Մեր ժողովուրդը երգերով, ասքերով, հերոսապատումներով է փառաբանել «գնդակի հրեղեն համբույրին կարոտ, չաթալ սիրտ ունեցող» իր զավակներին՝ ֆիդայիներին: Նրանց, ովքեր անհավասար ուժերով մարտնչում էին թուրքական յաթաղանի դեմ, պաշտպանում արյունակիցներին, նրանց կյանքը, ինչքն ու արժանապատվությունը: Եվ նահատակվում էին հանուն հայրենյաց:
Ֆիդային կամ ֆեդային (արաբերեն նշանակում է զոհ, հանուն գաղափարի նահատակվող մարդ) Օսմանյան կայսրության թուրք-քրդական բաշիբոզուկների դեմ պայքարող հայ ժողովրդական վրիժառուների հավաքական անունն է: Ֆիդայական կամ հայդուկային ազգային ազատագրական շարժման մասնակիցներից մեկն է Կայծակ Վաղարշակը (Բաղդասարյան): Ծանոթանանք քիչ հայտնի վրիժառուի կյանքին ու անավարտ գործին:
1875 թվականին Մուշում է ծնվել այս նվիրյալ հայորդին: «Ոսկի խաչ» մրցանակով ավարտել է տեղի Միացյալ Ներսիսյան վարժարանը՝ թեեւ այնքան էլ տարված չի եղել ուսման գործերով: Բայց ինչո՞ւ: Բանն այն է, որ լինելով հաղթամարմին, կոփված, աշխույժ եւ ուժեղ էություն՝ գերադասում էր զենքն ու որսորդությունը, պատանի հասակից շրջում էր հայրենի լեռներում ու ձորերում՝ հաճախ ընդհարվելով վայրենաբարո քուրդ ու թուրք հասակակիցների հետ: Այդ թափառումներից մեկի ժամանակ էլ հանդիպում է առյուծասիրտ հայդուկապետ Արաբոյի զինակից, Ալիզռնանցի Լեւոնի հետ: Վերջինս նրան ներշնչում է թշնամաց դեմ մարտնչելու, ֆիդայագրվելու գաղափարը: Դպրոցն ավարտելուն պես իր երեք գաղափարակից ընկերների հետ սկսում է գործել Արաբոյի, Լեւոնի օրինակով: Շուտով արիասիրտ երիտասարդի անունն ու համբավը տարածվում են քրդական շրջապատում, իսկ երբ հայոց արծվաբույն Սասուն է գալիս հանրահայտ Միհրան Տամատյանը, Վաղարշակը միանում է նրան:
1894-96 թվականների համիդյան արյունալի կոտորածների ժամանակ զենքը ձեռքին պաշտպանում է հայրենի շեներն ու օջախները: Այնուհետեւ, երբ Տարոնում հաստատվում են ՀՅԴ կառույցներ եւ կոմիտեներ, Կայծակը հարում է այդ կուսակցությանը, համագործակցում Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան), Գեւորգ Չաուշի (Գեւորգ Ադամյան-Ղազարյան) հետ: Նվիրական հարաբերություններ է պահում Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) հետ, բոլոր պարագաներում աջակցում նրան: 1899 թ. հոկտեմբերին, երբ դավադրության զոհ է դառնում ժողովրդի ծարավն հագեցնող հերոսը, ընկերանում է մեծանուն փաշային՝ հայոց վրիժառության աստված Անդրանիկին, մասնակցում Սասունի, Մշո դաշտի բնակավայրերի պաշտպանության կազմակերպական եւ մարտավարական աշխատանքներին:
1901 թվականի նոյեմբեր. Առաքելոց վանքի կռիվը՝ ֆիդայապետ Անդրանիկի ղեկավարությամբ: Ռազմական պատմության մեջ, թերեւս, նախադեպը չունեցող մարտավարություն, երբ բազմահազարանոց զինավառ զորքով շրջապատված մի խումբ քաջազուններ խիզախում են բորենիների մահատենչ բանակի դեմ եւ գրեթե անկորուստ դուրս գալով անխուսափելի մահվան օղակից՝ բարձրանում Սասնո անառիկ լեռները: Այդ քաջազունների թվում էր նաեւ Կայծակ Վաղարշակը, ով 1904 թվականին, իբրեւ ՀՅԴ ներկայացուցիչ, մասնակցում է կուսակցության երրորդ համագումարին, ծավալուն զեկուցումով ներկայացնում Մուշ-Սասունում տիրող իրավիճակը, խոսում օրախնդիր անելիքների մասին: Այնուհետեւ անցնելով Կովկաս՝ Կարսի մարզում կազմակերպում է «Դժոխք» քսանհինգ հոգանոց ձիավորական զինախումբը՝ շարունակելու երդվյալ իր պայքարը: Նույն թվականի մայիսի 31-ին խումբը Դորբանդլու գյուղից ուղեւորվում է դեպի ռուս-թուրքական սահմանը՝ Դորբանդլու- Բողար-Ղարաղուռուտ-Իզնոց անտառագծով հասնելով սուրբ Խաչ լեռան ստորոտը:
Խմբի զինյալները, մեկ շաբաթ անցկացնելով լեռան անդնդախոր ձորում, հունիսի 6-ի գիշերը, առանց խոչընդոտների, աննկատ անցնում են սահմանապահների քթի տակով: Երեկոյան հասնելով Խորում եւ Զիվին գյուղերի միջեւ գտնվող բերդին՝ գիշերում են այստեղ: Հաջորդ առավոտյան ապահով հանգրվան թվացած բերդը պաշարվում է զինյալ քրդերով: Ժամեր անց քուրդ բորենիների ոհմակին միանում են նաեւ մեծաքանակ թուրք զինվորներ՝ կազմելով շուրջ 4000 հոգանոց զինավառ զորք: Սկսվում է հարձակումը: Հայ քաջազուններին հաջողվում է մինչեւ երեկո հետ մղել գազազած ոսոխի հարձակումները: Սակայն չափազանց էին անհավասար կռվող ուժերը. արնախումներին, ի վերջո, հաջողվում է գրավել բերդի վերնամասն ու խաչաձեւ կրակի տակ առնել ֆիդայիներին: Զոհվում է «Դժոխքի» անդամների 1/3-ը: Նրանց հետ ընկնում է նաեւ ֆիդայապետ Կայծակը: Խմբի մի մասը՝ տասնվեց հոգի, Ռուս Գեւորգի առաջնորդությամբ, զորում է դուրս գալ մահվան օղակից, սակայն երբ վերստին փորձում են հատել ռուս-թուրքական սահմանը, ռուս զինվորները մահվան համազարկերով ու «եղբայրաբար» են դիմավորում մարտնչումով մազապուրծ հայ մարտիկներին: Սա արդեն ավարտն էր. երկու կրակի արանքում հայտնված «Դժոխք» խմբի մնացյալ քաջազուններն ընդունում են մահվան գնդակի համբույրը եւ միանում հայ ազատատենչ ու արժանապատիվ Ոգիների անմահ փաղանգին…