Քաղաքականությունը` քաղաքականություն, պատերազմը` պատերազմ, իսկ կյանքը շարունակվում է իր բոլոր դրսեւորումներով. կյանքում չկան հերթականություններ, թեեւ կան կարեւոր ու երկրորդական խնդիրներ: Ուշադրության առնելով կարեւոր խնդիրները՝ արժե երբեմն անդրադառնալ նաեւ անկարեւոր ու երկրորդական թվացող խնդիրներին, քանզի կարեւոր խնդիրների արդյունավետ լուծումը հաճախ բխում է երկրորդական խնդիրների բնույթից, ինչը կազմակերպում է մեր կյանքի որակը, այսպես ասած` առօրյան, որում ի հայտ է գալիս մարդկային տեսակը…
Վերջին տարիներին քաղաքացիներին անհանգստացնող խնդիրներից մեկն էլ կենդանիներն են, հատկապես` շները. թափառողների մասին շատ է խոսվել. գիտենք, թե որքան անկանխատեսելի է նրանց վարքը եւ որքան վտանգավոր մարդկանց առողջության ու կյանքի համար։ Խնդրի շուրջ բարձրացված աղմուկից հետո դրանով ավելի լուրջ սկսեցին զբաղվել պատկան մարմինները, եւ որոշ չափով մեղմվեց նրանց պատճառած անհանգստությունը, թեեւ պետք է ասել, որ ստերջացած շներն այնքան էլ անմեղ չեն, եւ նրանցից սպասվող վտանգը չպետք է արհամարհել։ Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել փողոցներում փռված այդ ծույլ կենդանիներին, որոնք, երբ չեն ալարում տեղից վեր կենալ, հաճախ խմբեր կազմած` շրջապատելով, ուղեկցում են անցորդներին, ինչն ամենեւին էլ դուրեկան երեւույթ չէ, էլ չասած, որ մարդկանց վրա հարձակվելու բնազդը շատ անակնկալ է արթնանում եւ անսպասելի է այնքանով, որ մարդիկ կարծես սկսել են վստահել դրանց «խաղաղեցված» վիճակին։
Բայց խոսքն այսօր դրանց մասին չէ, այլ դրանց «բախտավոր» ցեղակիցների, ովքեր տուն ու տեր ունեն, այլ կերպ ասած` ընտանի են. ավելորդ չեմ համարում մեջբերել «ընտանի» բառի իմաստային բացատրությունը` ըստ Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի». «Ընտանի-ընտելացրած, ոչ վայրենի, մարդկանց կողմից խնամվող, բուծվող (անասունների եւ թռչունների մասին)»։ Այսինքն` տվյալ կենդանին, որ ապրում է տիրոջ հետ, այլեւս վայրենի չպետք է լինի եւ անկանխատեսելի վարք չդրսեւորի, լինի խնամված ու դաստիարակված, սակայն նման կենդանիների հանդիպելը մեզանում նման է առասպելի. քիչ է, որ կենդանին ընտելացված, դաստիարակված չէ, տերն էլ հետն է, կարծես դաստիարակության կարիք զգում: Արտառոցն այն է, որ հաճախ կենդանին է ընտելացնում տիրոջն ու քարշ տալիս ետեւից, ու որ շան ետեւից վազելիս չկորցնի հավասարակշռությունն ու վայր չընկնի, տերը մի կերպ ձգտում է կառչել մոտակա սյունից կամ ծառի բնից. տեսարանը, իհարկե, զավեշտալի է, մինչեւ նման տիրոջ հետ ակամա շփման տհաճ միջադեպերը… Ո՞վ չի լսել` «մի՛ վախեցեք, չի կծում» արտահայտությունը, այն դեպքում, երբ տիրոջ ձեռքի պարանից կախված կենդանին ուղղակի նետվում է անցորդների վրա, իսկ տերը չի կարողանում զսպել նրան, քանզի բաց է թողել կենդանուն դաստիարակելու կարեւոր պահը, եւ կենդանին դարձել է տիրոջ տերը եւ իր վարքով թելադրում է տիրո՛ջ վարքը, որը, մեղմ ասած, հանդուրժելի չէ, քանզի անցորդներն ստիպված են պաշտպանվել ոչ միայն կենդանուց, այլեւ նրա տիրոջից, որը պակաս ագրեսիվ չէ, երբ հանդիմանում են կենդանուն կամ տիրոջը։
Շնասեր-շնատերերը կենդանի պահելու տարրական կանոնների չեն տիրապետում. իրենց թվում է` կենդանուն տուն բերելով, խնդիրներ չեն առաջանում, մնում է` կենդանու հետ դուրս գալ ու ընդամենը պարծենալ «ունեցվածքով». չէ որ մոդա է, բայց` անգամ մոդայիկ զգեստ ունենալը բավական չէ մոդայիկ լինելու համար, անհրաժեշտ է ներդաշնակել դրա հետ… Հիմա այս շնատերերը նույնիսկ շան կապը պահել չգիտեն, չգիտեն, որ այն պետք է հնարավորինս կարճ լինի, որ շունը ոչ առաջ, ոչ էլ հետ ընկնի տիրոջից եւ քայլի նրան հավասար, որ տերն ստիպված չլինի կա՛մ ինքը քարշ տա նրան իր ետեւից, կա՛մ ինքը քարշ գա շան ետեւից. սա համար մեկ կանոնն է, որ պիտի անգիր իմանա ցանկացած շնատեր, իմանա նաեւ խոսել կենդանու հետ` հանգիստ, առանց գոռգոռալու կամ սպառնալու նրան, առանց ապտակելու կամ ոտքով հարվածելու, վիրավորելու կենդանու ինքնասիրությունը, իսկ ամենազայրացուցիչը կենդանուն որտեղ ասես` նստեցնելն է, միայն թե իրենցից հեռու, պատահական մի տեղ կամ այլոց պատուհանների տակ, իսկ կենդանու հետեւից մաքրելու մասին խոսք անգամ չի կարող լինել. ա՜յդ էր պակաս…
Մտածելու տեղիք է տալիս. ինչո՞ւ է մարդը կենդանի պահում, երբ չգիտի նրա հետ վարվելու կերպը, երբ անգամ նրա կարիքը չի զգում` ո՛չ որպես բարեկամ, ում հետ կարելի է «զրուցել», մտքեր «կիսել», այլ կերպ` ընկերանալ, ո՛չ էլ աշխատանքի բերումով է անհրաժեշտ կենդանու հետ շփումը, երբ մարդու եւ կենդանու հարաբերությունների միջեւ չկա փոխըմբռնում, երբ չեն լրացնում մեկը մյուսին, երբ քարշ են տալիս միմյանց, եւ ամեն մեկը քայլի իր չափն ունի, իր ուղղությունը եւ անկախ են միմյանցից նույնքան, որքան իրենց հետ կապ չունեցող անցորդները…
Ընթերցողը գուցե եւ ձեռքը թափ տա, թե՝ ի՜նչ եմ կորցրել, ի՜նչ եմ ման գալիս… Բայց խոսքը ոչ այնքան շան, որքան մարդո՛ւ տեսակի մասին է, որ այս կամ այն կերպ արմատավորվում է մեր հասարակության ու մեր գիտակցության մեջ. հասարակությունն աստիճանաբար սկսում է ընտելանալ ու հանդուրժել անդաստիարակ, ապաշնորհ, անպատասխանատու, անտարբեր ու ամբարտավան տեսակին եւ թույլ տալիս, որ այդ տեսակը ոչ միայն դառնա գերիշխող, այլեւ որոշող, թելադրող, որն էլ փոխում է հասարակության կերպն ու մշակույթը, կյանքի որակը…