«Նահապետ» հրատարակչությունը նախօրեին լույս է ընծայել հոդվածների ժողովածու «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները» վերնագրով (Երեւան, 2021թ., 92 էջ, տպաքանակը՝ 500 օրինակ): Գիրքը հրատարակել են «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը: Հոդվածների հեղինակները հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, նաեւ առաջատար փորձագետներ են, ովքեր ներդրում ունեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ու խորացման գործում:
Այս բրոշյուրի արժեքը նաեւ այն է, որ Հայաստանի քաաքական պատմության մեջ առաջին անգամ փորձ է արվել միատեղել տվյալ ասպարեզում ակտիվորեն աշխատող եւ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշինքը ամրապնդել եւ խորացնել ցանկացող տարբեր քաղաքական ուժերի վառ ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: Ներկայացված են նաեւ փորձագիտական կարծիքներ այդ դաշինքի կատարելագործման խնդիրների վերաբերյալ:
Կազմողն ու նախաբանի հեղինակն է «Ինտեգրացիա եւ զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Գլխավոր խմբագիրն է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Այս գիրքը ստեղծողները դիմել են բազմաթիվ քաղաքական ուժերի առաջնորդների, խնդրելով ներկայացնել իրեն դիրքորքշումներն ու մոտեցումները տվյալ հարցում նախընտրական մարաթոնի օրերին: Որոշ քաղաքական ուժեր եւ առանձին քաղաքական գործիչներ հրաժարվեցին մասնակցել այդ նախագծին, պատճառաբանելով դա արտակարգ զբաղվածությամբ եւ ազատ ժամանակի բացակայությամբ: Եվ այդ պատճառով էլ ավելի արժեքավոր է առաջատար քաղաքական ուժերի պատասխանատու ներկայացուցիչների աշխատանքը: Նրանք սիրահոժար համաձայնեցին մասնակցել այս գրքի ստեղծմանը: Ներկայացվող հոդվածների ժողովածուն տալիս է ամբողջական պատկերացում տվյալ հարցում հայկական մոտեցումների եւ դիրքորոշումների մասին եւ կոչված է խրախուսելու հետագա հանրային քննարկումներ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի արդիականացման հասունացած թեմայով:
Հրատարակությունն առնչված է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի VIII գումարման առաջին նստաշրջանին: Այն հասցեագրված է քաղաքական, հասարակական գործիչներին, փորձագետներին, լրագրողներին, դասախոսներին, ասպիրանտներին եւ ուսանողներին, ովքեր ուսումնասիրում են քաղաքական, տնտեսական գործընթացները եւ միջազգային հարաբերությունները, ինչպես նաեւ ընթերցող լայն շրջանակին:
Գիրքն արդեն տարածվել է առաջատար քաղաքական կուսակցություններում եւ դաշինքներում, հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններում, առաջատար հայկական ԶԼՄ-ներում: Բավարար քանակությամբ այն բաշխվել է նաեւ Հայաստանի խոշորագույն գրադարաններին: