Յուրաքանչյուր տարի, նաեւ 2020-ին, երբ կար համավարակի վտանգը, Քաշաթաղի շրջանում մեծ շուքով էր տոնվում Արցախի անկախության հռչակման օրը: Շրջանի բոլոր 54 համայնքներում տոնական էր՝ համերգներ, հրավառություն: Առավել շուքով էր տոնը շրջկենտրոն Բերձորում. շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի էր ունենում այցելություն Բերձորի Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսների հուշահամալիր: Այստեղ 3 խոնարհված պատերին քանդակված են շրջանի տարածքում զոհված ավելի քան 300 քաջորդիների անունները: Հուշահամալիրում կան նաեւ այլ հուշակոթողներ: Տեղի էր ունենում ծաղիկների խոնարհում, հանդիսավոր մաս եւ այլն:
Այսօր այլ է: Արցախյան վերջին պատերազմը շատ բան փոխեց. Քաշաթաղի շրջանից կյանքի ճանապարհին են մնացել ընդամենը 3 բնակավայր՝ Բերձորը, Ներքին Սուսն ու Աղավնոն, որտեղ իսկական տերերն են բնակվում: Կարեւորը՝ Բերձորում կան բնակիչներ, ընտանիքներ, այստեղ են մշտապես շրջվարչակազմի ղեկավարն ու քաղաքապետը: Շրջվարչակազմի աշխատակազմի դեռեւս գործող մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մարինե Ռուստամյանը, ով այս օրերին նույնպես Բերձորում է, տեղեկացրեց՝ սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել այց Բերձորի Արցախյան գոյամարտի հերոսների հուշահամալիր: Շրջվարչակազմի ղեկավարի, 2 տեղակալի, քաղաքապետի եւ բնակիչների կողմից ծաղիկներ են խոնարհվել հուշահամալիրի կոթողների եւ խոնարհված պատերի մոտ: Այնուհետեւ այցելել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, կատարել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան գոյամարտի բոլոր նահատակների հոգիների: Ուրախալի է, որ այցելուների թվում նաեւ երեխաներ են եղել:
Նշեմ՝ նախորդ օրը, սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի եւ դպրության օրը, Քաշաթաղի շրջանում առայժմ միակ գործող Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցը, որը հիմնվել է 1994 թ. սեպտեմբերին, այս տարի բացել է դռները 50 աշակերտի առջեւ: Դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը ուրախությամբ տեղեկացրեց, որ դպրոցն ուսուցչի կարիք չունի: Աշխատակազմը համալրվել է անգլերենի մասնագետով: 20 աշակերտ դպրոց է հաճախում Բերձոր քաղաքից, մնացածն Աղավնոյի բնակիչներ են: Առավել ուրախալի է, որ առաջին դասարան են ընդունվել 6 երեխա՝ 4 տղա, 2 աղջիկ: 3 առաջինդասարանցի գալիս են Բերձորից: Առաջին դասարան է ընդունվել նաեւ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի 5 զավակներից ավագը՝ Քնարիկ դուստրը:
Սա հավատ է ներշնչում՝ Արցախը կրկին կունենա իր իսկական տեսքը՝ Շուշիով ու Հադրութով, Կովսականով ու Քարվաճառով, Տիգրանակերտով…