«Ցանկացած երկիր, որ ունենար էսպիսի քանդակագործ, կդներ նրան ամենաբարձր պատվանդանի վրա: Ցավոք, մեզ մոտ այդ գնահատանքը չկա: Քանդակագործության մեջ նա հայերեն էլեմենտ մտցրեց, որն այսօր ունի իր շարունակողները: Մի քիչ դժվար է դա բառերով բացատրել, բայց նրա արած գործերը շատ հայերեն են…»:
Գետիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, քանդակագործ
Ի վերուստ շնորհյալները լույս աշխարհ են գալիս իրենց ասելիքն ասելու առաքելությամբ, նրանք անշփոթելի սեփական ձեռագիրն են թողնում, թողնում են իրենց ոտնահետքերը, որպեսզի եկողները քայլեն ճիշտ ուղղությամբ ու միտեն ազգաշահ նոր արարումների:
Նրանցից մեկը՝ Ղուկաս Չուբարյան. քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, նախկին միության Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, տաղանդավոր զավակը իր հոր՝ նշանավոր իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր Գրիգոր Չուբարյանի: Հեղինակավոր մի օրենսգետ, որին վիճակված էր զուլումի տարիներին ստանձնելու խելագարված ամբոխների հեղինակի՝ Չարենցի դատապաշտպանությունը:
Հիրավի, դժվար է պատկերացնել, որ Ղուկաս Չուբարյանի ստեղծագործություններից շատերով սքանչացած չլինի գեղեցիկը տեսանող մարդը, կատարյալի չափանիշներն հասկացող-գնահատող արվեստաբանն ու խստապահանջ քննադատը: Ինչպե՞ս կարելի է չսքանչանալ հայոց ձեռագիր մատյանների գանձատան՝ Մատենադարանի խորհրդանիշը դարձած Մաշտոց-Կորյուն փառահեղ հուշարձանով, Մխիթար Գոշով, օպերայի հրապարակը զարդարող Ալեքսանդր Սպենդիարյանի մոնումենտալ արձանով, Հովհաննես Թումանյանի խոսուն դիմաքանդակով՝ իր թանգարանի մուտքի մոտ, նրա կենդանի կերտվածքով՝ ուխտատեղի դարձած Դսեղում, եղերական Չարենցի կիսանդրիով: Նշյալներն ու տասնյակ այլ կերտումներ հայ քանդակագործական արվեստի դասական արժեքներ են, որ զրուցելու են եկող սերունդների հետ բոլոր ժամանակների հոլովույթներում…
Վաստակաշատ քանդակագործը ծնվել է 1923 թ. այս օրը, Երեւանում: Ավարտել է արվեստների դարբնոց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա՝ գեղարվեստա-թատերական ինստիտուտը, դասավանդել իր ուսումնառած կրթօջախներում, Խ. Աբովյանի անվան մանկավարժականում, իսկ 1996-ից մինչեւ իր երկրային կյանքի վախճանը՝ 2009 թ., եղել է Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտորը: Քանի-քանի սերունդների է ուղղորդել դեպի արվեստի մեծ աշխարհ, քանի-քանիսին փոխանցել իր արվեստի գաղտնիքները եւ քանիսի համար եղել արվեստագետ-ուսուցչի փափագելի օրինակ…
Ղուկաս Չուբարյանը ստեղծել է բազմաթիվ դիմաքանդակներ, արձաններ, մոնումենտալ այլ կոթողներ, կերտել ժամանակակիցների ու պատմական անհատների դիմաքանդակներ՝ «Անահիտ», «Ասպետը», «Մարտիրոս Սարյան», «Կոմիտաս», «Հովհաննես Հովհաննիսյան», այլ գործեր: Պատմական դեմքերից՝ «Մովսես Խորենացի», «Անանիա Շիրակացի», «Ֆրիկ», «Թորոս Ռոսլին» հուշարձանները, որոնք Մատենադարանի ճարտարապետական-քանդակագործական համալիրի մասն են կազմում, առանձնանում ազգային եւ ժամանակակից ձեւամտածողության ինքնատիպ համադրումով ու պլաստիկ ընդհանրացումներով: 1994 թ. ստեղծել է մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային հորինվածքը եւ Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը:
Ծանրակշիռ է հայ քանդակագործության անդաստանում իր շքեղ վրանը խփած վարպետի (նրան նաեւ այսպիսի պատվանունով են դիմել) վաստակը: Բայց արդյոք արժանվո՞ւյնս է գնահատված ու ճանաչված եղել արվեստում ազգային կերտվածքով առանձնացող այս նվիրյալը, որով կարծես թե ավելի շատ օտարներն են հիացել: Նորից գանք հայտնի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին. մի անգամ միասին Մոսկվայում էին, ակադեմիայում պետք է ցուցահանդես լիներ, բոլորը մեծ ակնածանքով մոտենում էին Չուբարյանին, ասում, որ անհամբերությամբ սպասում են, թե այս անգամ ինչ գործ է ցուցադրելու. «Մեծ հպարտություն է, որ քո հայրենակցին այդքան բարձր են գնահատում օտարազգի մեծ վարպետները: Նման մարդու մասին պետք է շատ խոսել, որպեսզի նրա վաստակը գնահատվի, տարածվի: Նման մարդիկ քիչ են…»: Այսպես են արձագանքել նրա արվեստին ու գնահատել նրան այլազգի երեւելիներն ու արվեստի գիտակները: Իսկ այստե՞ղ…
Ամեն դեպքում, իսկական արվեստը մնում է որպես անկորնչելի արժեք եւ փառավորվում՝ ուր էլ որ լինի: Այն պանծացնում է իր ազգի հարգն ու պատիվը ու հեղինակին զարդարում մեծարանքի պսակով: Չուբարյանի ստեղծագործություններից շատերն օժտված են նման զորությամբ եւ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի համբավավոր Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում, արժեքների արտասահմանյան այլ հանգրվաններում: Իսկ ինչո՞ւ չհպարտանանք …