Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Իմ հերոսը

Ում հիշում ու խոնարհումով են վերաբերվում ծննդավայրում

Հուլիսի 3, 2021
Սոցիում
Իմ հերոսը
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շաքիի ջրվեժի մոտ սկսեցինք խոսել հերոսի մասին։

-Մանկության տարիներին Վրեժը շատ էր գալիս այստեղ եւ ունկնդրում Որոտանի զրույցը,- պատմում է Վրեժիկ Պողոսյանի հայրը՝ Սեյրան Պողոսյանը, ում հրավերով Սիսիանում էինք ես ու Վոլոդյա-Արին Գալստյանը։

Հուլիսի 1-ին Վրեժի ծննդյան օրն է, կդառնար 29 տարեկան, սակայն Արցախյան վերջին պատերազմը 2020 թ. աշնանը հազարավոր հայորդիների կյանք խլեց, եւ բոլորն էլ մնացին հավերժ երիտասարդ, դարձան Անմահ հերոսներ՝ հավերժի ճանապարհով անցնողներ։ Նրանց շարքով է անցնում նաեւ Վրեժը, ում լավ եմ ճանաչում Քաշաթաղի շրջանից, երբ դեռ դպրոցական էր ու ուսանող, զինվորական ու վարորդ…

Վրեժիկ Սեյրանի Պողոսյան. ծնվել է 1992 թ. Սիսիանի շրջանի Ույծ գյուղում։ Եվ այս գյուղի միջնակարգ դպրոցում հերոսի ծննդյան օրվա առթիվ կայացավ հիշատակի եւ ոգեկոչման արարողություն, որը կրում էր «Անմահները հրամայում են» խորագիրը։ Մինչ դպրոցում կսկսվեր ցերեկույթը, հերոսի հարազատները, բարեկամները, դպրոցական ու մարտական ընկերները, հյուրեր, պաշտոնատար այրեր այցելեցին Սիսիանի զինվորական պանթեոն, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել Արցախյան առաջին գոյամարտի եւ հետագա տարիներին հայոց հողը պաշտպանելիս նահատակված բազում սիսիանցիներ։ Այստեղ է հուղարկավորված նաեւ Վրեժը՝ մորաքրոջ որդու եւ մարտական ընկերոջ՝ Հայոց բանակի կապիտան Արայիկ Սաֆյանի շիրիմների հարեւանությամբ։ Միասին են զոհվել 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ Ջրականում, որտեղ էին պատերազմի առաջին օրվանից։

Զինվորական պանթեոնում պատվո պահակ էին կանգնած Վրեժի զորամասի զինվորները։ Տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում, խնկարկում։ Ույծի միջնակարգ դպրոցում հերոսի ընկերների նախաձեռնությամբ, կրթօջախի տնօրեն Վլադիմիր Ղազարյանի աջակցությամբ, բարերարների միջոցներով մի դասարան հիմնովին հիմնանորոգվել է, ունի նոր գույք։ Եվ այս դասարանը հուլիսի 1-ից կրում է Վրեժիկ Սեյրանի Պողոսյանի անունը։ Մինչ դասարանի մուտքի կարմիր ժապավենի կտրելը տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն։ Հնչեց ՀՀ օրհներգը, կայացավ լռության րոպե։ Հայոց լեզվի եւ գրականության բազմամյա ուսուցչուհի Մարո Հակոբյանը դպրոցի կատարածը համարեց նվազագույնը՝ համեմատած այն հերոսների արածի հետ, ովքեր իրենց կյանքն են նվիրել հայրենիքին։

-Մեր արածը որոշակի սփոփանք է հերոսի ծնողների, հարազատների համար,- ասաց ուսուցչուհին։- 2020-ը մեզանից խլեց մի ողջ սերունդ, եւ այսօր այդ անմահները «ժպտալու» են փառքի անկյուններում, նորածինների մաքուր աչքերում։ Պիտի ուժեղ լինենք, որ կարողանանք դիմակայել մեծ ցավը, մեր երախտագիտությունը հերոսներին ու նրանց ծնողներին եւ խոնարհում։

Ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին դպրոցի աշակերտները, որոնց օրվա հերոսը Վրեժն էր, ովքեր այլեւս կռիվ չեն ուզում եւ ներկայացրեցին իրենց հերոսի կենսագրականը։ 2000 թ., երբ երրորդ դասարանի աշակերտ էր, նրանց ընտանիքը  տեղափոխվեց եւ բնակություն հաստատեց Արցախի Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում։ Իրենից 2 տարով ավագ Արեւիկ քույրն ու Վրեժն ուսումը շարունակեցին Սարատակի միջնակարգ դպրոցում: 2009 թ. ավարտելով դպրոցը՝ ապագա զինվորականն ընդունվեց Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական եւ ֆիզիկական պատրաստության ֆակուլտետ։ 2010 թ. զորակոչվել է Հայոց բանակ եւ 2 տարի ծառայել Ջրականի զորամասում, զորացրվել ավագ սերժանտի կոչումով։ 2012 թ. զորացրվելուց հետո աշխատել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, ստացել ենթասպայի կոչում։ Որոշ ժամանակ ծառայել է ոստիկանությունում, ապա աշխատել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ դասակի հրամանատար։ Բայց Քաշաթաղը կանչում էր, եւ շուտով տեղափոխվեց Բերձոր ու աշխատանքի անցավ շրջանի վարչակազմի աշխատակազմում՝ վարորդ։ Այնուհետեւ աշխատել է Իշխանաձորի միջն. դպրոցում՝ ռազմագիտության ուսուցիչ։ 2019 թ. կրկին զինվորական էր. պայմանագրով ծառայության անցավ Սյունիքի մարզի Նորավանի զորամասում։ Ծառայությանը զուգահեռ՝ վեց ամսով ուսանել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում եւ ստացել լեյտենանտի կոչում։ Մասնակցել է 2016 թ. ապրիլյան պատերազմին, արժանացել «Մարտական ծառայություն» մեդալի։ Զորամասում դիպուկահար էր, իր մասնագիտությանը տիրապետում էր գերազանց։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին շտապեց Ջրական, որտեղին քաջածանոթ էր…

Մարտադաշտում մորաքրոջ որդու՝ Արայիկ Սաֆյանի հետ էր, նրա ծառայակիցները հիշում են Վրեժի մարտակոչը. «Մեր մեջ հետ գնացող չպիտի լինի, ով հետ գնա՝ ամո՛թ…»: Հոկտեմբերի 10-ին թշնամու ականանետի հարվածից զոհվում են Վրեժն ու մորաքրոջ որդին։ Դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանը, ով ընդամենը 3 ամիս է, ինչ տնօրինում է Ույծի միջնակարգը, որտեղ ժամանակին սովորել են իր հայրն ու Վրեժի հայրը, կարեւորեց դասարանի անվանակոչությունը։ Հերոսի ոգով են դաստիարակվելու դպրոցի սաները։ Շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին, բարերարներին, որ գեղեցիկ ու ամբողջովին կահավորված դասասենյակ ունեն, որտեղ մշտապես հերոսական ոգի է տիրելու։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի ՆԶՊ գծով տեսուչ Վոլոդյա-Արին Գալստյանը, ով լավ է ճանաչում հերոսին, ողջունեց նախաձեռնությունը եւ առաջարկեց ծափահարությամբ հարգել բոլոր հերոսների հիշատակը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով ծնունդով Ույծից է եւ ներկա էր ցերեկույթին, աջակցել է նախաձեռնությանը, փառք տվեց Անմահ հերոսներին, շնորհակալություն հայտնեց հերոսի ծնողներին, որ նման զավակ են ծնել ու դաստիարակել, շնորհավորեց հերոսի ծննդյան օրվա եւ դասարանի անվանակոչության առթիվ։ «Վրեժն իմ ընկերն է, իմ համագյուղացին, նրա ու նրա նման եղբայրների, քույրերի մասին բոլորս ենք պարտավոր հիշել, արժեւորել նրանց գործը եւ շարունակել այն, ինչը նրանք չհասցրին»,- ասաց Կ. Համբարձումյանը:

Եղբոր հիշատակը վառ պահելու, նրա անվան դասարան բացելու առթիվ շնորհակալություն հայտնեց Արեւիկ քույրը՝ սրբելով ելույթ ունեցող աշակերտուհիների աչքերը, ովքեր չէին կարողանում զսպել արցունքները։ Հանդիսավոր մասից հետո Վրեժի անվան դասարանի մուտքի ժապավենը կտրեցին հերոսի քույրն ու կրտսեր եղբայրը՝ Մոնթեն։ Վրեժ Պողոսյանի անվան դասասենյակի մուտքի մոտ ցուցանակն է, կողքին առանձնացվել է նաեւ «Անմահները հրամայում են» փառքի անկյուն՝ նվիրված Սիսիան համայնքից 44-օրյա պատերազմում զոհված բոլոր հերոսներին: Դասասենյակի ներսի պատին հերոսի լուսանկարն է, նրա մասին պատմող իրեր, փաստաթղթեր, որոնց կողքին պատվո պահակ են կանգնել նույն զորամասի զինվորները. Կնյազ Խլղաթյանը՝ Վեդիից, Հակոբ Երիցյանը՝ Արթիկից եւ Նարեկ Սարգսյանը՝ Ապարանից։ Նրանց հրամանատարներ՝ կապիտան Արտյոմ Ավետիսյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը լավ էին ճանաչում Վրեժին, ծառայել են մի զորամասում։

Ցերեկույթից հետո զրուցեցի դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանի հետ. տեղեկացրեց՝ մոտ 1 դարի պատմություն ունեցող կրթօջախում սովորում են 75 աշակերտ, աշխատում 21 ուսուցիչ։ Մանկավարժի կարիք չունեն։ Ուսուցչուհի Մ. Հակոբյանը չի դասավանդել Վրեժին, ով ընդամենը 2 տարի է սովորել իրենց դպրոցում, բայց ճանաչել է։ Հատկապես վերջին տարիներին Վրեժը շատ է այցելել գյուղ, հանդիպել ընկերներին, որոնց մեջ է նաեւ իր որդին։ Մեծ ցավ է պատճառել հերոսի նահատակությունը տարեց ուսուցչուհուն։ Ելույթ ունեցող աշակերտուհիներից 8-րդցի Մարիամ Դանիելյանը շատ էր հուզված. իր ծննդյան օրն էր նաեւ։ Այսուհետ իրենց դասարանի 5 աշակերտով սովորելու են հերոսի անվան դասարանում, իսկ հերոսն իր եղբոր ընկերն է։ Դպրոցի այս տարվա շրջանավարտ Աննա Ավետիսյանը հանդես եկավ ռազմահայրենասիրական երգերի կատարումով։ Ասաց, որ ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության բաժին։

Ներկաների մեջ էին նաեւ Վրեժի դասընկերները՝ Աշոտ Առաքելյանը, Հարութ Թադեւոսյանը եւ Արտուշ Կարապետյանը, որոնց ջանքերով էլ վերանորոգվել էր այդ դասարանը։ «Սրտի եւ հոգու պարտք էր, որ մի բան անեինք մեր նահատակ ընկերոջ համար եւ կարեւորեցինք հենց դասասենյակի անվանակոչությունը»,- ասացին տղերքը։

Թեգեր: ԱրցախհերոսպատերազմՎրեժ Պողոսյան
Կիսվել8Tweet5Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ճակատագրի ընտրությո՞ւն, թե՞…

Ճակատագրի ընտրությո՞ւն, թե՞…

Ipse dixit

«Անողը պրծավ, ասողը՝ ոչ»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist