Հոչանցասարի ստորոտում է Հոչանց հայոց պատմական գյուղը, որի ազատագրումը թուրքերից տեղի ունեցավ 1992-93 թթ.: Երբ բացվեց Արցախը Մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը, ազատագրվեց նաեւ Հոչանցը, որը Լաչին-Բերձորի դիմացն է՝ ուղիղ գծով մոտ 10 կմ արեւմուտք: 1992 թ. հուլիսին այս գյուղը հայկական ջոկատների տիրապետության տակ էր:
Այստեղ էին տեղակայվել ԱԻՄ-ի մարտիկները, որոնց հետ էր նաեւ մանկավարժ ու բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանը: Ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 11-ին, Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում, Լեւոն եւ Մարգարիտ Վարդանյանների ընտանիքում: 11 զավակի հայր էր վաստակավոր մանկավարժ Լ. Վարդանյանը, ում Ալվարդ դուստրը նույնպես դարձավ մանկավարժ: Իսկ երբ սկսվեց Արցախյան շարժումը, բազում իր նման հայուհիների պես դարձավ նաեւ հայրենիքի զինվոր, թեւ ու թիկունք տղամարդկանց, մարտնչեց ու 1992 թ. հուլիսի 29-ին մարտիրոսվեց այն ժամանակ Աիմավան-6 կոչվող գյուղում՝ Հայոց պատմական Քաշաթաղ գավառի Հոչանցում: Այս եւ տարածքի 2 տասնյակից ավելի գյուղեր վերջնական ազատագրվեցին 1993 թ. գարնանը եւ 1 տարի անց վերահայացան: Քաշաթաղի շրջանում հիմնադրվող դպրոցներից Հոչանցինը անվանակոչվեց ի պատիվ հերոսուհի Ալվարդի: Չնայած փոքր թվով աշակերտներ էին այստեղ սովորում, բայց բոլորն էլ դաստիարակվում էին Ալվարդի ու նրա հետ մարտիրոսված մոտ 30 հայորդիների, գյուղն ազատագրող քաջորդիների ոգով:
Հայոց այս գյուղում, որի մասին հիշատակել են Ստ. Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին եւ այլք, պահպանվել է 17-րդ դարի եկեղեցի, գյուղի մոտակայքում 17-րդ դարասկզբի ժայռափոր անապատ-եկեղեցի կա, ինչպես նաեւ՝ հայոց մի քանի գերեզմանատներ՝ խաչքարերով ու տապանաքարերով, որոնք ունեն 2 հարյուրից հազար եւ ավելի տարիների պատմություն: Արցախյան վերջին պատերազմից հետո առանց որեւէ կրակոցի թշնամուն թողեցինք պատմական Քաշաթաղ գավառը՝ Հոչանց գյուղի հետ: Թշնամուն թողեցինք այն բլրակը, որի վրա նահատակվեց Ալվարդը: Հայրենի ծննդավայր Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցը (տնօրենի պաշտոնակատար՝ Կարեն Մելիքյան) կոչվում է նրա անունով: Օգոստոսի 28-ին հարազատների նախաձեռնությամբ դպրոցում կայացավ Ա. Վարդանյանի կիսանդրու բացման արարողությունը: Կրթօջախի միջանցքում է տեղադրվել կիսանդրին (քանդակագործ՝ Արթիկ): Պատին գրված է՝ «Մի աղջիկ էր նա՝ վայրի ու քնքուշ»:
Ներկա էին հերոսուհու հարազատները, մարտական ու աշխատանքային ընկերներ, գյուղի բնակիչներ, հյուրեր: 1986 թ. կառուցված Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը պետբյուջեի միջոցներով 2016 թ. հիմնանորոգվել է: Դպրոցն ունի 21 դասարան՝ 65 մանկավարժով, 456 աշակերտով, ինչպես նաեւ նախակրթարան՝ 31 սաներով: Այս տարի դպրոցի 21 շրջանավարտից 14-ն ընդունվել են պետական բուհեր, իսկ 9-րդ դասարան ավարտողներից 8-ը ուսումը շարունակելու են քոլեջներում: 2021-2022 ուստարում թիվ 2 դպրոցը կավարտեն 31 շրջանավարտ:
Դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Աստղիկ Գալստյանը հայտարարեց արարողության սկիզբը: Կիսանդրու բացման պատիվը տրվեց Ալվարդի Արսեն եղբորը: Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին դպրոցի սաները: Ներկայացրեցին Ալվարդ Վարդանյան մարդուն՝ մանկությունից, երբ բնակվում էր հայրենի գյուղում, ուսանողական տարիներից, երբ արդեն մայրաքաղաքում էր ուսանում: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Ալվարդն աշխատում էր Երեւանի Չեխովի անվան դպրոցում, որի հարեւանությամբ էլ ստեղծվեց Արցախյան շարժման կենտրոն: Ալվարդն իր ողջ էությամբ այդ պայքարինն էր: Իր համարձակությամբ, մտքի սլացքով, անկեղծ նվիրումով շատերին էր զարմացնում ու հիացնում: Ներկայացրեցին նաեւ նրա հերոսական նահատակությունը: Ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, ինչպես նաեւ՝ Ալվարդ բանաստեղծուհու ստեղծագործություններից. «Մի քիչ մշեցի եմ, մի քիչ սասունցի…»: Աշակերտների ելույթից հետո Ալվարդի մասին պատմեցին նրա հարազատները, մարտական ընկերները: Սիրուն Վարդանյանը՝ Ալվարդի քույրը, ով արդեն թոշակառու մանկավարժ է, ներկայացրեց քրոջը՝ սկսած մանկությունից:
-Հայրենասեր, իսկական հայ աղջիկ էր Ալվարդը,- ասաց Սիրունը,- շատ էր սիրում իր գյուղը, որտեղ վերջին անգամ հանդիպեցի, երբ պատրաստվում էր արդեն կռիվ գնալ: Չէի ուզում, որ գնար: Ասաց՝ եթե Հայոց պատմությունն իմանայիր, դու էլ կգայիր ինձ հետ:
1992 թ. հուլիսի 29-ի մարտի մասին պատմեց Ալվարդի մարտական ընկեր Մհեր Մազմանյանը, ով նույն օրը եղել է Հոչանցում, վիրավորվել եւ մի կերպ է կարողացել հեռանալ ընկերոջ հետ: Երբ Բերձորից հետ ազատագրվեց նաեւ Աղավնո-Զաբուղ գյուղը, այնտեղ դեռեւս պատերազմի ժամանակ բնակություն հաստատեցին մի քանի ընտանիքներ՝ տեղահանված թշնամու տիրապետության տակ անցած հայոց բնակավայրերից՝ Շահումյան, Կարմիրավան, Չայլու… Նույն ընտանիքների երեխաներին կրթելու նպատակով էր Ալվարդը նաեւ Աղավնո գնացել: Նույն ժամանակ պետք է պահեին Հոչանցը, որ թշնամին չկարողանար փակել կյանքի ճանապարհը՝ միջազգայնորեն Լաչինի միջանցքը: 3 օր այստեղ են եղել ջոկատով, որի կազմում էին նաեւ Ալվարդն ու Աղավնին. թշնամու շարժ չեն նկատել: Սակայն ճակատագրական եղավ հուլիսի 29-ի առավոտը: Թշնամին հանկարծակի հարձակում է սկսում: Ալվարդի հետ նահատակվում է նաեւ Աղավնին: Այդ առավոտ մեր 3 ջոկատների 36 մարտիկներից 19-ը զոհվել էին, մոտ 10-ը վիրավորվել: Մարտեր են ընթացել նաեւ հաջորդ օրը, դարձյալ զոհեր ենք ունեցել:
Մհերը ներկայացրեց նաեւ գյուղը՝ ասելով՝ մեծ ոգեւորություն են ապրել, երբ այստեղ տեսել են հայոց եկեղեցին, որը թուրքերն օգտագործել էին որպես հացի փուռ: Ալվարդի հարազատներից Էդիկը հպարտ է, որ ունեն հերոս քույր, սակայն նրա համար ծանր է, երբ այսօր թշնամու տիրապետության տակ է մնացել Հոչանցը: Դիմելով դպրոցի սաներին՝ ասաց՝ մեծ պատիվ է սովորել հերոսուհու անվան դպրոցում: Ուսուցիչներին հորդորեց՝ ճիշտ ու հայեցի կրթություն տան իրենց սաներին, որ լինեն ազատ ու հպարտ: Հերոսուհու եղբոր խոսքով՝ այսուհետ դպրոց մտնողներին կողջունի Ալվարդը եւ կստանա ողջույնի պատասխանը: Արարողության ավարտից հետո եղավ այցելություն եւ ծաղիկների խոնարհում Ալվարդի շիրիմին, որը հայրենի Զոլաքարի գերեզմանոցում է: