Ադրբեջանի իշխանությունների գրպանի քաղաքագետները, պատմաբաններն ու փորձագետները զօր ու գիշեր լծված են մեր պատմության խեղաթյուրմամբ։ Այստեղ բնավ էական չէ այդ մարդկանց ազգային պատկանելությունը, քանի որ փողի համար սեփական խիղճն ու մասնագետի պատիվը վաճառածները դուրս են որեւէ ազգությունից։
Սովորաբար նմանները որպես «ապացույց» օգտագործում են իրենց նման կողմնակալ այլ «պատմաբանների» ու «փորձագետների» «աշխատություններն» ու «վերլուծությունները»։ Նրանց կողմից քննվող եւ ներկայացվող պատմական տվյալների հիման վրա կատարված պնդումներն ու եզրակացությունները գերազանցապես խեղաթյուրված են եւ մտացածին։ Օրինակ, պատմաբան եւ ռազմական փորձագետ ներկայացող Օլեգ Կուզնեցովը, որն աչքի է ընկնում ընդգծված հակահայկական հոդվածներով, վերջին շրջանում լծված է հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի հերոսական պատմության խեղաթյուրման գործին։ Մասնավորապես իր հոդվածներից մեկում Կուզնեցովը կեղծ տեղեկություններ է ներկայացնում դիվիզայի պատմության վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով այն իրողությունը, որ հայկական 89-րդ դիվիզիան հաղթականորեն հասել է Բեռլին: Հոդվածի հեղինակը միտումնավոր կեղծ տեղեկություններ է տարածում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում ռազմական գործողությունների կովկասյան ճակատի իրադարձությունների վերաբերյալ՝ վիրավորելով ու աղավաղելով դիվիզիայի փառահեղ անունը: Դրանով նա ցանկանում է նսեմացնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մեջ հայերի ունեցած անգնահատելի դերը։ Հայերիս կեղծարարությունների մեջ մեղադրող այսպես կոչված պատմաբանն ու ռազմական փորձագետը չի զլանում եւ կռիվ է տալիս Գարեգին Նժդեհի եւ Դրաստամատ Կանայանի… արձանների հետ։
Ադրբեջանական նավթադոլարների հոտից արբած Կուզնեցովը Կարմիր բանակի հերոսական 89-րդ դիվիզիայի մարտիկներին ու հրամանատարներին մեղադրում է «վախկոտության եւ մարտի դաշտից փախնելով զանգվածային դավաճանության մեջ», մինչդեռ որպես պատմաբան պետք է իմանար, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ։ «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Վլադ Վարդանյանը «Ռեգնում» գործակալության անցած տարի հրապարակած «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական մեծ պատերազմում եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում» հոդվածում նշում է, որ մարտերի ընթացքում ցուցաբերած սխրագործությունների համար 106 հայ զինծառայող արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Մարշալ Բաղրամյանը եւ լեգենդար օդաչու, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը երկու անգամ պարգեւատրվել են ԽՍՀՄ հերոսի «Ոսկե աստղ» մեդալով: 26 հայ դարձել է «Փառքի շքանշանի» բոլոր երեք աստիճանների ասպետ։ Մարտի դաշտում զորքերի հրամանատար էին 68 հայ գեներալ, մեկ ծովակալ (Ի.Ս. Իսակով) եւ ավիացիայի մեկ մարշալ (Ս. Ա. Խուդյակով՝ հայ. Ա. Խամփերյանց)։ Պատերազմից հետո 86 հայի շնորհվել է գեներալի կոչում, իսկ 9-ին՝ ծովակալի կոչում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ գեներալի եւ ծովակալի կոչումներ են շնորհվել պատերազմի 165 հայ մասնակիցների։ Վարդանյանը առանձին անդրադառնում է նաեւ համաշխարհային պատերազմին սփյուռքահայերի մասնակցությանը։ Եվրոպայի տարածքում պարտիզանական ջոկատների կազմում, ինչպես նաեւ դաշնակիցների զորքերում ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում կռվել է ավելի քան 20 հազար հայ. «Ոսկե տառերով իր անունը գրեց Միսակ Մանուշյանը՝ Ֆրանսիայի ազգային հերոս, Դիմադրության առաջնորդներից մեկը։ Հատուկ հիշատակման է արժանի Էռնեստ Դերվիշյանի սխրանքը, որը Իտալիայում դաժան մարտերում կարողացել է կարեւոր դիրքեր գրավել եւ գերեվարել գերմանական ջոկատ: Այդ ժամանակ լեյտենանտ, իսկ հետագայում գնդապետ Դերվիշյանը արժանացել է ԱՄՆ բարձրագույն ռազմական պարգեւին՝ Պատվո մեդալին»։
Փաստորեն պատմության կեղծարարներին ծանր է աշխատանք սպասվում, քանի որ ճշմարտությունը թաքցնելու համար նրանք ստիպված պետք է խեղաթյուրեն նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ բոլոր այն երկրների պատմության այս շրջանը, որտեղ արձանագրված է հայերի հերոսական անցյալը։ Եթե այս ամենին հավելենք նաեւ այն, որ մարդկության պատմությունը բազմիցս գովերգել եւ փառաբանել է հայ զինվորականի ուժը, հավատարմությունը, հերոսական սխրանքները, ապա մնում է մեզ ենթադրել, որ հակառակն ապացուցել փորձողներն օգտվում են ոչ թե պատմական փաստերից եւ աղբյուրներից, այլ Ադրբեջանի ժողովրդական հեքիաթների ժողովածուից։
Այնինչ կուզնեցովները, կորոտչենկոները, ֆինկելները, միխայլովներն ու մյուս «մասնագետները» Ադրբեջանի կողմից ուղղորդված փորձում են ստեղծել կեղծ ապացուցողական բազա հետագա պատմության խեղաթյուրումների եւ կեղծարարությունների համար։ Այս ամենի հասցեատերը ոչ միայն միջազգային հանրությունն է ու գիտական համայնքը, այլեւ հայ ազգի իմունիտետի թուլացումը, որն ամուր է լինում ինքնաճանաչման շնորհիվ։ Այստեղ կարեւոր նկատառում կատարենք, որ վերջիններս սրանով ոչ միայն խեղաթյուրում են պատմությունը, այլեւ փորձում են «զրկել» մեզ մեր փառահեղ հաղթանակներից։ Իսկ հաղթանակները, թեկուզ անցյալի, այն կայծերն են, որոնք կարող են մեծ կրակ բորբոքել։
Ներկայումս անգամ արցախյան «հաղթանակի» ֆոնին շարունակվում է մեկդարյա պատմական ընթացքում այդպես էլ որպես էթնիկ միավոր չձեւավորված Ադրբեջան արհեստական պետության տիտղոսակիր ժողովրդի չհաջողված պատմությունը։ Իսկ չի հաջողվում այն պարզ պատճառով, որ իրենք էլ չեն կողմնորոշվում, թե ինչպիսի էթնիկ պատկանելություն են ուզում ունենալ. թուրք, պարսիկ, մար, թե՞ Աղվանքի ժողովրդի սերունդներից։ Տվյալ պահի նկատառումներից ելնելով՝ շարունակ փոխում են իրենց ծագման առասպելը։ Իսկ եթե իսկապես ուզում են կայանալ որպես էթնիկ միավոր, այլ ոչ թե դեգերել թյուրքական, մարական կամ աղվանական ինքնությունների միջեւ, ապա ամենաարդյունավետ ճանապարհը կլինի իրական արմատներին վերադառնալը, այսինքն՝ դեպի Ալթայի տափաստաններ։ Միգուցե այնտեղ առերեսվեն սեփական էթնիկ էությանը…
Ադրբեջանը, սակայն, խեղաթյուրում է ոչ միայն անցյալը, այլեւ ներկան։ Վերջերս Ալիեւի նախաձեռնությամբ նոր վարչական բաժանում է իրականացվել Ադրբեջանում, ըստ որի ստեղծվել է այսպես կոչված «Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը», որն ընդգրկում է Արցախի Հանրապետության Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները։ Ի՞նչ է սա, եթե ոչ պատմությանն ու հետագա կեղծարարություններին ուղղված հեռահար քայլ։ Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լելյա Աբդուլաեւան, պատասխանելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, հնչեցրել է հերթական վտանգավոր եւ ռազմատենչ հայտարարությունը, թե «ադրբեջանցի ժողովրդի հիշողության մեջ Հայաստանի տարածքն անվանվում է Արեւմտյան Ադրբեջան, որտեղից ադրբեջանցիներն արտաքսվել են 3 անգամ, վերջին անգամ՝ 1988-ին»: Ապա հավելել է, որ «ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հայրենիք վերջիններիս բնական իրավունքն է: Դա տարածքային նկրտում չէ, այլ փախստականների վերադարձ իրենց տուն», ինչն իբր արտացոլված է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:
Այս ամենը մեզ պետք է ավելի զգոն դարձնի, որպեսզի մենք հետեւողական գտնվենք եւ համախմբենք գիտական, փորձագիտական եւ բոլոր մյուս ռեսուրսները՝ ցինիզմի հասնող կեղծարարությունների դեմն առնելու համար։ Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է մեր գիտելիքների եւ կարողությունների սահմաններից մի փոքր էլ անդին հակազդել նմանը չունեցող պատմության խեղաթյուրմանը։ Մեր իրական պատմությունը սերունդներին փոխանցելը ժամանակակիցներիս սրբազան պարտքն է։