Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում շուրջ 1 000 շահառու ստացել է անվճար բուժօգնություն: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը նշեց, որ տարեցտարի ավելանում է շահառուների թիվը:
«Ծրագիրը մեկնարկել է 2019 թ. փետրվարին, եւ մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել շուրջ 1 000 քաղաքացի: Տարիների դինամիկան ցույց է տալիս, որ շահառուների թիվն ավելանում է: 2019 թ. պետական բյուջեից ծրագրի համար փոխանցվել է 650 մլն դրամ, 2020 թ.՝ 870 մլն դրամ, իսկ 2021-ի համար 1 մլրդ 100 մլն դրամ է նախատեսված: Ասեմ, որ ծրագրից ոչ ոք դուրս չի մնում, բուժառուների թվի ավելացմանը զուգահեռ ավելանում են պետական բյուջեի հատկացումները»,- ասաց Ա. Աղաջանյանը:
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը նշեց, որ շահառուները բոլոր տարիքային խմբերի այն բուժառուներն են, որոնք համապատասխանում են ծրագրի չափանիշներին: Սահմանված է, որ հիվանդը պետք է առաջին 4 ժամերին հասցվի հիվանդանոց, դրանից բացի, բուժառուները չպետք է ունենան հակացուցում սահմանված դեղորայքը կամ բժշկական միջամտությունը ստանալու համար:
«Կաթվածները հիմնականում հանդիպում են բարձր տարիքային խմբերում՝ 65 եւ ավելի: Ասեմ, որ նկատվում է հիվանդության երիտասարդացում: Խնդիրն ընդհանրապես ավելի շատ տղամարդիկ ունեն, սակայն երիտասարդների շրջանում կանայք են գերակշռում՝ պայմանավորված հղիության բարդություններով, համակարգային հիվանդություններով, հակաբեղմնավորիչների ընդունմամբ»,- ասաց Եկատերինա Հովհաննիսյանը: Մասնագետի խոսքերով՝ մոտ 90 տոկոսով հնարավոր է կանխարգելել գլխուղեղի կաթվածը, անհրաժեշտ է ռիսկի գործոնները (զարկերակային ճնշումը, հիպերխոլեստերինը, ավելորդ քաշը, շաքարային դիաբետը) հաշվի առնելով` կառավարել դրանք:
Արմինե Աղաջանյանը նկատեց, որ ծրագիրը տալիս է իր արդյունքները: Եթե մինչեւ ծրագրի ներդրումը գլխուղեղի իշեմիկ կաթվածով խոշոր անոթի վնասման դեպքում բուժառուների 2/3-ը ձեռք էր բերում կամ ծանր հաշմանդամություն, կամ մահանում էր, ապա ծրագրի շրջանակներում բուժում ստացած բուժառուների շուրջ 70 տոկոսը դառնում է ինքնասպասարկվող: Ինչը բավական լավ ցուցանիշ է: Գլխուղեղի անոթային հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը 2005 թ. 4 հազար է եղել, 2010 թ.՝ շուրջ 3 հազար, 2015 թ.՝ 2 հազար 400 եւ 2019 թ. մոտ 2 հազար է:
Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է այն ընդլայնել՝ ծառայությունը հասցնելով նաեւ մարզեր: Առաջիկայում այն կկիրառվի Գյումրու եւ Վանաձորի բժշկական կենտրոններում: Շուտով կսկսվեն մասնագետների վերապատրաստման աշխատանքները: