«Փաշեն նստել է ձին։ Ձին խրխնջացել է ու առջեւի ոտքերը բարձրացնելով էնպես է զարկել Խոյ քաղաքի պատերին, որ պատը մեջտեղից ճղվել է, ու ինքն ու իր ձին մտել են ներս։ Ծուխն ու մուխը, ձիու խրխինջն ու թոփի ձենը խառնվել են իրար։ Ա՜յ, դրան կասեն փաշա, դրան կասեն հրեղեն ձի։ Իսկ դու եկել աչք ես տնկել էս քոսոտ գրաստին»…
Խաչիկ Դաշտենց
Խաչիկ Դաշտենցի` զանգեզուրցի ծեր գյուղացին Անդրանիկի կորցրած ձիուն համետել ու, «վրան քառսուն փութ աղուն բարձած», գոհ ու երջանիկ գնում է` պատկերացում իսկ չունենալով, թե ում ձիուն է տիրացել։ Անդրանիկը սարուձոր ընկած` փնտրում է իր Ասլանին ու մտքի ծայրով չի էլ անցնում, որ իր վագրատես, բարակ ու բարձր ոտքերով հրեղեն ձիուն հնարավոր է բեռնաձի դարձնել… Ամեն կերպ փորձում է վերադարձնել անբաժանելի ընկերոջը, բայց գյուղացին անդրդվելի է ու սեփական պատկերացումներն ունի մեծ զորավարի ու նրա երիվարի մասին, որ ոչ մի կերպ չի համատեղվում իրականության հետ. իր առջեւ կանգնած` հսկայի տեսք չունեցող, ախոռապետ ներկայացողը ո՜նց կարող է հանկարծ ամենահաղթ Անդրանիկ փաշայի ծառան լինել, իսկ իր համետած քոսոտ գրաստը` Անդրանիկի հրեղեն ձին…
Այսպես է` ժողովուրդն իր հերոսներին հերոսացնելու սեփական ձեւն ունի, պատկերացնելու, ճանաչելու կերպը, եւ որեւէ մեկը չի կարող նրան համոզել, թե ազգի հերոսը կարող է ախոռ կամ ախոռապետ ունենալ, երբ «Նրա բարձը մի ժեռ քար է ու ձիու սանձը միշտ բռի մեջ։ Մեր փաշան ոչ տուն ունի, ոչ ախոռ», ոչ էլ խառը ժամանակներում կարող է հանգիստ քնել վրանի տակ. գյուղացին չէր սխալվում` ազգի հերոսը քնած չէր, այլ կանգնած էր իր դիմաց, որ նույնպես անհամատեղելի էր նրա մասին պատկերացումների հետ, քանզի վստահ էր, որ «Շապինանդն հիմա Խոյ քաղաքի թագավորի թախտին նստած իր շորերն է թափ տալիս գնդակներից»։ Հերոսը միշտ կռվի մեջ է, հսկայամարմին ու անհաղթ ու գործ չունի հասարակ ժողովրդի հետ…
Եվ, իսկապես, Անդրանիկը լեգենդ է, բայց լեգենդի վրա ժողովուրդն իր լեգենդներն է հյուսել, որ ամենեւին չեն չափազանցնում իրականությունը, չասած, որ մեղմում են այն… Անդրանիկին պատկերացնելով գերմարդ, մի կողմից, կարծես՝ բնական են համարում նրա անվեհերությունը, մյուս կողմից` ենթագիտակցորեն, իրենց դուրս են դնում պատասխանատվության այն աստիճանից, որով օժտված է գերմարդը, այսինքն` իրենք չեն կարող հավասարվել նրան ու նույնքան բեռ վերցնել իրենց ուսերին, ուստի ազատ են իրենց գործողություններում, ու թող գերմարդը ոնց ուզում է` հարցերը լուծի։ Այնինչ, ինչպես Անդրանիկը ու մեր շատ լեգենդ դարձած հերոսներ ամենեւին էլ հսկայամարմին ու գերմարդ չեն եղել ու ոչ էլ` օժտված կիկլոպյան ուժով. այդ ուժը սերն էր ծնում հայրենիքի ու նրա ազատության, փրկության հանդեպ, այն ծնողական կամ որդիական սերը, որ բնությունից է մարդու մեջ, ինչը, ցավոք, ոչ բոլորն են զարգացնում ներաշխարհում` անձնվիրության ու անձնազոհության աստիճան. մտածում են` ինչ էլ լինի, կգա մի սպարապետ Վարդան Մամիկոնյան, կկռվի պարսիկների ու դավաճանների դեմ, կգա Ծուռ Դավիթը` Քուռկիկ Ջալալիով ու Թուր Կեծակիով, ծնկի կբերի Մսրա Մելիքին, կգան Նժդեհը, զորավար Անդրանիկը, թուրքերից կմաքրեն հայրենիքը, կգա մի սպարապետ Վազգեն Սարգսյան, հավատ կներարկի սեփական ուժերի հանդեպ, ոտքի կկանգնեն ազատամարտիկները, կռիվ կտան, կզոհվեն, իսկ իրենք, ամեն դեպքում, կվայելեն պտուղները…
Թերեւս հասկանալի է մարդկային բնույթը. ոչ բոլորն են օժտված նույն ունակություններով, նույն ոգով, նույն արիությամբ. զենք բռնելը նույնպես արվեստ է, ու եթե մեկը չի տիրապետում դրան, խուսափում է, վախենում, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ ու ներել, բայց աններելի է, երբ դավաճանում են` շատ լավ գիտակցելով դրա հետեւանքներն ու պտուղները, որոնց դեմ, ցավոք, մեր զորավարները, այդ թվում եւ Անդրանիկը, ստիպված են եղել ուժեր ու ժամանակ վատնել… Այո, ժողովուրդը պաշտում է Անդրանիկին ու նրա նման հերոսներին, սակայն այդ նույն ժողովուրդը պաշտամունքի կրավորական կեցվածքից պետք է դիմի գործնական քայլերի ու ծնի այնքան Անդրանիկներ, որ հերոսությունը դառնա առօրյա, ինչն ամենեւին էլ ուտոպիական հղացում չէ, եթե նպատակային է ու կամային. դրա համար անհրաժեշտ է ընդամենը աճող սերնդի մեջ սեր ներարկել մերձավորի ու հայրենիքի հանդեպ, ճանաչելի դարձնել այն` աշխարհագրությամբ ու պատմությամբ, լեզվով ու ազգային արժեքներով, ուսուցանել ռազմի արվեստը` սկսած դպրոցից, քաջալերել արիությունն ու անձնազոհությունը, գնահատել անհատի ունակությունները նեղ-մասնագիտական ասպարեզում եւ ծառայեցնել հանուրին. չէ որ յուրաքանչյուր ազնիվ աշխատանք ներդրում է հայրենիքի ու պետության կայացման, պաշտպանության գործին…
Հիշենք ու չմոռանանք, որ Անդրանիկը ոչ միայն մեր պարծանքն է, այլեւ մեր պարտքը նրա ու հայրենիքի հանդեպ, ընդունենք, որ նա գերմարդ չէր, այլ իր անձից ավելի սիրում էր այն, ինչ կոչվում է Հայրենիք, ու նրա ուժն էլ հենց այդ սիրուց էր բխում… Սիրենք, պահպանենք ու պաշտպանենք այն, ինչ մերն է, որ ուրիշները մեզնից առավել չսիրեն ու չզրկեն մեզ մեր ունեցածից…