«Ինչպես մեծ Կարսեցին մի օր գրազարդեց եւ գրեց իր կորած ծննդավայրը, եւ ինչպես նրանից հետո մեծ Գորիսեցին բեմ հանեց իր գտնված Կեորեսը, իմ մեծ նախնիների (որոնք միաժամանակ անարժանիս ժամանակակիցները եղան) օրինակով, ես էլ մի վերջին անգամ գրեցի իմ Վանը:
Կուզեի, որ եթե այս գործում կա գեթ դույզն կրակ, հասներ այն ընթերցողի սրտին, իսկ իմ չնաշխարհիկ ծննդավայրի այրված այգեստանների ծուխը՝ Աստծո եւ Նրա բազում ստեղծածների անզգա միրուքին…»:
Գուրգեն ՄԱՀԱՐԻ
Տասներկու-տասներեք տարեկան էր, երբ նրա մանկական վճիտ հայացքում դրոշմվեցին ծննդավայրի՝ Վանի ու այրվող այգեստանների դժոխային պատկերները, երբ հազարավորների հետ իրենք էլ բռնեցին գաղթի փշալից ճամփան, որը դեպի Արեւելյան Հայաստան էր բերելու: Ճանապարհին կորցնելու էր հարազատներին, հանգրվանելու էր երեւանյան որբանոցներում:
Հետո գալու էր ժամանակը՝ այդ ամենի մասին գեղարվեստի լեզվով խասելու, իսկ «Այրվող այգեստաններ» դասական վեպն արժանանալու էր քստմնանքի՝ արհամարհանքի ու ատելության որոմներ շաղ տալով իր շուրջբոլոր…
Ինչեւէ: Վաղը նրա ծննդյան օրն է, ուստի գանք այսօր գրեթե մոռացված գրողի ակունքներից. նրա տոհմական ազգանունը Մուրադխանյան է: Գորգավաճառ նախնիների արմատները Պարսկաստանում են, որոնց հետնորդները, Վան գալով, կնքվել են Աճեմյան ազգանունով, որը կազմված է «աճեմ» կամ «աջամ»՝ արաբերենում «օտարածին» նշանակող բառից: Ութ տարեկանում կորցրել է հորը. քեռին, իբր, պատահաբար արձակված գնդակով սպանել է նրան: Մարդասպան նույն քեռին գաղթի ժանապարհին լքում է հարազատ մորը, քրոջն ու նրա ընտանիքին: Մահանում է տատը: Գուրգենը որբանում է կատարելապես: Եվ՝ որբանոցներ Երեւանում ու Դիլիջանում: Այնուհետեւ՝ ուսումնառություն մայր բուհում: Մի քանի տարի անց բախտը ժպտում է ապագա դասականին՝ գտնում է մորը, ողջ մնացած մյուս հարազատներին: 1918-ից սկսում են տպագրվել նրա բանաստեղծությունները: 1935-ին կազմում է ընտանիք, մեկ տարի անց ծնվում է որդին՝ Գրիգորը: Կարճ՝ ընդամենը մեկ տարի է տեւում նորապսակ ամուսինների համատեղ կյանքը. 1936 թ. օգոստոսի 9-ին անհիմն մեղադրանքներով կալանավորվում եւ դատապարտվում է 11 տարվա բանտարկության՝ աքսորվելով սիբիրյան մահաշունչ կալանավայրեր: Բայց սա գրողի առաջին աքսորն էր, որտեղից վերադառնում է 1947-ին: Մայրն արդեն երկնքում էր, կինը հրաժարվել էր իրենից: Բայց դժբախտության շղթան այդքանով չէր վերջանալու. առաջին աքսորից 444 օր անց Մահարին կրկին աքսորվում է նույն դժոխավայր՝ որպես անբարեհույս տարր: Այս անգամ, սակայն, նա արդեն ազատ աքսորյալ էր, թույլատրվում էր գրել, կարդալ: Ճակատագրի հեգնանքով աշխատում է որպես… խոզապահ: Այստեղ է գրվում «Երիտասարդության սեմին» վիպակը: Այստեղ էլ ամուսնանում է ծանր հիվանդություններից իր կյանքը փրկած լիտվուհու՝ Անտոնինա Պովիլայտիտեի հետ: Ծնվում է կրտսեր Գուրգենը, որը մահանում է պատանի հասակում: Ունենում են նաեւ դուստր՝ Ռութա-Նազիկին, որին նույնպես բախտ չէր վիճակված հասակ առնել:
Ստալինի մահվանից հետո Գուրգեն Մահարին կնոջ եւ գրչակից ընկերների հետ՝ Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենց, ուրիշներ, վերադառնում է հայրենիք, արդարացվում եւ անցնում ստեղծագործական առօրյայի: Գրվում են «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը, «Այրվող այգեստաններ» սքանչելի վեպը: Լույս են տեսնում «Հնձաններ» բանաստեղծությունների եւ «Լռության ձայնը» պատմվածքների ժողովածուները: Դրանց հաջորդում են «Մարդը՝ մարդուն», Կոմիտասին նվիրված «Երգ մահու եւ անմահության» թատերգությունները, «Չարենց- նամե», «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», «Վիլյամ Սարոյանի հետ», «Արծիվ Նաիրի», «Վարդան Աճեմյանի հետ», «Ակսելյան քանդակներ» դիմանկարային-հուշագրական գրքերը:
Տառապանքի քառուղիներով անցած գրողի կյանքի վերջին տարիները չեն անցնում խաղաղ: Պատճառը 1966 թ. լույս տեսած «Այրվող այգեստաններն» էր: Վեպը կարդացած վանեցիները Մահարուն մեղադրում են՝ իբր, Վանն ու վանեցիներին ծաղրելու մեջ, խստագույն քննադատության են ենթարկում ժամանակի ճանաչված ու չճանաչված գրողները, գրականագետները: Նաիրի Զարյանն անգամ պոեմով է ձաղկում գրողին ու նրա վեպը: Չի գրվում գնահատանքի եւ ոչ մի լուրջ խոսք: Այս ամենը ծանրագույն հարված էին աքսորավայրերում առանց այդ էլ խարխլված նրա առողջությանը: Ծանր վիճակում, բուժման նպատակով մեկնում են լիտվուհի կնոջ հայրենիք: 1969 թ. հուլիսի 17-ին Լիտվայի Պալանգա առողջարանային քաղաքում էլ անվանի գրողը հրաժեշտ է տալիս երկրային կյանքին…
«Եթե այս րոպեին ներս մտներ ահեղ եւ ամենակարող Տերը, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր եւ ասեր.- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչեւ գերեզման, ինչպես որ ցանկանաս, եւ կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել: Ես նրան կպատասխանեի առանց վարանելու.
-Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի…»:
Իսկ նա ապրեց որպես սերմնացան եւ իր հունձքը թողեց հայ գրոց ոստանում: