Կրթություն եւ ռազմարդյունաբերություն. այս երկու ոլորտը պիտի դառնան մեր պետության արագ զարգացման շարժիչ ուժերը։ Բայց մեզ ոչ միայն զուտ կրթություն է պետք, այլեւ՝ ազգայի՛ն կրթություն։ Ինչպե՞ս գիտելիքի հետ տալ ազգայինը. սա մասնագիտական ու հոգեբանական լուրջ քննարկման թեմա է, որի փակագծերը բացելը կթողնենք ոլորտից հասկացողներին։ Թեմային կանդրադառնանք այլ՝ նախ՝ երբեմնի աշակերտի եւ այսօր՝ դպրոցահասակ երեխայի ծնողի տեսանկյունից։
4-րդ դասարանից հետո սովորել եմ Երեւանի թիվ 185 դպրոցում։ Կյանքիս այս շրջանի «ամենաբերքառատ» տարիներին էին։ Տեսել եմ եւ՛ խորհրդային դպրոցը, եւ՛ հետանկախական: Երկու պարագայում էլ գիտելիքի հետ միասին ազգային դաստիարակություն եմ ստացել։ Հե՛նց դպրոցում։ Ու դա ամեն քայլափոխի էր, ամեն դասաժամի։ 3-րդ դասարանում, երբ ֆիզկուլտուրայի դասաժամերին վատ էինք վազում, ուսուցիչը բարկանում էր. «Տրդատ առաջինը որ ձեզ պես վազեր, Օլիմպիական խաղերին խայտառակ էինք լինելու»։ Մեր տղաներից մեկն էլ ամեն անգամ թե՝ «ընկեր Ստեփանյան, բայց Տրդատ առաջինը չէր վազում, շարժակառքերի մրցավազքում է հաղթել»։ Ուսուցիչն էլ ծիծաղելով թե՝ «գիտեմ, այ տղա ջան, ասի տեսնեմ՝ հիշո՞ւմ եք ասածներս, թե՝ չէ։ Հիմա քեզ շարժակառք որտեղից բերեմ, շո՛ւտ, վազիր»։ Ֆիզկուլտուրայի դասից հետո հանդերձարանում այնքան էինք պատկերացնում մեր արքային ու հպարտանում նրա հաղթանակով, որ ուշանում էինք հաջորդ դասաժամից։
Իսկ հիմա՞ ինչպես է դասավանդվում ֆիզկուլտուրան։ Ոչ ավել ոչ պակաս՝ դասագրքով՝ առանց պարապմունքների։
Թիվ 185 դպրոցում «Հայոց լեզվի» եւ «Հայ գրականության» ժամերին հաճախ դասագրքերը մի կողմ թողած՝ քննարկումներ էինք ծավալում. գիտեինք ֆիդայինների անունները, նրանց ծննդավայրերը, կյանքի գործերը, վարած մարտերը, ֆիդայիններին նվիրված երգերը։ 1989 թ. Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչությունը տպագրեց «Հայ ժողովրդական ռազմի եւ զինվորի երգերը»։ Զարթոնքի տարիներն էին. 30 հազար տպաքանակն արագ սպառվեց։ Գիրքն էլ էժան չէր՝ 2 ռուբլի 75 կոպեկ։ Մեր դասարանում միայն ես էի ձեռք բերել, որովհետեւ գրախանութը մեր շենքի տակ էր, եւ վաճառողն էլ միշտ ինձ համար պահում էր նոր գրքերը։ Գրքում տեղ գտած երգերի մեծ մասն անգիր գիտեինք։ Դասարանի բոլոր աշակերտներով գիտեինք։ Երաժշտական լսողություն ունեցողները միշտ երգում էին, մյուսներս՝ ձայնակցում։ Փնտրում-գտնում էինք այլ երգեր, այլ գրքեր ու ինքնուրույն էինք անում՝ առանց ուսուցչի հանձնարարության։ Որովհետեւ ուսուցիչն արել էր իր ամենագլխավոր գործը՝ տվել էր մեր կապը հայկական աշխարհի հետ։ Տվել էր սիրուն, աննկատ, տարիների աշխատանքով։ Ճիշտ է՝ մենք ծնունդներին լամբադա էլ էինք պարում, Աֆրիկ Սայմոն լսում, բայց քոչարին ու ռազմի երգերն անպակաս էին։ Դրանք մեր հոգին էին, մեր հիմքը, մեր անհրաժեշտությունը, իսկ մնացածը ժամանց էր ու տրամադրություն։
Գրականության մի ժամի Թումանյանի քառյակներն էինք անցնում։ Ուսուցիչը հանձնարարեց 2-5 քառյակ անգիր սովորել։ Հաջորդ օրը մեր դասարանը դպրոց եկավ՝ յուրաքանչյուրս 20-30 քառյակ սովորած։ Ուսուցիչը չզարմացավ, ժպտաց միայն. «Գիտեի»։ Իհարկե գիտեր, որովհետեւ նա տվել էր մեր ու թումանյական աշխարհի կապը։ Մենք օրեր էինք հռչակում գրականության ժամերին՝ Թումանյանի օր, Չարենցի օր, Սեւակի օր ու արտասանում էինք՝ մեկս՝ պոեմ, մյուսը՝ քառյակ, մեկ ուրիշը՝ բանաստեղծություն, ով ինչ սիրել էր, ու քննարկում էինք՝ ինչու է սիրել, ինչն է հոգուն դիպել։ Ամառային արձակուրդներին կարոտում էինք մեր դասարանը, որտեղ պատերին Աբովյանի, Իսահակյանի, Թումանյանի, Չարենցի, Սեւակի եւ մյուս գրողների նկարներն էին։ Սեպտեմբերին գալիս էինք՝ գրականության ցանկն ու մի բան էլ ավելի կարդացած։ Սիրով էինք կարդում, գիշերներ լուսացնում, առավոտներն իրար զանգում, տպավորություններ փոխանցում։ Որովհետեւ կա՛ր մեր ու հայ գրականության կապը։ Այդ կապն ուսուցիչը շատ նրբորեն գցել էր՝ առանց բարկանալու, ստիպելու, հոգնեցնելու…
Իսկ հիմա առարկայից «հայ» բառը հանել են, կապը չկա, երեխաներն էլ մի կերպ են կարդում, այն էլ՝ սեղմագրերը։ Րաֆֆու «Սամվելի» սեղմագիրը կարդում ես, ամերիկյան սարսափ է, որդին սպանում է ծնողներին։ Չկան հերոսի կերպարի զարգացումը, ապրումները, չկա ամենաթանկի՝ հայրենիքի գաղափարը։ Երեխան չի ընկալում, որ հերոսն արդեն սպանում է ոչ թե ծնողներին, այլ՝ հայրենիքի դավաճաններին։ Նույն տրամաբանությունն է մեր մյուս պատմավեպերի սեղմագրերի պարագայում նույնպես։ Երբ «Երկրաչափության» դասաժամին մի պատկեր սխալ էինք գծում կամ չէինք լուծում երկրաչափական որեւէ խնդիր, ուսուցիչն ասում էր. «Մեր պապերն ու հայրերը հոյակերտ կոթողներ են մեզ ժառանգել։ Էսպես գծելով դուք ձեր երեխաներին ի՞նչ եք ժառանգելու»։
Հենց դպրոցական տարիներին ու հենց դպրոցում մենք «Գրաբարի», «Ճարտասանության», «Վայելչագրության» դասաժամեր էլ ենք ունեցել։ Կրթական ծրագրով, ի դեպ, նախատեսված չի եղել, բայց մեր դպրոցի տնօրինությունը, տեսնելով մեր հետաքրքրությունը, նախաձեռնող էր։ Պետք էր տեսնել մեր ուրախությունը, երբ առաջին անգամ գրաբարի ուսուցչին պետք է դիմեինք ոչ թե «ընկերով», այլ՝ «տիարով»։ Հենց դպրոցում ենք մենք սովորել, օրինակ, Կիլիկիայի Այնթափ քաղաքի ասեղնագործությունը, հայ եւ հույն ճարտասանների պատմությունը, Նարեկացուց աշխարհաբարի չվերածված տողերը դպրոցում ենք փորձել հասկանալ, Հայաստանի ֆլորայի ու ֆաունայի բազմազանության մասին առաջինը հենց այստեղ ենք իմացել։
Որովհետեւ դպրոցը մեզ գիտելիքին զուգահեռ տալիս էր ամենակարեւորը՝ հայկականի շունչը, մեր անձի ու ազգայինի կապը, մեր փոքր հայրենիքի՝ մեր տան, մեր բակի, մեր շրջապատի ու մեր մեծ տան՝ Հայկական լեռնաշխարհի հանգույցն էր մեր ձեռքը տվել։ Հաջողել էր ու կողքից հիացմունքով նայում էր. մենք եւ՛ կրթվում էինք, եւ՛ ինքնակրթվում։
Այսօ՞ր ինչ է անում դպրոցը։ Երեխաներին բացատրո՞ւմ է՝ ինչ օր է սեպտեմբերի 21-ը, մայիսի 9-ը, մայիսի 28-ը, երեխաների հետ քննարկում ծավալե՞լ է Արցախյան պատերազմների մասին, խոսե՞լ է հայ ռազմիկի քաջագործություններից։ Հարցադրումներս իրականում հարցադրումներ չեն, եւ դպրոցահասակ երեխաներ ունեցողները գիտեն դրանց պատասխանները։
…Տարիներ շարունակ կրթակարգը փոխեցին՝ բարեփոխման անվան տակ։ Եվ տակը մնաց… այսօրվա դպրոցը՝ առանց բնաճանաչողության, հայրենաճանաչության եւ սեղմագրերով, առանց ազգային շեշտադրության։ Պատճառաբանեցին, թե մեզ գիտելիք է պետք, կարծես ազգայինը խանգարում է գիտելիքին։ Իսկ ինչպիսին՝ կրթությունը, այդպիսին էլ՝ երկրի հեռանկարը։ Դրա համար ենք ասում՝ մեզ ոչ թե զուտ կրթություն, այլ՝ ազգայի՛ն կրթություն է պետք։