Մեր օրերի գրականության լավագույն գիտակներից ու մեկնաբաններից է Ալբերտ Մակարյանը, որը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ Հ. Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոնի վարիչ։ Նա հատկապես հայ դպրոցի ուսուցիչներին, բանասիրական ֆակուլտետների բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողությանը եւ այն գրականագետներին, որոնք սովորություն ունեն հետաքրքրվել իրենց բնագավառի նորություններով, նվիրել է հոդվածների հետաքրքիր ժողովածու, որը կոչվում է «Գրականագիտության տիրույթներում»։
Քանի որ հայ դպրոցը բոլոր գիտնական-մանկավարժ նվիրյալների համար միշտ ուշադրության ոլորտում է, ապա ինձ հատկապես հետաքրքրեցին մանկավարժական արժեք ունեցող երկու հոդվածները՝ նվիրված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» մշտապես արդիական վեպին, նաեւ Դ. Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքին։ «Վերք Հայաստանի» վեպի դասավանդման մի քանի հարցեր» հոդվածը, իրոք, լրջագույն օգնություն է ուսուցչին։ Դասի առանցքը սերտորեն կապված է այս շրջադարձային գրական երկի վերնագրի հետ։ Ուսուցիչը, ըստ Մակարյանի, աշակերտին բացատրում է «Վերք Հայաստանի» վեպում արծարծված խնդիրների համազգային ու վերժամանակյա էությունը։ Վեպի ուսուցման դժվարությունները լուծվում են այն մեթոդական բանալիների շնորհիվ, որոնք ուսուցչին հանձնում է գրականագետը։ Ըստ որում, թե այս հոդվածում եւ թե «Ավելորդը» պատմվածքի ուսուցման խնդիրներում գրականագետ հմուտ մանկավարժը չի առաջարկում այսօր մոդայիկ դարձած նորարարական մեթոդներ, այլ առավել դասական ու հավերժորեն ճշգրիտ հմտություններ է ներկայացնում։
Մանկավարժական գյուտեր կան Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի ուսուցման երեք դասերի ընթացքում։ Այդ դասերի բովանդակությունից բխում է անսահման սեր նաեւ գրողի այլ ստեղծագործությունների՝ «Քաջ Նազար» կատակերգության, «Վարդանանք» հրաշք վեպի նկատմամբ։ Դասը լի է դիդակտիկ, ուսուցողական նյութերով, որոնց միջոցով (ֆիլմեր, տուն-թանգարան, կյանքի ուշագրավ դրվագների լուսանկարներ եւ այլն) դասերը կդառնան չափազանց գրավիչ ու անմոռանալի։ Աշակերտը հնարավորություն է ստանում առաջադրված հարցերի շնորհիվ իր գիտելիքները հարստացնել եվրոպական գրականության որոշ մեծերի մասին ձեռք բերված առաջնահերթ գիտելիքներով, նաեւ ջութակ նվագող Դեմիրճյանի օրինակով ծանոթանալ հռչակավոր կոմպոզիտորների որոշ երաժշտական գործերի հետ, ինչպիսիք են Բրամսը, Լալոն, Պագանինին եւ մեր անմահ Կոմիտասը։ Գրականագետը հուշում է նվիրյալ ուսուցչին իր խոսքում եւ դասի ողջ ընթացքով հասնելու մանկավարժական գյուտերի։
«Ղեւոնդ Ալիշան. մարդը եւ բանաստեղծը» ծավալուն հոդվածը տեսանելի ներկայացնում է, թե ինչ հիմունքով է Ալիշանը կենդանության օրոք արժանացել համաեվրոպական ճանաչման եւ Գրիգոր Նարեկացու նման դեռեւս կենդանության օրերին արդեն համայն հայության համար դարձել հավերժական արժեք։ Հատկապես հրաշալի է մեկնաբանված «Հայոց աշխարհիկ…» բանաստեղծությունը։ Գրականագետի հետ շեշտենք «Հայ հանճար» քերթվածի պատգամ տողերը.
Հայաստան անկեր,
Բայց ո՛չ է անցեր։
Պետրոս Դուրյանին է նվիրված «Նոճյաց տղայի առասպելը» հուզաթաթավ հոդվածը, որ խիստ պատշաճում է գրողի ծննդյան 160-ամյակին։ Բազմիցս վերլուծված «Տրտունջք» բանաստեղծության մեջ գրականագետը յուրովի ներկայացնում է բազում գաղտնիքներով լի միկրոկոսմի եւ մակրոկոսմի կապը։
Հակոբ Պարոնյանին նվիրված բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ է Ալբերտ Մակարյանը։ Այս ժողովածուում էլ զետեղված է նրա բաղդատական հոդվածը, որը խորագրված է «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջեր»-ը եւ ֆրանսիական «Պոլիշինել» երգիծաթերթը», որը ուշագրավ հարուստ դիտարկումներ ունի։ Հաջորդ հոդվածը նվիրված է «Պաղտասար աղբար» կատակերգության առաջին գրախոսությանը, որ տպագրվել է «Եսթեր» ծածկանվամբ։ Իրականում այդ Եսթերը Պարոնյանի քեռորդին էր՝ Մաքսուտ Սանտալճյանը։ Իր գրականագիտական մեկնություններով Մակարյանը հավաստում է, որ Պարոնյանը հանճարեղ երգիծաբան է, եւ հասկանալի է դառնում, թե ինչու գովեստների մեջ ոչ շռայլ Ֆրեդերիկ Ֆեյդին Պարոնյանին եւ Դանիել Վարուժանին համարում է համաշխարհային գրականության մեծեր։
Ժողովածուում տեղ են գտել Երվանդ Օտյանի «Մեր երեսփոխանները» երկի պատմական խնդիրներին, Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» գործին եւ գիրքը եզրափակող գրականագետ, սփյուռքի գրականության լավագույն գիտակ Սուրեն Դանիելյանի «Միջուկի տրոհումը» գրքին, որը սփյուռքահայ գրականության պատմության առաջին հատորն է, նվիրված հոդվածներ։
Արժե առանձնացնել երկու հոդվածներ, որոնք հեղինակը գրել է հատուկ գորովով։ Առաջինը կոչվում է «Թագուհի Շիշմանյան՝ արեւմտահայ գրականության կորուսյալ ասուպը» խորագրով՝ նվիրված պատմավիպասան Ծերենցի վաղամեռիկ դստերը, որն անվերապահորեն օժտված էր բանաստեղծելու ձիրքով ու եղել է հոր ստեղծագործական ներշնչման աղբյուրը։ Ահա թե ինչպես է նա քաջալերում հորը, որպեսզի վերջինս չընկճվի հակառակորդների հարձակումներից.
Գըրե՛, թեպետ քեզ քարկոծեն
Քո թշնամիք եւ… բարեկամք.
Անոնց համար պատրաստի չե՞ն
Քո ժպիտ եւ արհամարհանք…
Երախտագետ աշակերտի խոսք է «Հրանտ Թամրազյան» հոդվածը, որում հրաշալի ձեւով պատկերված են Ա. Մակարյանի գիտական ղեկավար, տաղանդաշատ գրականագետ Թամրազյան մարդը, գիտնականը, ուսուցիչը։ Խիստ պահանջկոտ գրականագետը, մեծն աշխատասերը ներկայացվում է նաեւ որպես մանկան հրճվանքով ապրող ռոմանտիկ անձնավորություն, երբ մշակում է իր ամառանոցի այգու ծաղիկներն ու խոսում նրանց հետ։ Հուշագրության մեջ նուրբ դիտողականությամբ պատկերված են նաեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսի կյանքի տարբեր դրվագներ՝ սկսած մանկությունից մինչեւ ԵՊՀ-ում բազմաթիվ սերունդներ կրթելու արդյունավետ բազում տարիները։
Թամրազյանը սերունդներին է թողել հարուստ գրականագիտական ժառանգություն՝ նվիրված հայ նոր ու նորագույն գրականության մեծերին ու արեւմտահայ դասականներին։ Արդեն հասուն տարիքում նա սկսեց հետազոտել հայ միջնադարի գրաքննադատական միտքը՝ խնդրին նվիրելով երեք ծանրակշիռ հատորներ, նաեւ հիացական մենագրություն նվիրելով Քուչակյան հայրեններին՝ դրանք դիտարկելով որպես Նահապետ Քուչակի անհատական գործեր։
Ալբերտ Մակարյանի «Գրականագիտության տիրույթներում» գիրքը տպագրական օրինակելի մակարդակով լույս է ընծայել «Արմավ» հրատարակչությունը։
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ