Ամառնամուտից մինչեւ օգոստոսի սկիզբ Արարատյան հովտի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի այգիներում ստեպ-ստեպ որոտում են որսորդական հրացանները, որոնց մահաբեր փողերն ուղղված են այնպիսի օգտակար թռչնի վրա, ինչպիսին վարդագույն սարյակն է: Կոպտորեն խախտելով որսի կանոնները՝ ոչնչացվում է մեր բնության գողտրիկ այդ փետրավորը, հայ գյուղացու դարավոր բարեկամը:
Հին Հայաստանում սուրբ թռչունն այսօր ոչ միայն անտեսված ու մոռացված է, այլեւ անարգել ոչնչացվում է…
***
Իմ առաջին զարմանքներից մեկը, որ ապրել եմ վաղ մանկությանս օրերին, Ոսկեվազ-Օշականի մեր ձորահովտի թթենիներին լցված անթիվ-անհամար վարդագույն սարյակներն էին՝ «թթի ղշերը»: Ինչքա՜ն շատ էին, երբեմն՝ տասնյակ հազարների հասնող: Օրնիբուն համերգում էին՝ թութ անուշ անելիս կամ վիթխարի ընկուզենիների զովասուն սաղարթներում հանգստանալիս: Իսկ թե հանկարծ մի տեղ հրացան որոտա՞ր, օ՜, խուճապահար թռչում, խճճվում էին օդում, երկինքը ծածկում հսկա ամպի պես:
Բնական մետաքսի հումքի արտադրության պետական առաջադրանք ունեին կոլտնտեսություններն ու խորհրդային տնտեսությունները, անհատ մարդիկ, եւ շերամապահության համար գրեթե ամեն գյուղում հեկտարներով թթաստաններ կային: Մայիս ամսվա ընթացքում թթենու մատղաշ տերեւներով առատորեն կերակրում էին շերամորդերին եւ նույն ամսում ավարտում գործը:
Ընդամենը քորոցի գլխի չափն ունեցող շերամորդի թրթուրը թթենու կաթնոտ տերեւներով սնվում, աճում, դառնում էր մատնաչափ՝ տռուզ մարմինը ծայրեծայր լցնելով թանձր հեղուկով: Դրանով այդ բնապարգեւ, անխոնջ աշխատավոր միջատը օրնիբուն սպիտակ, նրբաթել բոժոժ էր գործում, ինքը սպառվում, սմքում, թիթեռի հարսնյակ դարձած՝ պատսպարվում նույն բոժոժի մեջ, մինչեւ…
Բնական մետաքսի արտադրության հումքը հենց այդ թանկարժեք բոժոժներն էին, որ տոննաներով վաճառվում էին պետությանը, եւ որով ամբողջ տարին աշխատում էր Երեւանի մետաքսի կոմբինատը (նույնը՝ Ստեփանակերտում…): Բնական, գեղեցիկ, ամուր ու թեթեւ եւ, մանավանդ, հիգիենիկ կտորները շուտով դառնում էին նրբագեղ, պերճ հագուստներ, որոնք մարդիկ կրում էին հաճույքով:
Բնական մետաքսը, ի դեպ, օգտագործվում է եւ այլ բնագավառներում, անգամ՝ տիեզերքում: Շերամի եւ բնական մետաքսի հինավուրց հայրենիք Չինաստանն այսօր էլ աշխարհի առաջատարն է…
…Դեռ թութը չհասած՝ մեր երկիր էին «ժամանում» վարդագույն սարյակի բյուրավոր երամները: 1970-ականների սկզբներին տեղական մարմինների ղեկավարները եւ նրանց վերադասները որոշեցին ազատվել շերամապահության ճյուղի «գլխացավանքից». տրակտոր-բուլդոզերներով անգթորեն արմատախիլ արեցին հարյուրավոր հեկտարների հասնող կանաչավետ, բերք ու բարիքի աղբյուր այն հրաշալի թթաստանները եւ հայտնի խոսքի հանգույն՝ «տեղը վարեցին՝ բոստան ցանեցին»: Բանաձեւը պարզ է՝ չկա թթենի, չի կարող լինել նաեւ շերամապահություն…
Դավին անտեղյակ՝ հարավից, ամեն տարվա պես, կրկին եկան թթասեր սարյակները: Անակնկա՜լ. եկան եւ… սովի մատնվեցին: Կեր ճարելու համար ճարահատյալ դեգերեցին ամենուր, անահ խուժեցին տնամերձ այգիները, հարկադրված «զբաղվեցին» թթի, կեռասի, ծիրանի, մինչեւ իսկ կիսահաս խաղողի «կողոպուտով»:
Հաջորդ տարիներին, բնականաբար, մեզանում խիստ պակասեց վարդագույն սարյակների քանակը, իսկ վերջին տարիներին՝ առավել: Եվ դեռ այսօր գտնվում են մարդիկ, ովքեր արճճե գնդակներով են դիմավորում մեզանում արդեն խիստ սակավաթիվ դարձած այդ օգտակար թռչուններին:
***
Արդեն կես դար չեմ կրակել սարյակի վրա, ճիշտ այն պահից, երբ գրականության միջոցով ավելի մոտիկից ծանոթացա այս օգտակար թռչնի վարք ու բարքին: Ինձ եւ ինձ նման հազարավորների սարյակի վարդագույն «կերպարին» հանգամանորեն ծանոթացրել է մեր բնության անգերազանցելի գիտակ, որսորդ եւ գրող Վախթանգ Անանյանը՝ թե՛ բանավոր զրույցներով, թե՛ հրապարակախոսական հոդվածներով եւ թե՛, մանավանդ, «Տարմահավ կամ վարդագույն սարյակ» ուսումնասիրությամբ: «Հայաստանի կենդանական աշխարհը» աշխատության չորրորդ հատորի հիշյալ գլուխը նույնպես գրվել է բնախույզի, բարեխիղճ ուսումնասիրողի եւ պրակտիկ որսորդի խորին իմացությամբ: Սարյակի մասին անվանի գրողի ջերմ տողերն ընթերցելուց հետո բանական, հայրենի բնաշխարհը սիրող, փոքր-ինչ որսորդական բարոյականություն ու խիղճ ունեցողը հազիվ թե այլեւս զենք բարձրացնի 65-80 գրամանոց գեղեցիկ եւ անչափ օգտակար այդ թռչնակի վրա:
Աշխատության նշված գլուխը սկսվում է այսպես. «Հայ գյուղացին փետրավորների աշխարհում ունի իր դարավոր բարեկամները, մտերիմները, սիրո արժանի արարածները: Եվ դրանցից մեկն էլ վարդագույն սարյակն է»: Անվիճելի է, որ համակրանքը թռչնի նկատմամբ գալիս է հազարամյակների խորքից. չէ՞ որ «այդ փոքր թռչունը մեծ դեր է խաղացել մեր հողագործ նախնիների կյանքում», մանավանդ որ «մեր երկիրը պարբերաբար ենթարկվել է մորեխի ահավոր ավերածությունների»:
Հայ մատենագրերից Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ՝ 954 թ. եկավ մորեխը «որպես ավազ զծովու եւ ապականեաց զերկիրը: Եւ սաստկանայր սովն առավել»: Այնուհետեւ՝ խելահեղության հասած «մարդկանց բազմությունը հուսահատությունից գազանաբար հարձակվում եւ ուտում էին միմյանց… Տեղի ունեցավ անասունների կոտորած: Բազմաթիվ գյուղեր եւ գավառներ դարձան անմարդաբնակ»:
Այսպիսի հուսահատական պահերին հայ գյուղացուն օգնության է հասնում հին, հավատարիմ բարեկամ վարդագույն սարյակը (գիտական անվանումը՝ Pastor Roseus), որին հնում տարմահավ, մորեխածիտ, սուրբ Հակոբա ղուշ են անվանել, իսկ շատերն այսօրվա խոսակցական լեզվում՝ թթի ղուշ: Պատմությանը դեպքեր են հայտնի, երբ այդ թռչունները հոծ բազմությամբ նետվել են մորեխի հետեւից, կոտորել, ոչնչացրել են աղետաբեր այդ միջատների «ամպերը», ժողովրդին փրկել վերահաս սովից:
Մորեխասպան վարդագույն սարյակի մասին հիշատակումներ կան 4-րդ դարի հայ փիլիսոփա Բարսեղ Կեսարացու, առաջին հայ կենդանաբան Աբրահամ քահանա Պոլսեցու, գերմանացի գիտնական, Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի, ռուս կենդանաբան Կ. Սատունինի եւ այլոց աշխատություններում: Բարսեղ Կեսարացին նկատել է, որ երամներով շրջող թռչուններ կան, որոնք երկրե-երկիր են տեղափոխվում «համագունդ» խմբերով (տարմերով) եւ որոնցից են տարմահավերը, եւ թե «ինչպես Աստված իր մարդասեր զորությամբ ստեղծեց այդ փոքր թռչունների արագահալ (արագ մարսող) կտռնաքը եւ արագաթռիչք անցումները՝ մարդուն հասնելու համար»:
Եվ բնական է, որ մեր նախնիները պիտի մեծարեին, պաշտեին իրենց սովամահությունից փրկող թռչնին, ուստի եւ սարյակը հնում պաշտամունքային թռչուն է եղել: Մինչեւ վերջերս Արարատյան դաշտի եւ մեր շատ այլ շրջանների բնակիչները սուրբ են համարել Մասիսի ստորոտում, Ակոռի գյուղի մոտ գտնվող Ս. Հակոբա վանքի շրջակայքից եկող սարյակներին:
1829 թ. պրոֆեսոր Ֆ. Պարրոտի հետ Արարատի գագաթը հասած հայ մեծ գրող եւ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը հետագայում նկարագրել է արշավախմբի դադարի տեղը՝ Ակոռի գյուղը, որտեղ «գտնվում է այն աղբյուրը, որի զորության մասին մեծ հավատ ունեն Անդրկովկասի բոլոր բնակիչները: Երբ մորեխը ամայացնում է արտերը, նրանք վազում են այս աղբյուրը, ջուր վերցնում սրբազան հանդիսավորությամբ, շաղ տալիս այն վայրերում, որոնց վրա հարձակվել է մորեխը: Շուտով երեւում են սարյակները… ոչնչացնում այս վնասակար միջատներին»:
Արարատի կենդանական աշխարհն ուսումնասիրող Կ. Սատունինը դեռեւս 1907 թ. գրել է, թե վարդագույն սարյակը ժողովրդի շրջանում ինչքան մեծ հարգանք ունի այն բանի համար, որ ամեն տեղ հետեւում է մորեխի խմբերին եւ կոտորում դրանց շատ ավելի, քան կարող է ինքը ուտել:
Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գրող, հրապարակախոս, պատվավոր որսորդ