Ազգային արժեհամակարգի պահպանումը պայմանավորված է ոչ միայն քաղաքական գործընթացներով, այլեւ տվյալ երկրում իրականացվող կրթամշակութային լիարժեք միջոցառումներով, ավանդական տոներով ու սովորություններով, ծիսակատարություններով: Հայապահպանության այդ բաղադրիչների կարեւորությունը լավ են գիտակցում Արցախում, որտեղ հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվում են առօրյա կյանքում ավանդապահ մնալու, սերունդներին դարերից եկող մեր լավագույն ավանդույթները փոխանցելու համար: Ասվածի իրողությունը հաստատող վառ օրինակներից կարելի է համարել «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կայացած ամենամյա վարդատոնը՝ նվիրված հայ մեծ բանաստեղծին եւ փիլիսոփային:
Միջոցառումը, որին ներկա էին պետական այրեր, մտավորականության ներկայացուցիչներ եւ ուսանողներ, մեկնարկեց Մեծն Նարեկացու հարթաքանդակին ծաղիկների տեղադրմամբ: Հանդիսության պահին, երբ տոնի մասնակիցներն իրենց ելույթներում արժեւորում էին նրա ազգապահպան առաքելությունը, բուհի պատուհաններից Տիեզերական վարդապետի պատվին առատորեն վարդի թերթիկներ էին թափվում հարթաքանդակի ուղղությամբ, իսկ աղջիկների վարդ-շուրթերից «հոսող» երգերն ու արտասանությունները, շարականները սեր ու խաղաղություն էին «ցողում» խորհրդանշական օրվան…
Համալսարանի ռեկտոր, ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի համոզմամբ՝ «Չնայած ժամանակները դառն ու խրթին են, սակայն հայը շարունակում է պահպանել իր ինքնությունը, արարել եւ ընդվզել սանձարձակությունների դեմ, քայլել դեպի տիեզերական անհունություն, ունկնդրել վարդապետի խորհուրդները»: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն էլ կարծում է, թե համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին այն եզակի բանաստեղծներից եւ մտածողներից է, ով մարդկությանը տանում է ինքնամաքրման ու բյուրեղացման, ինքնահաստատման, հորդորում է պահպանել բարոյական արժեքները: Վարդատոնը եւս մի առիթ է արժեւորելու ճշմարիտը, շիտակը, առաքինին ու բարոյականը: Հատկանշական է, որ պատերազմից հետո կարեւորվում է ոչ միայն նարեկագիտությունը, այլեւ Վարդատոնը՝ խնկարկելով մեր սրբացած նահատակների հիշատակը:
Տոնական միջոցառման ծրագրում ներառվել էր նաեւ համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Լալայանի՝ նորերս հրատարակված ««Մատյան ողբերգության» երկի խորհրդաբանական ընկալումները» գրքի շնորհանդեսը: Հեղինակը, գրիչը փոխարինելով զենքով, նահատակվել է արցախյան 44-օրյա պատերազմում: Ելույթ ունեցողների հավաստմամբ՝ Վ. Լալայանին հաջողվել է Նարեկացուն արժանի ուսումնասիրություն ստեղծել՝ իր ազնիվ ու պայծառ անունը զուգորդելով Տիեզերական վարդապետի հիշատակած սրբություններին: Բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանն ափսոսանքով խոսեց գրչընկերոջ ազնիվ եւ բարի մղումների, նրա գիտական ձեռնարկումների ու մարդկային շիտակ բնավորության մասին: Միջոցառմանը ներկա հերոսի մայրը՝ Վեներա Լալայանը, չթաքցնելով անափ վիշտը, ցավով նշեց, որ որդին այդպես էլ չհասցրեց լիարժեք վայելել կյանքը, ընտանիք կազմել, իրագործել մտահղացումները: «Նա հանուն հայրենիքի, շատերի պես բռնեց հավերժության ճամփան՝ մեզ պատգամելով ազատագրված տեսնել դրախտավայր Դիզակը, ծննդավայր Մեծ Թաղերը, բերդաքաղաք Շուշին»,- ասաց որդեկորույս մայրը:
Միջոցառման ավարտին նարեկագիտության մեջ ունեցած ավանդի համար մի խումբ գրողներ եւ գիտնականներ պարգեւատրվեցին «Գրիգոր Նարեկացի» մեդալով: Այդ պարգեւին (հետմահու) արժանացավ եւ երջանկահիշատակ Վահրամ Լալայանը: