Վ. Անանյանը 1924 թ. ամռանը Գորիսի Եռաբլուր կոչվող հանդամասում ցնցող տպավորություն է ստացել «այդ զարմանալի թռչնի զարմանալի արարքից»: Այստեղ Աֆրիկայից եւ այլ երկրներից հայտնված միլիոնավոր միջատներին ոչնչացնելու համար հավաքում են ողջ ժողովրդին, հասկերն ու կանաչ ծածկույթն արագորեն խժռող մորեխներին ավլում, լցնում են փորած խրամատները, ծածկում հողով: Դաշտում մորեխները կույտ-կույտ են եղել եւ այնքան շատ, որ լցվել են մարդկանց տարած իրերի մեջ, ոչնչացրել ուտելիքը, հագուստը ծվեն-ծվեն արել, թռչելիս էլ ցերեկը մթնշաղի նման մռայլվել է: «Բայց ահա,- գրում է ականատես Վ. Անանյանը,- հարավից եկող մի թուխ ամպ արեգակի առաջը պատեց եւ հազարավոր թռչուններ, սվինամարտի գնացող զինվորների նման, վաշտ առ վաշտ գրոհեցին թշնամուն, խցկվեցին նրա մեջ, խառնվեցին նրան, ու սկսվեց կոտորածը, ի՜նչ կոտորած… Բերկրանքի ձայներ լսվեցին ժողովրդի միջից… Թռչունները չէին խորշում մարդկանց ներկայությունից, կարծես նրանց էր հասնում մարդկանց սերն ու հիացմունքը… Ջարդված միջատների փորոտիքից աղտոտված թռչունները գնում էին մոտիկ Որոտանի ջրերում լողանում, մաքրվում եւ հետ գալիս… Պատկերացնո՞ւմ եք անընդհատ գործող հարահոսը… Մտածում էի, թե գայլն իր ագահությամբ չունի նմանը, քանի որ կոտորում է շատ ավելի, քան կարող է լափել: Ի՞նչ գայլ, ինչ բան՝ գայլի համեմատ այս թռչնի ագահությունը մորեխի նկատմամբ նմանը չունի կենդանական աշխարհում… Կարծես վրեժ էին հանում մարդկության փոխարեն, սովի մատնված երեխաների փոխարեն…»: Սարյակներն այնքան նվիրումով են զբաղվել մորեխների ոչնչացմամբ, որ անգամ «մոռացել» են իրենց ձվադրման ժամկետները եւ սերնդագործելու առաքելությունը…
Որտեղի՞ց են մեր երկիր գալիս սարյակները: Վ. Անանյանը որոշ վերապահումով նշում է Միջագետքը եւ Արաբական թերակղզին: Այստեղ անհրաժեշտ է հավելել նաեւ Հնդկաստանը, քանի որ 1970-ականի կեսերին Հայաստանի լրատվամիջոցներով հրապարակվեց «Վարդագույն սարյակի ճակատագիրը» լուրը, որի «հերոսը» Արտաշատում խփված օղակավորված սարյակն էր: Օղակի նշագրման վերծանումից պարզվեց, որ այն գիտական նպատակով արվել է Հնդկաստանում՝ որոշելու համար թռչունի միգրացիան՝ տեղաշարժերը, աշխարհագրական վայրերը:
Արագածի հարավային լանջերից Արարատյան դաշտով, Վայոց ձորով, Սյունիքով մինչեւ Նախիջեւան եւ Մեղրի, գրեթե ամենուր կարելի է հանդիպել վարդագույն սարյակի: Նկատված է, որ դրանք մեզ մոտ բնակվում են գաղութներով՝ ապրիլի վերջերից մինչեւ օգոստոսի սկիզբը: Կերապակաս տարիներին ավելի երկար են մնում, այնքան, քանի դեռ չեն լրացրել ետդարձին անհրաժեշտ «վառելանյութը»՝ ճարպի պաշարը:
Սարյակների ձվադրավայրերից ամենախոշորը տեսել եմ Արա լեռան ոտքում, Աշտարակի տարածաշրջանի Արտաշավան, Ուշի, Ուջան, Կոշ, Արուճ գյուղերի շրջակայքի լեռնատափաստանային գոտում, իսկ առանձին տարիների՝ Էջմիածնի Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Աշտարակի Սասունիկ բնակավայրերի միջեւ ընկած տափարակում: Այստեղ մորեխի զգալի կուտակումներ են լինում, իսկ որտեղ մորեխ՝ այնտեղ էլ սարյակը: Մելիորացված, օգտագործելի դարձած այս տափաստանում՝ հուռթի այգիների կողքին, տեղ-տեղ հսկայական քարաբլրակներ են առաջացել, որտեղ եւ ձվադրում, ճուտ են հանում սարյակները: Ձագ են ունենում կերի «շտեմարանին» մոտիկ (ինչպես մարդիկ գործարանը կառուցում են հումքի բազային մոտիկ): Թռչունները ոչ մեծ խմբերով իջնում են խաղողի այգիները, եռանդուն ջարդում մորեխին եւ այնքան տարվում սիրած գործով, որ թվում է՝ երբեմն են միայն հիշում ծնողական իրենց պարտականությունների մասին: Երամից առանձինները զատվում եւ կտուցներին մորեխ առած ուղղվում են դեպի քարակույտերի մեջ գտնվող պարզ, բացօթյա բները: Այս նույն պահին էլ շրջակա գյուղերի տնամերձ այգիներից մեկ-երկու թութ «թռցրած» գալիս են ուրիշ սարյակներ (հնարավոր է դրանք ծնող զույգերի մյուս մասն են): Ակնբախ է, որ կերակրող ծնողները ճշտորեն են հերթագայում ճտերին տրվող կենդանական (մորեխ ) եւ բուսական (թութ) սնունդը: Եվ քանի որ երկու ծնողներն էլ թուխս են նստում (ի տարբերություն շատ այլ թռչունների), երկուսն էլ ջանադրաբար կերակրում, մեծացնում են իրենց սիրասուն ձագուկներին:
Կենդանաբանները նկատել են, որ ձագերին մեծացնելու շրջանում մեկ սարյակն ուտում է ավելի քան 300 գրամ մորեխ ու միջատ, որը 4-5 անգամ գերազանցում է թռչնի սեփական քաշը: Ճտերին կերակրելու շրջանում, նկատել եմ, սարյակներն անծպտուն (ասել է թե՝ առանց երգ ու ծլվլոցի) եւ գողունի մտնում են տնամերձ այգիները, եւ, եթե անվտանգ է տեղը, ամեն օր նույն թռչունները վաղ առավոտից մինչեւ մթնշաղ, մեկիկ-մեկիկ պոկոտում, իսկ երբեմն էլ գետնի վրայից հավաքում են կիսաչոր քաղցր պտուղները եւ նույն «երթուղով» աճապարում «տուն»: Նրանք այնպես են մաքրազարդում թթենու ծառերը, որ շատերին թվում է, թե պտուղների հասունացումը 3-4 օրով հետ է ընկել:
Հուլիսի առաջին օրերին օդը միանգամից լցվում է նորափետուր, փոքր-ինչ սեւին տվող դեղնակտուց ճտերի զիլ ու կայտառ ձայներով (ի դեպ, մինչեւ մեր երկրից չվելը ճուտիկները դեռ ոչ մի վարդագույն փետուր չեն ունենում): Ծնողները մեծագույն հոգածությամբ են թեւեր առած իրենց ձագուկներին վարժական թռիչքների հանում, դրանց իջեցնում ծառերին եւ ուսուցանում թութ պոկելու «կանոնները»: Հրացանավորի, այգետիրոջը կամ կասկածելի շարժումներով այլ մարդ նկատելիս՝ աչալուրջ ծնողները տագնապի ճիչ-ազդանշան են արձակում, եւ երամն աղմուկով օդ է բարձրանում: Գրեթե ամբողջ հուլիսին տարմահավերը համերգում են ամենուր, եւ այնքան էլ դժվար ընկալելի չեն «երգչախմբի» նոր՝ ջահել ու առույգ ձայները. թե՛ սերունդ տալու առաքելությունն ավարտած ծնողները, թե՛ նոր-նոր թեւեր առած ձագերը՝ օդում լինի, թե ծառերին, ամբողջ ձայնով երգում, ճռվողում են անհոգ, կեցության խնդությունը ներբողում անվերջ: Սակայն բերկրանքի այդ վեհ պահին երգը բիրտորեն ընդհատում է որսագողի հրացանի որոտը: Երամը, զոհեր տալով, թռչում է այլ վայր:
Թռչուններին փախցնելու, հեռացնելու համար հաճախ կրակում են հենց այգետերերը: Հայ մեծ վիպասան Րաֆֆին Պարսկաստանում ականատես է եղել այգեպանների եւ նրանց աճեցրած պտուղները խժռող աներես սարյակների «հակամարտությանը»: Իր դիտարկումների մասին բավականին խիստ է արտահայտվել պրոֆ. Պարրոտը՝ «թութը հասնելիս (սարյակները) գալիս են անհամար քանակությամբ եւ ջարդում փչացնում են պտուղները՝ անչափ վնաս բերելով երկրին»:
Այո՛, սարյակների արշավը այգիների վրա անառարկելի իրողություն է, ուստի եւ մեր բարեկամ վարդագույն կողոպտիչի նկատմամբ առկա է երկակի վերաբերմունք. առաջինը՝ պաշտամունքի հասնելու չափ մեծարանքն է՝ իբրեւ մորեխասպանի եւ փրկարարի, երկրորդը՝ իբրեւ մարդու աշխատանքի պտուղները կողոպտողի աստիճան իջած… Սակայն երկրորդի համար պատասխանատու ենք մենք, որ արմատախիլ արեցինք թթենիները: Մարդու սխալ, չկշռադատված միջամտությունը բնությանը միշտ էլ կարող է խախտել դարերով, հազարամյակներով արմատացած բնական ներդաշնակությունը:
Ինչեւէ, արդեն քանիցս համոզվեցինք, որ իբրեւ բնական-կենսաբանական պայքարի եղանակ, մարդկանց ահավոր վնաս բերող մորեխին ոչնչացնելու գործում անգնահատելի, պարզապես, անփոխարինելի է վարդագույն սարյակը, որի համար կարելի է եւ մեծահոգաբար ներել նրա… «ավազակությունները»: Թող նրանք էլ ազատորեն օգտվեն Աստծո առատ սեղանից…
Իսկ ինչպե՞ս գործնականում փրկենք մեր վարդագույն բարեկամներին: Ահավասիկ գործնական, շահավետ եւ հեռանկարային առաջարկ. կարծում եմ՝ մեզանում, անշուշտ, կլինեն բնությունը, կենդանական աշխարհը սիրող, նաեւ իրենց բիզնես շահը լավ գիտակցող գործարարներ, որոնց սեփական գումարով կամ թռչունների, կենդանիների եւ, ընդհանրապես, բնապահպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների դրամական միջոցներով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում նոր, ընդարձակ թթաստաններ հիմնել:
Դա շատ կարեւոր գործ կլինի, որով հիանալիորեն կարելի է ամենաուղղակի իմաստով զուգակցել օգտակարը եւ շահավետը: Թթաստանները հնարավորություն կտան վերստին ունենալ թանկարժեք բնական մետաքսի արտադրություն, ստանալ բուժական հատկություններ ունեցող թթի օղի եւ, իհարկե, անմահական դեղամիջոց թթի դոշաբ եւ չամիչ, բնափայտ եւ այլն: Եվ այս ամեն օգտակարի հետ նաեւ ամենագլխավորը՝ վարդագույն սարյակների համար կերի հուսալի բազա ստեղծել, հետեւապես դրանով մեծապես նպաստել այդ թռչնատեսակի գոյատեւմանը, վերականգնել օգտակար, մարդու բարեկամ թռչնի երբեմնի առատությունը, եւ բնությունը, մանավանդ գյուղատնտեսությունը, զերծ պահել չարաղետ մորեխի ավերածություններից:
Թթենին կենսունակ ծառատեսակ է, ուստի նոր թթաստանների հիմնումով կարելի է աչք շոյող կանաչով ծածկել Արարատյան հովտի շրջակա (եւ ոչ միայն) գորշ ու լերկ լեռնալանջերը՝ իր բոլոր հոյակապ արդյունքներով: Որպես վերջաբան հիշատակենք Հարպեր Լիի «Սարյակ մի՛ սպանաներ» գրքի խոսուն վերնագիրը իբրեւ հորդոր:
Այո՛, ո՛վ մարդ, սարյակ մի սպանիր:
Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գրող, հրապարակախոս, պատվավոր որսորդ