1905 թ. Օսմանյան կայսրությունում հիմնադրվեց առաջին հայկական ֆուտբոլային ակումբը. այն կոչվեց ի պատիվ Կոստանդնուպոլսի արվարձաններից մեկի` «Բալթալիման»: Հիմնադիրը հայկական սպորտի ականավոր գործիչ, ֆիզիկական կուլտուրայի հանրայնացման մարտիկ, մարզիկ ու մարզիչ, գրող, մանկավարժ, լրագրող, Օսմանյան կայսրությունում առաջին` «Մարմնամարզ» սպորտային ամսագրի հիմնադիր ու խմբագիր, Համահայկական օլիմպիական խաղերի հիմնադիր Շավարշ Քրիսյանն էր: Նա ապրեց ընդամենը 29 տարի. սպանվեց 1915 թ. օգոստոսի 15-ին…
Պետք է ասել, որ նույն` 1905 թ. ստեղծվեց եւ «Բալթալիմանի» նմանակը` թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը։ «Բալթալիմանի» ու «Գալաթասարայի» առաջին հանդիպումը կայացավ 1906 թ.` Պոլսի մրցախաղերից մեկում. Շավարշ Քրիսյանը չէր մասնակցում խաղին, քանի որ մեկնել էր Արեւմտյան Եվրոպա, ինչը, սակայն, չխանգարեց, որ կարճ ժամանակում կայացած «Բալթալիմանը» 5։0 հաշվով պարտության մատնի «Գալաթասարային»։ Շավարշը թիմի անձնակազմը ձեւավորել էր անկախ սոցիալական ու դասային պատկանելությունից, ինչը չափազանց կարեւոր էր Թուրքիայում հայերին համախմբելու տեսանկյունից։ Մինչ վերոհիշյալ թիմերի ի հայտ գալը Թուրքիայում, իհարկե, կային ձեւավորված ֆուտբոլային ակումբներ, ինչպես հունականն ու անգլիականը, իսկ «Բալթալիմանի» հիմնադրումը ոգեւորիչ առիթ դարձավ հայկական նորանոր ակումբների ստեղծման համար: Այնպես որ, 1910 թ.` 1-ին Համահայկական խաղերի կազմակերպման նախաշեմին, «Բալթալիմանը» վերակազմավորվեց երկու նոր թիմի` «Արաքս», որը միանգամից դարձավ Օսմանյան կայսրության ուժեղագույն ակումբներից մեկը եւ Ռումելիի միջազգային լիգայում ամրապնդեց մրցաշարային հաջողությունները, եւ «Տորք», որը հարազատ ակումբի հետ մասնակցեց Համահայկական խաղերին եւ առանձնացավ իր նախորդից։
Այդպես էլ` որպես իր հիմնադրած «Բալթալիմանը», կարճատեւ կյանքի ընթացքում շատ բան հասցրեց անել Շավարշ Քրիսյանը, որ ծնվել էր 1886 թ. հուլիսի 22-ին` Կոստանդնուպոլսի Պեշիկթաշ թաղամասում, նախնական կրթությունն ստացել տեղի Մաքրուհյան վարժարանում, այնուհետեւ Սկյուտարում` Բերբերյանի հեղինակավոր դպրոցում, ապա ավարտել է թուրքական մայրաքաղաքի արվարձանում տեղակայված ամերիկյան Ռոբերտ քոլեջը, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել սպորտով։ 1906 թ. վեց ամսով մեկնել է Փարիզ` Ժանսոն դը Սայի լիցեյում սովորելու, որի տնօրենին` պրոֆեսոր Դեսպոնիեին, ծանոթ էր դեռ Ռոբերտ քոլեջից, որտեղ ֆրանսիացի պրոֆեսորը մարմնակրթության դասեր էր անցկացնում։ Լիցեյն ավարտելուց հետո Քրիսյանը մեկնում է Լոնդոն, որտեղ արդեն անցկացվում էին 4-րդ օլիմպիական խաղերը։ Այստեղ նա հնարավորություն է ունենում ականատես լինելու սպորտային տոնակատարության կազմակերպման մանրամասներին, որն էլ վերջնականապես ուղղորդում է նրա հետագա գործունեությունը։ 1909 թ. վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ սկսում է տիտանական աշխատանք կատարել սպորտի զարգացման ու ֆիզիկական դաստիարակության ասպարեզում։
Քրիսյանի ուսանելու շրջանում Պոլսի դպրոցներում սպորտով եւ, հատկապես` ֆուտբոլով զբաղվելը մեծ ռիսկի հետ էր կապված. աբդուլհամիդյան իշխանությունները թեեւ բացահայտ արգելք չէին ցուցաբերում, սակայն վճռականորեն անլեգալ պայքարում էին դրա դեմ, հատկապես որ մեծ մասամբ սպորտով զբաղվում էին քրիստոնյաները` հույներն ու հայերը, ովքեր ստիպված մրցամարտերն անցկացնում էին Մարմարա ծովի մեկուսացված կղզիներում։ Երիտթուրքերի իշխանության գալուց հետո որոշ բան փոխվեց. կայսրության եվրոպական եւ անատոլիական մասերում տեղի ունեցավ մշակութային ինքնաբերական դեմոկրատացում, այդ թվում եւ սպորտի ասպարեզում, որն առավել զանգվածային դարձավ` ընդգրկելով նաեւ թուրքերի լայն մասնակցությունը, ինչը, սակայն, չափազանց անհուսալի էր նրանց պարագայում, քանի որ ոչ մի մարզաձեւում ոչ մի կերպ չէին ձգտում քրիստոնյա հայրենակիցների հետ մրցակցության` ընդհուպ մինչեւ օսմանյան պետության անկումն ու հույների եւ հայերի կոտորածները։
Վերադառնալով հայրենի քաղաք՝ Շավարշը հայկական դպրոցներում սկսեց զբաղվել ֆիզիկական դաստիարակության ուսուցմամբ, սակայն դա բավարար չհամարեց իր գաղափարները տարածելու համար եւ հիմնադրեց «Մարմնամարզ» նկարազարդ պարբերականը, որի անդրանիկ համարը լույս տեսավ 1911 թ. փետրվարին։ Սպորտային խնդիրները ներկայացնելով` ամսագիրը հայկական համայնքին նաեւ կոչ էր անում համախմբվել մարզակումբներում, մասնակցել մրցաշարերի եւ ինտեգրվել միջազգային սպորտային մշակույթին։ Սա, իհարկե, դեռ բավարար չէր գաղափարներ իրագործելու ճանապարհին։ Իրադարձությունները սրընթաց էին. խմբագրությանն ուղղված նամակներում մեծ հետաքրքրություն եւ ձեռնարկմանը մասնակցելու ու աջակցելու հայտեր էին ներկայացվում: Ձեւավորված ակումբներն ու ընկերությունները պայմանավորվում էին Օսմանյան կայսրությունում առաջին համահայկական մրցաշարեր անցկացնելու մասին։ Մեկ ամիս էլ չանցած` արդեն 1911 թ. մայիսի 1-ին, Կոստանդնուպոլսի արվարձաններից մեկում, «Յունիոն» ակումբի մարզադաշտում «Մարմնամարզի» եւ անձամբ Շավարշ Քրիսյանի հովանավորությամբ պատմության մեջ առաջին անգամ կայացան Համահայկական 1-ին օլիմպիական խաղերը, որ դարձան շարունակական, եւ մինչեւ տարեվերջ Շավարշի հովանավորությամբ 60-ից ավելի մարզակումբներ բացվեցին ոչ միայն Պոլսում, այլեւ Արեւմտյան Հայաստանի այլ քաղաքներում եւս, ինչը վարակիչ դարձավ ողջ աշխարհում սփռված հայերի համար, եւ հայկական այլ գաղութներում եւս հիմնվեցին Համահայկական խաղերի ու սկաուտական շարժման ակումբներ։
«Մարմնամարզի» էջերում մարզաշխարհի մասին տեղեկություններից ու հասարակական հետաքրքրություն ներկայացնող նյութերից բացի, տպագրվում էին տեսական հոդվածներ. սպորտը մաքրվում էր ավելորդություններից, համակարգվում եւ գիտական մոտիվացիա էր ձեռք բերում` աստիճանաբար ընդգրկելով նաեւ մուսուլման հասարակության ներկայացուցիչներին, եւ անգամ կանանց էր կոչ արվում միանալ սպորտային շարժմանը, ինչը անտարբեր չէր կարող թողնել թուրքական իշխանություններին. Քրիսյանի հասցեին սկսեցին հնչել հաշվեհարդարի սպառնալիքներ։ Եվ, այնուամենայնիվ, Համահայկական 2-րդ օլիմպիական խաղերը կայացան նույն տեղում` 1912 թ. հունիսի 23-ին, որը, ըստ էության, Ստոկհոլմում կայանալիք 5-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նախապատրաստական փուլ էր։ Սա առիթ էր, որ հայ մարզիկները ներկայացնեն հայ ազգը միջազգային հարթակում, միեւնույն ժամանակ նրանց էր վերապահվում բարձրացնել թուրքական պետության դրոշը, քանի որ թուրք մարզիկներ պարզապես չկային, որ մասնակցեին նման միջոցառման։ Խաղերին մասնակցելու էին Մկրտիչ Մկրյանը եւ Վահրամ Փափազյանը։ Այդ մասին Շավարշ Քրիսյանը գրում է. «Այնքան էլ կարեւոր չէ, Վահրամ Փափազյանը առաջինը կլինի թե վերջինը. կարեւորը նրա մասնակցությունն է՝ որպես հայի։ Թեկուզ նա լինի վերջինը, բայց հանդես գա այնտեղ, թող մեծ ազգերի այդ ֆորումին ներկայանան նաեւ հայերը։ Արդեն երեսուն տարի է` հայերը Եվրոպայում հայտնի են որպես կողոպուտների եւ սպանությունների ենթարկված ազգ, որպես արյան եւ արցունքի հոմանիշ, եւ այժմ եկել է ժամանակը, որ մեր մասին այլ կերպ խոսեն։ Մենք ուզում ենք, որ քաղաքակիրթ աշխարհն իմանա մեր մասին նաեւ մեր նվաճումներով»։
Ու չնայած մեր մարզիկները Ստոկհոլմից վերադարձան առանց մեդալների, նրանց մասնակցությունը դրական ընդունվեց հայկական համայնքի կողմից։ Մկրտիչ Մկրյանը թեթեւ ատլետիկայի գծով գրավեց 5-րդ տեղը, իսկ Վահրամ Փափազյանը 1500 մ մրցատարածությունում լինելով առաջատար, կորցրեց գիտակցությունը չնայած եզրագծին մի քանի մետր էր մնացել… Հայկական սպորտային առողջ մրցակցությունն ու խանդավառությունը թուրքական իշխանություններն ընդունեցին ազգայնամոլական խանդով. Առաջին համաշխարհայինի նախօրեին մուսուլմաններին կարգադրված էր ամեն գնով պայքարել ազգային փոքրամասնությունների սպորտային հաջողությունների դեմ, այնպես որ Թալեաթ փաշայի հսկողության ներքո այն ընդունեց պաշտոնական ու բացասական բնույթ. հունական ու հայկական սպորտային կազմակերպությունների դեմ սկսվում է իսկական պատերազմ ու ահաբեկչություն։ 1914 թ.` Առաջին համաշխարհայինի հենց սկզբից, լույս է տեսնում «Մարմնամարզի» վերջին համարը։ Քրիսյանը մտադիր էր, Ֆրանսիայի դեսպանի միջնորդությանը դիմելով, Ֆրանսիայի կողմից մասնակցել պատերազմին, սակայն հիվանդանում է, եւ ցանկությունը չի իրականանում։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը բազում մտավորականների թվում կալանավորվում է եւ Շավարշ Քրիսյանը, ուղարկվում Անկարայի Այաս բանտ, որտեղ նույնպես շարունակում է մարմնամարզության դասեր տալ, իսկ երբ 20 հնչակյանների կախաղանի լուրը հասնում է Այաս, բանտում իրարանցում է սկսվում. բանտապահները սկսում են կասկածել Քրիսյանի դասերին եւ, 1915 թ. օգոստոսի 15-ին բանտից դուրս բերելով նրան, Անկարայի ծայրամասերից մեկում սպանում են։
Շատ քրիստոնյա մտավորականների սպանեցին, գլխատեցին, տանջամահ արեցին թուրքերը, սակայն չկարողացան սպանել այն բանաստեղծությունները, որ երկնել էին նրանք, չկարողացան ոչնչացնել այն հրաշաբառ արձակը, որ դուրս էր եկել նրանց գրչից, չկարողացան գլխատել այն գաղափարները, որ հղացել էին, իսկ թուրքերն այդպես էլ չհասան այն բարձունքներին, որոնք այդպես անխնա ոչնչացնում էին. այդպես էլ Շավարշ Քրիսյանի հղացումներն իրականացան նրա մահվանից հետո, քանզի գաղափարական էին ու մարդասիրական եւ ոչ երբեք հակաբանական…