Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որի նպատակն է 44-օրյա պատերազմի տնտեսական եւ սոցիալական հետեւանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելը հունիս ամսվա համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ հաստատվել է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը։ Միջոցառման շրջանակում դրամական օգնությունները շահառուներին արդեն իսկ վճարվել են մարտ-մայիս ամիսների համար։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից միջոցներ են հատկացվում խնդրո առարկա միջոցառման շրջանակում շահառուներին վերջին՝ հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքը առաջին անգամ հունիս ամսին ձեռք բերած անձանց՝ նաեւ նախորդ ամիսների դրամական օգնությունը տրամադրելու համար»,- ասաց Նարեկ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ խոսքը 68-հազարական դրամի մասին է:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պահանջվող գումարը կազմում է 7 մլրդ 744 մլն դրամ, որից պետական բյուջեից հատկացվող գումարը կազմում 5 մլրդ 864 մլն դրամ, իսկ պահուստային ֆոնդից պահանջվող գումարը՝ 2 մլրդ 200 մլն է, մնացած 3 մլրդ 684 մլն դրամը կտրվի նախարարության միջոցով իրականացվող միջոցառումների հաշվին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է Արցախում կամաց-կամաց աջակցության ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերին, տնտեսության ակտիվությունը խթանող ծրագրերին:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ միայն սոցիալական բլոկով կառավարությունը ծախսել է 61,8 մլրդ դրամ, որը հասնելու է 80 մլրդ դրամի: «Արցախցիներին բնակարաններով ապահովելու համար «Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ պետք է մոբիլիզացնենք 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ երեք տարվա կտրվածքով կառավարության ծախսը կկազմի 52 մլրդ դրամ»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը: