել էր մեծ կոտորածը: Այդ օրերի սեւ դժոխքը անջինջ էր մնալու արվեստագետի ողջ կյանքում: «Հիշողությանս մեջ արնավառ դրոշմվել է Վանի պաշտպանությունը, ապրիլյան հերոսամարտը,- գրել է հետագայում,-տասնամյա մանկանս գիտակցությանը չէին կարող հասնել մեծ եղեռնի ճակատագրական հետեւանքները: Բայց հիշողությանս մեջ մնացել են ահավոր պատկերներ, որ այնքան ճշմարտացի վերարտադրել է իր հայտնի գրքում Գուրգեն Մահարի Աճեմյանը: Իմ մտքից երբեք չի ջնջվի պատկերն այն շեկ ռուս սալդատի, որ փրկեց ինձ մահախուճապ ճանապարհին եւ հասցրեց Մասիս լեռան այս կողմը…»:
Գաղթի ճանապարհին ծնողներին կորցրած երեխան հայտնվում է Գյումրիի որբանոցում, որը գրականության պատմության մեջ է մտել մեր մի շարք մտավորականների համար որպես «ալմա մատեր»: Որբանոցում հաճախ էին տրվում թատերական փոքրիկ ներկայացումներ: Թատրոնի խմբակի դերասաններ էին Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանը, իսկ ինքը հանդես էր գալիս որպես հուշարար, այն էլ ինչպիսի հուշարար՝ հաճախ բեմ էր դուրս գալիս եւ բարձրաձայն ցուցումներ տալիս խաղացողներին: Դահլիճի համար ամենազվարճալին հենց այդ պահերն էին: Ժամանակն ընթանում էր, եւ կամաց-կամաց Վարդան Աճեմյան հուշարար-դերասանը գլուխ է կանգնում որբանոցային թատերական գործի: Առաջին ներկայացումը «Պաղտասար աղբարն» էր, որում գլխավոր դերակատարը ինքն էր: Իր այդ գործունեության նախաշրջանի մասին է, ըստ իս, բեմադրիչի սույն խոսքը. «Ես երազում էի դերասան դառնալ: Եվ կդառնայի, եթե համապատասխան արտաքին ունենայի: Նպատակս ողբերգուն էր, մինչդեռ ինձ շարունակ կոմիկական դերեր էին տալիս: Ես երեւակայությամբ խաղում էի ամբողջ ողբերգական խաղացանկը, իսկ բեմի վրա ներկայացնում էի կոմիկական պերսոնաժներ…»:
1924 թվական. մանուկ հասակից թուղթ ու մատիտի սիրահար երիտասարդ Աճեմյանը ավարտում է մայրաքաղաքի նկարչական տեխնիկումը: Նույն տարում Երեւան է ժամանում Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիան՝ մեծահամբավ Ռուբեն Սիմոնովի գլխավորությամբ: Հյուրախաղերի ավարտից հետո հայտարարվում է ստուդիայի ընդունելություն: Պատեհ ու վճռորոշ առիթ Աճեմյանի կյանքում: Ճակատագիրը բախել էր դուռը, եւ նա մեկնում է Մոսկվա: Ահա նրա խոստովանանքը այդ առնչությամբ. «Ես իմ մասնագիտական կրթությամբ պարտական եմ Ռուսաստանին: Մինչեւ Մոսկվա մեկնելս ունեցել եմ երեւելի ուսուցիչներ, բայց իմ մասնագիտական կրթությունն ստացել եմ Մոսկվայում, որին իմ ուսանողական տարիներին «թատերական Մեքքա» էին անվանում: Եվ եթե ես ինձ բախտավոր եմ համարում, որ տեսել եմ այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպիսիք են Աղասի Խանջյանը, Շիրվանզադեն, Չարենցը, Վահան Թոթովենցը, Ակսել Բակունցը եւ ուրիշներ, ապա նույնքան բախտավոր եմ համարում, որ տեսել եմ Միխայիլ Չեխովի խաղը, Վախթանգովի, Ստանիսլավսկու, Մեյերխոլդի կախարդական ներկայացումները եւ նրանց շնորհիվ մեկընդմիշտ որոշել իմ կյանքի ուղին…»:
Մոսկովյան ուսումնառության ժամանակ Վ. Աճեմյանը դասեր է առել նաեւ Նեմիրովիչ-Դանչենկոյի, Եվգենի Վախթանգովի բեմադրություններից, ավարտել է պրոլետկուլտի ռեժիսորական դասընթացները: Պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1927 թ.՝ կազմակերպելով ու ղեկավարելով Թբիլիսիի Հայկական դրամատիկական ստուդիան: Այստեղ էլ ինքնուրույն առաջին բեմադրությունը՝ Դ. Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը»: Մեկ տարի անց նրա անմիջական աջակցությամբ կյանքի է կոչվում հանրապետության երկրորդ՝ Գյումրիի պետթատրոնը, որտեղ մինչեւ 1933 թ. հանդես է գալիս նաեւ որպես դերասան: Այնուհետեւ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: 1938-ից իբրեւ ռեժիսոր աշխատանքի է անցնում Երեւանի մայր՝ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: 1953-ից թատրոնի գլխավոր ռեժիսորն էր: Հենց այստեղ է, որ շողարձակում է բեմադրիչ Վարդան Աճեմյանի տաղանդը՝ հարստացնելով իր արվեստը նոր գույներով, նոր ասելիքով, նոր ներկայացումներով: Այստեղ բեմադրած նրա շատ գործեր էտապային նշանակություն են ունեցել սովետահայ թատրոնի պատմության մեջ. Ալ. Շիրվանզադե՝ «Պատվի համար», «Նամուս», «Քաոս», Գ. Սունդուկյան՝ «Էլի մեկ զոհ», Դ. Դեմիրճյան՝ «Երկիր հայրենի», Վ. Փափազյան՝ «Ժայռը», Հ. Պարոնյան՝ «Պաղտասար աղբար», Վ. Սարոյան՝ «Իմ սիրտը լեռներում է», Շեքսպիր՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», Ն. Զարյան՝ «Արտավազդ եւ Կլեոպատրա» եւ էլի հայ ու օտարազգի դասականների մեծաթիվ գործեր: Բազմաթիվ ստեղծագործություններ է բեմադրել նաեւ երաժշտական թատրոններում, օպերաներ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում:
Անուրանալի է Վարդան Աճեմյանի վաստակը որպես ուսուցիչ. դասավանդել է մայրաքաղաքի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Նրա սաներից շատերն են փայլեցրել մեր բեմերն ու հայկական կինոն: Շատերն են ասպարեզ եկել հենց նրա շնորհիվ: Իսկ ո՞րն է Մեծի պատգամը իրենից հետո եկողներին. «Մշտապես եղեք որոնումների մեջ, համարձակ եղեք ձեւի որոնումներում, ձեռք բերեք նորը, ժամանակակիցը, բայց երբեք մի գոհացեք ձեռք բերածով: Իմացեք, որ ինքնագոհությունն արվեստագետի մահացման առաջին փուլն է…»:
Պատգամ, որ արդիական է հնչելու բոլոր ժամանակներում: