«Ես հակատանկային թնդանոթների հրամանատար էի։ Գիշերը մենք անշշուկ դուրս էինք գլորում թնդանոթները իմ հնարած ձեւով` ռելսերի վրա։ Հաշվարկը ճշգրիտ էր։ Իմ գումարտակը թշնամու տանկերին հարվածում էր նրանց համար անսպասելի։ Իսկ գերմանացի դիպուկահարներին չէր հաջողվում հայտնաբերել ու ոչնչացնել մեզ։ Պատերազմի տարիներին ես կորցրել եմ միայն մեկ զինվոր»:
Թադեւոս Մամիկոնի Աղախանյան
Ո՞վ էր նա` Թադեւոս Մամիկոնի Աղախանյանը… Հայաստանում, հավանաբար, քչերը գիտեն նրան, էլ չեմ ասում` լայն զանգվածների մասին, թեեւ նա զտարյուն հայ է եւ ծնվել է Աշտարակում` Էջմիածնի գավառ, 1924 թ. օգոստոսի 13-ին, բժշկի ընտանիքում։ Գերազանց ավարտել է միջնակարգը Լենինականում։ 1941 թ. Երեւանի պետհամալսարանի մեխանիկա-մաթեմատիկական առաջին կուրսից նրան ուղարկում են Թբիլիսիի լեռնահրետանային ուսումնարան, որն էլ ավարտելուց հետո ուղարկվում է Հյուսիսկովկասյան ճակատ, այնուհետեւ մարտնչում մարշալ Կոնեւի հրամանատարությամբ գործող 15-րդ գվարդիական դիվիզիայի շարքերում, մասնակցում Կուրսկի աղեղի, Լենինգրադի համար մղվող մարտերին, երկու անգամ վիրավորվում։ Մարտերն ավարտում է Լիեպայում (Կուռլանդիա), ավագ լեյտենանտի կոչումով, ստանում առաջին պարգեւը` Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան։ Մահվան մասին չէր մտածում եւ ճիշտ էր անում. կյանքի հետ չգրված պայմանագիր ուներ… 1945 թ. մայիսի 9-ին նախատեսված գրոհը կանխվեց մայիսի 8-ի երեկոյան` գերմանացիների բարձրացրած սպիտակ լաթերով. առավոտյան խորհրդային ժողովրդի համար հաղթանակի եւ տոնական օր էր լինելու… Այսպես էր տնօրինել ճակատագիրը, քանզի հազիվ թե 1941 թ. շրջանավարտների մտքով անցներ, որ դեռ հասունության վկայականները չստացած` վազելու են զինկոմիսարիատ` ռազմաճակատ մեկնելու աներեր որոշումով… Այո, 1941 թ. հենց հունիսի 22-ին Թադեւոսը` շատերի նման, պիտի ստանար ավարտական վկայական, սակայն պատերազմը փոխեց տոնական օրվա խորհուրդը, թեեւ տղաներին բանակ չտարան. նրանց 18-ը դեռ չէր լրացել։ Աղախանյանին բանակ զորակոչեցին 1942 թ. օգոստոսին, երբ լրացավ 18 տարին։
Պատերազմը` պատերազմ. հաղթանակից հետո սպասվում էր բաղձալի ուսումնառության ու աշխատանքային, գիտական հայտնագործությունների շրջան, ինչն արդեն ճակատագրի` սեփական թելադրանքն էր եւ ոչ թե հանգամանքների. պատերազմի մարտահրավերն ընդունած ապագա գիտնականը դեռ սովորելու բան ուներ, ինչը հաճախ էր երազում պատերազմի արհավիրքների դաժան միջոցներին` անմարդկային տեսարաններին ու այրված դաշտերի խանձահոտին հակադրելով ուսանողական աղմկոտ քաղաքի բազմահարկ լաբորատորիաներն ու մեծ, լուսավոր լսարանները։ Պատերազմի ավարտից երկու տարի անց` 1947 թ. մայիսի 9-ին, նա արդեն Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի ուսանող էր։ Այնուհետեւ գերազանցությամբ ավարտեց ազգային հետազոտական միջուկային ինստիտուտը` «ՄԻՖԻ»-ն (Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ), որտեղ էլ առաջարկեցին մնալ աշխատելու` էլեկտրոնիկայի ամբիոնում. Աղախանյանը այն ղեկավարեց շուրջ 26 տարի` 1965-1991 թթ.։ Նրա ուսանողները չէին թաքցնում հիացմունքը պրոֆեսորի հանդեպ: «Թադեւոս Մամիկոնի Աղախանյանը «Ռուսական էլեկտրոնիկայի հայրն է»,-ասում էին նրանք։- Ողջ առարկայի մասին գիտե ամեն ինչ, քանի որ ինքն է հղացել այն»։ Նրա անունը գրված է «20-րդ դարի ականավոր գիտնականներ» գրքում, գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ-ում ռադիոէլեկտրոնիկայի եւ կիսահաղորդչային էլեկտրոնիկայի տեսության հիմնադիրներից. աշխատությունները վերաբերում են կիսահաղորդչային էլեկտրոնիկայի եւ միկրոէլեկտրոնիկայի սարքերի տեսության, մշակման ու կիրառման հարցերին եւ այլն, հեղինակել է մի շարք գիտական գրքեր` տրանզիստորային էլեկտրոնիկայի հիմնախնդիրների, նանոակնթարթային իմպուլսային տեխնիկայի հիմնախնդիրների, ինտեգրալ միկրոսխեմաների մասին, ինչպես եւ համահեղինակ է ինտեգրալ միկրոսխեմաներում ռադիացիոն էֆեկտների եւ բժշկական սարքերում էլեկտրոնային սարքավորումների մասին ուսումնական ձեռնարկի։ Պարգեւատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երկու շքանշանով, Ժողովուրդների բարեկամության շքանշանով եւ 33 մեդալով։
Սովորելու, հանուն հայրենիքի մարտնչելու եւ գիտությամբ զբաղվելու հետ մեկտեղ Թադեւոս Աղախանյանի ձիրքերից մեկն էլ ուսուցչությունն էր, ինչը նա անում էր բարեխղճությամբ ու մեծ սիրով` թե՛ դեպի գիտությունը եւ թե՛ ունկնդիրները։ Ուսուցչության մկրտությունն ստացավ Լենինականի դպրոցում, երբ դեռ աշակերտ էր. ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչն հիվանդացել էր. նրա երաշխավորությամբ էլ Թադեւոսը փայլուն կատարեց հանձնարարությունը։ Այդ մասին ընտանեկան արխիվում պահպանվել է 1941 թ. քաղաքային թերթի մայիսյան խունացած մի համար: Թերթի մի երեսին Ասիայում, Աֆրիկայում ու Եվրոպայում ռազմական գործողությունների մասին պատկերն է, մյուս երեսին` Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցի տասներորդ դասարանցի Թադեւոս Աղախանյանի մասին վերոհիշյալ պատմությունը։ Արդեն զարմանալի չէ, որ դասախոսական տարիներին պատրաստել է 50 գիտության թեկնածու, տասնյակ ուսանողներ դարձել են գիտության դոկտորներ։ Պրոֆեսոր Յու. Ա. Վոլկովը հպարտությամբ է նշում, որ նրա առաջին ասպիրանտն էր եւ գնահատում է ոչ միայն նրա գիտական եւ ուսուցչական տաղանդը, այլեւ մարդկային բարձր հատկանիշները` բացառիկ աշխատասիրությունը, սկզբունքայնությունը, ուղղամտությունը, կոլեգաների եւ ուսանողների հանդեպ բարյացակամությունը, որով էլ շահել է որպես ամբիոնի ղեկավար իրեն ընտրելու` նրանց վստահությունը։
Աղախանյանը բարձր էր գնահատում ԽՍՀՄ կրթական համակարգը: «Կարիք չկա ընդօրինակել Եվրոպային,- ասում էր նա,- մենք միշտ ենք լավ կրթություն ունեցել։ Իսկ նման նորամուծություններով մենք այն վատթարացնում ենք։ Մեր շրջանավարտերն ասում են, որ երբ գնում են Եվրոպա, մեր կրթությունը սկզբում այնտեղ չեն ընդունում, իսկ երբ սկսում են աշխատել, նրանց արդեն գնահատում են ըստ արժանվույն։ Նույնիսկ հիմա, երբ ճգնաժամ է, մեր շրջանավարտներից որեւէ մեկն անգործ չի մնում, բոլորը պահանջարկ ունեն»։ Սրանով հանդերձ՝ Աղախանյանը դրական էր ընդունում ինստիտուտում կատարվող առաջադեմ եւ ժամանակի պահանջներին համաքայլ փոփոխությունները` դրանք համարելով անհրաժեշտություն։
Մարդկային արժանիքների լրման գործակիցը սերն է. այն այցելեց Թադեւոսին իններորդ դասարանում. երիտասարդ ուսուցիչը սիրահարվեց աշակերտուհուն` Սեդային, միանգամից եւ ընդմիշտ։ Կյանքի որեւէ փորձություն խոչընդոտ չդարձավ նրանց սիրո համար. պատերազմի եւ ուսման երկարուձիգ տարիները պսակվեցին փոխադարձ սիրո խոստովանությունների ու պատմությունների նամակագրությամբ. ամուսնացան հավատարմության հաստատուն կնիքը ձեռք բերած…
Թադեւոս Աղախանյանն իր բովանդակալից ու գեղեցիկ կյանքի ուղին ավարտեց 2011 թ. հուլիս 14-ին` կարճատեւ ծանր հիվանդությունից հետո…