Էպոսագետ Վարդան Սեդրակյանը նամակ է գրել Պարույր Հայրիկյանին՝ ամբողջությամբ ընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը եւ հայցելով Հայրիկյանի ներողամտությունը: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր դեմ մահափորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանի նամակը՝ որպես ապացույց այն բանի, որ 2013 թ. հունվարին իր դեմ մահափորձ իսկապես եղել է:
«Եւ ես ներեցի ու նա կը լինի ազատութեան մէջ իր ընտանիքի հետ։ Իսկ մարդակերպ խոզերը, որ վայրահաչում էին, թէ մահափորձ չի եղել, թող իրենց համար արդարացումներ փնտրեն», – գրել է Հայրիկյանը:
Ինչպես երեւում է Հայրիկյանի հրապարակած լուսանկարից՝ նամակը գրվել է 2021 թ. մայիսի 12-ին: Հայտնի քաղաքական գործչին հասցեագրված իր նամակում Վարդան Սեդրակյանը գրել է. «Բարեւ Ձեզ, պարոն Պարույր Հայրիկյան: Գրում է Ձեզ Վարդան Սեդրակյանը: Հայտնում եմ Ձեզ, որ ամբողջապես ընդունել եմ ինձ ուղղված մեղադրանքը: Խորապես զղջում եմ իմ կատարածի համար եւ հայցում եմ Ձեր ներողամտությունը: Դուք հանդիսանում եք մեր անկախության խորհրդանիշը: Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ հաջողություններ քաղաքական կյանքում: Հարգանքներով՝ Վարդան Սեդրակյանը»:
ԱԻՄ կուսակցության նախագահ, 2013 թ. ՀՀ նախագահի ընտրությունների թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել է 2013 թ. հունվարի 31-ին:
Որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը, որը նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը նախագահի ընտրություններին, 2013 թ. սեպտեմբերին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: 2020 թ. մայիսի 27-ին դատարանը Վարդան Սեդրակյանի գործով պայմանական վաղաժամ արձակման որոշում է կայացրել: