Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արցախցիներին կոչ է անում ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ:
«Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Հորդորում եմ չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որեւէ զանգի:
Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ:
Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու ահազանգերը:
Մասնավորապես, ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձեւով զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին եւ առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաեւ մարդկանց սոցիալական ցանցերի էջերից: Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվացել են որոշ էջեր, որոնք եւս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական իշխանությունների այս նոր վտանգավոր քաղաքականության վրա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է։ Այն Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության դրսեւորում է:
Այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության հետ միասին կուղարկվի նաեւ միջազգային մարմիններին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ, իրականացվում է բոլոր տվյալների, ահազանգերի մանրամասն ուսումնասիրություն եւ համագործակցություն»,- ասված է հայտարարության մեջ: