Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց ռեժիսոր, դերասան Իվան Անտոնյանի «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի հերթական ֆիլմը՝ նվիրված մանկավարժ, մի շարք երգերի ու բեմադրությունների հեղինակ Էմմա Անտոնյանին: Ֆիլմը նկարահանվել է 2016 թ.՝ Լոռիում: Ցուցադրվել է «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ, համացանցով:
Այս նոր ցուցադրությունից առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ ծայրագույն պատրիարք Գարեգին Բ-ի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սեւակ» թանգարանի տնօրեն տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը: Նախաձեռնության կարեւորության մասին խոսեց ֆիլմաշարի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը: Նա բարձր գնահատեց Էմմա Անտոնյանի տարիների վաստակը: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորեց եւ միությանը շնորհակալագիր հանձնեց մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը:
Ֆիլմի դիտումից հետո դրական կարծիք արտահայտեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը, ով կարեւորեց մարզերի ու մայրաքաղաքի համագործակցությունը: Իր խոսքում ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն ասաց. «Այսօր հիացա ու ճանաչեցի եւս մի ուսուցիչ-մտավորականի, ով իր երկար տարիների քրտնաջան աշխատանքն ի նպաստ է դրել դպրությանը»: ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկեւիչյանը նշեց. «Այս ֆիլմով մենք ճանաչեցինք մի ուսուցչի, ով հրաշալի երգերի հեղինակ է»: Վանաձորի համայնքապետարանի շնորհակալագիրը Էմմա Անտոնյանին հանձնեց իր նախկին սան, համայնքապետի տեղակալ Արման Բերնեցյանը: Բանաստեղծական ու խոսքառատ էր աշուղ Աստղանուշի ելույթը: Իր ուսուցչի մասին խոսեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աստղիկ Ղազարյանը: Նա շեշտեց, որ Էմմա Անտոնյանի յուրաքանչյուր դաս սերտել են սիրով ու երախտագիտությամբ:
Հնչեց Էմմա Անտոնյանի «Լոռի իմ չքնաղ» երգը, որի գործիքավորումը կատարել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի գործիքային մասի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյանը: Երգը Է. Կռոյանի նվագակցությամբ առաջին անգամ ներկայացրեց համույթի տնօրեն, գեղարվեստական ղեկավար եւ մեներգիչ Արմեն Ներսիսյանը:
Վերջում Էմմա Անտոնյանը շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցողներին եւ ներկաներին: Ավանդույթի համաձայն՝ բեմահարթակ հրավիրվեց «Հորովելի» մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, նրան միացան Արմեն Ներսիսյանը, Ջիվան Սարգսյանը, Իվան Անտոնյանը եւ ողջ դահլիճը, ու հնչեց գուսան Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգը, որին հաջորդեց Ի. Անտոնյանի թումանյանական ասմունքը:
Միջոցառումը վարեցին դերասան, ասմունքող, վանաձորի Պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջիվան Սարգսյանը, Հայաստանի հանրային ռադիոյի «Ստերէո» ստուդիայի հաղորդավար Անահիտ Նավասարդյանը:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի