Գիտելիքը լույս է, որն ուղեկցում է յուրաքանչյուրիս այն պահից սկսած, երբ առնչվում ենք նրա հետ։ Այսօր ավանդաբար նշվում է գիտելիքի եւ դպրության օրը, որը հիշարժան է հատկապես առաջին դասարանցիների համար։ Նրանք իրենց առաջին քայլն են անում գիտելիքի եւ «մեծ կյանքի ճանապարհին»։ Թեեւ օրն աշխատանքային է, սակայն տոնական տրամադրությունը բոլորովին այլ զգացողություններ է պարգեւում ոչ միայն երեխաներին, այլեւ ծնողներին։ Այս օրը ամառային արձակուրդներից հետո նոր կյանքով եւ մանկական ձայներով է լցվում դպրոցը, անգամ քաղաքն է այլ ձայներով հարստանում. ակտիվ եռուզեռ, մանկան ծիծաղ, մեծահասակների զրույց, եւ այդ ամենն այնքա՛ն ներդաշնակ ու սպասված է լինում։
Բոլոր ժամանակներում մարդկությունն առանձնահատուկ կարեւորություն է տվել գիտելիքին ու դպրությանը։ Կրթությունն է թույլ տալիս անհատին դառնալ ազատ եւ ուժեղ, ինչպես նաեւ հնարավորություն ունենալ՝ տնօրինելու իր կյանքը եւ կենսագործելու սեփական ծրագրերն ու նպատակները։ Կրթված անհատներից բաղկացած հասարակություններն ու ազգերն են ի զորու բարեփոխելու, կատարելագործելու սեփական ներկան՝ նախանշելու համար ավելի զարգացած եւ ներդաշնակ ապագան։ Մեկ անգամ չէ, որ տգիտության կամ գիտելիքի լույսի բացակայության պատճառով մարդկությունը խարխափել է խավարի մեջ, գործել սխալներ, երբեմն՝ անշրջելի, եւ միայն իմացության լույսն է խավարից դուրս գալու ճանապարհներ ցույց տվել։
Այս տարի առաջին անգամ դպրոց է հաճախում շուրջ 37 հազար երեխա։ Առաջին դասարանցիների «սեպտեմբերմեկյան» տոնական միջոցառումներն ու առաջին հանդիպումն ուսուցիչների հետ տեղի են ունեցել երեկ։ Ի տարբերություն նախորդ տարվա, երբ համավարակով պայմանավորված ուսումնական տարվա մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 14-15-ը, այս տարին սկսվեց «ճիշտ ժամանակին» եւ ամենակարեւորը՝ առկա ձեւաչափով։ Անցած տարվա իրադարձություններն օգնեցին վերագնահատել եւ մեկ անգամ եւս արժեւորել գիտելիքի ու ուսման կարեւորությունը, սպասել ուսումնական տարվա եռուզեռին, նախապատրաստական հոգսերին ու տոնական միջոցառումներին, որպեսզի երկինք բարձրացող գունավոր փուչիկներն ու մանուկների անմեղ ծիծաղը մի բուռ ժպիտ եւ բարություն պարգեւեն մեր հոգսաշատ երկրին։