Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերոսական Աղավնոյում «Վերջին դաս» էր

Հունիսի 8, 2021
Սոցիում
Հերոսական Աղավնոյում «Վերջին դաս» էր
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
680
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի դարպասն է Աղավնո գյուղը, եւ բոլորիս պարտքն է տեր կանգնել այդ հերոս բնակավայրին։ Արցախյան վերջին պատերազմը մեր պատմության ամենացավոտ եւ մռայլ էջերից է։ Մենք հանգիստ թուրքին թողեցինք Քաշաթաղն ու Քարվաճառը, որոնց համար հերոսաբար կռվեցին մեր տղերքը, եւ թուրքն ի զորու չեղավ մտնել այդ տարածքները, բայց… Քաշաթաղից մնաց միջանցքը։

Աղավնո-Ներքին Սուս-Բերձոր բանակավայրերով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, եւ շատ է կարեւորվում այս բնակավայրերում հայի շունչը։ Իսկ Աղավնոն շնչում է հայեցի, եւ այստեղ գործում է Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցը՝ 32 աշակերտով։ Կարծում եմ՝ պատահական չէր, որ տարիներ առաջ հենց մեծն Նժդեհի անունով կոչեցինք այս կրթօջախը, եւ ցեղի շունչը մնացել է գյուղով մեկ։ Ու այստեղ՝ Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում, հունիսի 5-ին կայացավ 12-րդ դասարանի աշակերտների վերջին դասը, որն անցկացրեց դասղեկ Տաթեւ Առաքելյանը։ 2 աղջիկ են շրջանավարտները՝ Նարե Արթուրի Ռասոյանը եւ Ալիսա Վալերիկի Դանիելյանը։ Սակայն կարեւորն այն է, որ Աղավնոյի դպրոցում էր վերջին դասի հանդեսը, որին մասնակից եղան ԱՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, տեղակալ Վիտալի Շալունցը, Աղավնոյի գյուղական համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը, հյուրեր Գորիսից՝ բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցը, Աղավնոյի բնակիչներ, ծնողներ, ուսուցիչներ։

Պատմական Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի այս բնակավայրը մինչեւ 1918-ը Զանգեզուրի տարածաշրջանում էր։ Այս գյուղն էր Արցախը կապում Սյունիքին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես ամբողջ Արցախը, այնպես էլ Սյունիքի մի քանի գավառների տարածքների կեսը բռնակցվեցին Խորհրդային Ադրբեջանին՝ հաշվի չառնելով հայ բնակչության ոչ մի իրավունք ու բողոք։ 1992 թ. մայիսի 18-ին Լաչին-Բերձորի հետ ազատագրվեց նաեւ Զաբուղ-Աղավնոն, որտեղով եւ բացվեց Արցախը Մայր հայրենիքին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Նույն թվականի ամռանը Աղավնո եկան ու բնակություն հաստատեցին հայկական մի քանի ընտանիքներ Մարաղայից, Չայլուից, Գետաշենից։ 1994 թ. սկսվեց բնակավայրի հիմնական վերաբնակեցումը, եւ սեպտեմբերին բացվեց հանրակրթական դպրոցը, որը շրջանում այդ ժամանակ բացված  4 կրթօջախից մեկն էր։ Արդեն 27 տարի է՝ այս դպրոցում են կրթություն ստանում Աղավնոյի դպրոցականները, եւ բոլոր շրջանավարտներն են իրենց գործով օժանդակել մեր երկրի կայացմանը։ Արցախյան վերջին պատերազմին նույնպես մասնակից եղան Աղավնոյի տղամարդիկ։ Գյուղն ունեցավ նաեւ նահատակներ։ Հերոսաբար զոհվեց ժամկետային զինծառայող Սասուն Լավրենտի Առաքելյանը, ով նույն դպրոցի շրջանավարտ էր, հուղարկավորված է Եռաբլուրում։ Որոշ ժամանակ անհայտ էին պահեստազորայիններ Արմեն Արամի Իսախանյանի եւ Համլետ Ռաֆիկի Առաքելյանի ճակատագրերը։ Ցավոք, նրանք նույնպես նահատակվել էին։

Այսօր դպրոցի միջանցքում 3 քաջորդու լուսանկարներն են, որոնց մոտ եւ կայացավ մոմավառություն ու ծաղիկների խոնարհում։ Առաջին ծաղիկները խոնարհեցին 12-րդ դասարանի դասղեկ Տաթեւ Առաքելյանը եւ շրջանավարտներ Նարե Ռասոյանն ու Ալիսա Դանիելյանը։ Ներկաները նաեւ 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակ քաջորդիների հիշատակը։ Այսպես սկսվեց վերջին դասի արարողությունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում։ Այս ուստարվա ընթացքում դպրոցի շենքի մի հատված նաեւ վերանորոգվել է, դարձել գեղեցիկ ու լուսավոր։ Վերանորոգված մեծ դասասենյակում էլ կայացավ «Վերջին դասը»։ Գրատախտակին շրջանավարտների անուններն են, դիմացի նստարանին նրանք են։ Դասղեկը ողջունեց ներկաներին, շնորհավորեց շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ՝ ասելով. «Արդեն ավարտում եք դպրոցը եւ մտնում հասուն կյանք, որտեղ դուք եք որոշելու ձեր ապագան։ Շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի առթիվ, մաղթում եմ խաղաղ երկինք, կանաչ ճանապարհ, հաջողություններ, թող իրականանան ձեր բոլոր նպատակներն ու երազանքները։ Անսահման կարոտով կհիշեմ դպրոցում անցկացրած մեր օրերը, դուք իմ առաջին շրջանավարտներն եք, ցավում եմ, որ այսպիսի պայմաններում եք ավարտում դպրոցը, եւ վստահ եմ՝ կհաղթահարենք բոլոր դժվարությունները։ Ձեզ բարի երթ դեպի նոր, հասուն կյանք, սիրում եմ ձեզ անչափ»։

Տ. Առաքելյանը ցավ հայտնեց, որ նման պայմաններում է կայանում վերջին դասը, որ չկան ավանդական երգն ու հումորով լեցում հանդեսը։ Նշեց՝ տեղի ունեցավ դաժան պատերազմ, որն ամբողջությամբ փոխեց մեր կյանքը։ Մաղթեց՝ այսուհետ խաղաղություն տիրի մեր աշխարհին, եւ խաղաղ երկնքի տակ հասակ առնեն մեր երեխաները։ Շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակից եղան պատերազմին, Փառք տվեց նահատակ տղաներին։ Ողջունեց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանին, ում ջանքերի, նվիրվածության շնորհիվ մնացել է Աղավնոն, որտեղ գործում է դպրոցը։ Տեղեկացրեց նաեւ՝ Նարեին ճանաչում է վաղուց եւ ինքը եղել է նրա դասղեկը մի քանի տարի շարունակ։ Իսկ Տաթեւը նոր է եկել Աղավնո։ Հադրութի շրջանի Տումի գյուղից է։ Տեղահանվել են պատերազմի պատճառով եւ ընտանիքով բնակություն հաստատել Աղավնոյում։ Իրենց դասղեկին եւ բոլոր ուսուցիչներին ողջունեցին շրջանավարտները, հայտնեցին երախտագիտություն, որ 12 տարիների ընթացքում նրանք սիրով ու նվիրումով են կրթել իրենց, դարձրել բանիմաց, գրագետ եւ ամենակարեւորը՝ հայրենասեր։ Վարսահարդարի մասնագիտություն է սովորելու Նարեն, իսկ Ալիսան որոշել է ծրագրավորող դառնալ։

Շրջանավարտներին ողջունեցին ու բարի երթ մաղթեցին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, տողերիս հեղինակը, ԱՀ ԱԺ պատգամավոր Կ. Հովհաննիսյանը, Աղավնոյի համայնքապետը, դպրոցի տնօրենը, Մհեր Քումունցը, ծնողները, ուսուցիչներ։ Բոլորի ցանկությունը մեկն է՝ բարի երթ եւ հաջողություններ շրջանավարտներին հետագա կյանքում։ Վ. Մովսեսյանն իր խոսքում ասաց. «Այսօր Քաշաթաղի շրջանի 53 հանրակրթական դպրոցներում պետք է հնչեր վերջին զանգը։ 95 շրջանավարտ տարիներով սրտի խորքում փայփայած իրենց երախտիքի խոսքը պետք է հղեին սիրելի եւ հարազատ ուսուցիչներին, ովքեր անմնացորդ նվիրումով մեծ ներդրում են ունեցել յուրաքանչյուր շրջանավարտի կյանքում։ Ցավոք, դաժան պատերազմը ոչ միայն խլեց մեր հերոսների կյանքը, այլեւ զրկեց մեր 93 շրջանավարտին կյանքի կարեւորագույն փուլի ավարտը եւ նոր կյանքի սկիզբը նշել հարազատ կրթօջախներում։ Միայն Աղավնոյի միջնակարգ դպրոցում այսօր հնչեց վերջին զանգը եւ անցկացվեց վերջին դասը։ ՀՀ եւ ԱՀ դպրոցներում ճակատագրի բերումով հանգրվանած եւ հատկապես Աղավնոյի միջնակարգ դպրոցի իմ շատ սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու եւ այս պատասխանատու ու դժվարին ժամանակահատվածում կյանք մտնելու կապակցությամբ։ Կրթությունը յուրաքանչյուր երկրի զարկերակն է։ Ձեզնից յուրաքանչյուրից է կախված մեր հայրենիքի ապագան։ Եղեք արժանապատիվ եւ նպատակասլաց՝ պատրաստ հաղթահարելու ցանկացած դժվարություն։ Ես հպարտանում եմ, որ Քաշաթաղում ձեզ նման ազգային բարձր գիտակցությամբ սերունդ է դաստիարակվել եւ հավատում, որ դուք եք կառուցելու հզոր ու անպարտ հայրենիք»։ Վ. Մովսիսյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Աղավնոյի եւ Քաշաթաղի շրջանի մյուս դպրոցների ուսուցիչներին, ովքեր մեծ նվիրումով են աշխատել։

Բ. գ. թ. Մհեր Քումունցը հուզված էր եւ դիմելով ներկաներին, շրջանավարտներին՝ ասաց. «Այսօր Աղավնո՝ հայրենի Արցախին կապող վերջին հույս-կամուրջ բնակավայրում եմ, որն օր օրի բազմամարդ է դառնում… Այս պահին նա ունի 142 բնակիչ: Համայնքապետ, հինգ զավակների հայր Անդրանիկ Չաուշյանի ջանքերով գյուղը չի լքվել, ավելին, տներ են կառուցում ու վերակառուցում, դպրոցն ավարտող սաներին մաղթում Հայրենիք, Հայրենիք, Հայրենիք… «Վերջին զանգի» արարողությանը մասնակցող բնակիչները, հյուրերը մի իղձ ունեն. Աղավնոն մնա…»։ Դպրոցի տնօրենն իր սաներին բարին մաղթեց, նրանց ծնողներին հայտնեց շնորհակալություն։ Իսկ դպրոցի գործունեությունը կապեց համայնքապետի նվիրումի հետ եւ հայտնեց շնորհակալություն Անդրանիկ Չավուշյանին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց, նորոգել դպրոցի շենքը։ Հավատով լի է Աղավնոյի համայնքապետը՝ յուրաքանչյուր տարի կգործի Գարեգին Նժդեհի անվան դպրոցը, եւ յուրաքանչյուր տարի կկայանա Առաջին զանգ ու Վերջին դաս։

Վերջին դասի արարողությունից հետո զրուցեցի դպրոցի տնօրենի հետ։ Ասաց՝ 9 համակարգ-դասարաններում 2020-2021 ուստարում սովորել են 32 աշակերտ, որից 6-ը եկել են Բերձոր քաղաքից։ Տեղափոխությունը կատարվել է Աղավնոյի համայնքապետարանի միկրոավտոբուսով։ Առաջին դասարանում սովորել են 3 աշակերտ։ Աշխատել են 16 ուսուցիչ, 7 տեխնիկական աշխատող։ Ուսուցչի պահանջ առայժմ չունեն, իսկ նոր ուստարում ինչ պայմաններ կլինեն, դեռ պարզ չէ։ Գյուղում մոտ 20 նախադպրոցական երեխա է բնակվում։ 12-րդ դասարանի դասղեկ Տ. Առաքելյանն այս գյուղում ծնված առաջին երեխան է։ Ծնվել է 1994 թ. մարտի 19-ին։ 2012 թ. ավարտել է դպրոցը եւ ընդունվել Արցախի պետական համալսարանի պատմության եւ իրավունքի բաժին, ավարտել 2016-ին։ Նույն տարի էլ աշխատանքի է ընդունվել հարազատ դպրոցում, դասավանդում է պատմություն, հասարակագիտություն։ Ամուսնացել է, այս տարվա հունվարին ծնվել է որդին՝ Մարկը։ Կարոտով է Ալիսան հիշում իր բնակավայր Տումին, հարազատ դպրոցը։ Այնտեղ 5 հոգի էին 12-րդ դասարանում։ Դասընկերներն այժմ Երեւանում են բնակվում։ Գոհ է նոր պայմաններից, բայց կա երազանք՝ վերադառնալ ծննդավայր։ Վերջին դասի ավարտից հետո շրջանավարտներն ու իրենց դասղեկը երազանք պահեցին եւ իրենց անուններով փուչիկներ բաց թողեցին երկինք՝ հավատով, որ կգա իղձերի կատարման պահը։ 

Թեգեր: ԱղավնոԱրցախդասարանդպրոցԶանգեզուրկրթությունՎերջին դաս
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Թող Աստված խաղաղության մեջ պահի Արցախի մեր զավակներին»

«Թող Աստված խաղաղության մեջ պահի Արցախի մեր զավակներին»

«Արմենպրեսը» եւ Տնտեսագիտական համալսարանը գործընկերներ են

«Արմենպրեսը» եւ Տնտեսագիտական համալսարանը գործընկերներ են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist