«ՀՀ»-ի հյուրն է քանոնահարուհի, համաշխարհային մրցույթի գլխավոր մրցանակակիր, միջազգային մի շարք մրցույթների առաջին կարգի դափնեկիր, ոսկե մեդալակիր Մարիաննա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
-Կներկայացնե՞ք` ով է, որտեղից է գալիս քանոնահարուհի Մարիաննան:
-Ծնվել եմ Երեւանում, հայկական ավանդական ընտանիքում, որտեղ տիրել է սեր, ջերմություն, հարգանք: Ծնողներս շատ համեստ ու բարի մարդիկ լինելով, ջանք ու եռանդ չխնայելով՝ ապահովել են լիարժեք մանկություն այն դժվարին տարիներին եւ հայեցի դաստիարակություն տվել, հայրենիքին պիտանի մարդ լինել սովորեցրել: Յուրաքանչյուր ազգի դիմագիծ իր մշակույթն է։ Իմ ընտանիքը, լինելով շատ պահպանողական ու մոտ լինելով ազգային արժեքներին ու ժողովրդական արվեստին, դա է սերմանել: Հաճախել եմ երաժշտական դպրոց, ապա ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բակալավրիատը, մագիստրատուրան, ասպիրանտուրան՝ երեքն էլ կարմիր դիպլոմով:
-Առաջին բեմելը հիշո՞ւմ եք:
-Այո: Դուք ինձ տեղափոխեցիք իմ աշակերտական տարիներ: Առաջին անգամ, երբ ոտք դրեցի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, շատ փոքր էի ու մտքովս անգամ չէի կարող անցկացնել, որ տարիներ անց տվյալ երաժշտանոցի ուսանողն ու շրջանավարտը կլինեմ:
-Դժվա՞ր է երաժշտի ճանապարհը:
-Հիրավի, շատ բարդ մասնագիտություն եմ ընտրել, քանի որ ներկայացնում եմ մեր ազգային նվագարան քանոնը եւ մեր մշակույթի անգին գանձերը: Յուրաքանչյուր գործում մեծ սեր է հարկավոր, գիտելիքների ու գաղափարի անհուն շտեմարան, գեղագիտական ճաշակ, մարդկային բարձր արժանիքներ, անշուշտ, տաղանդ ու աշխատասիրություն:
-Քանոնի արմատները շա՞տ խորն են, այն մե՞րն է, մաքուր հայկակա՞ն։
-Քանոնը արեւելյան գործիք է: Համարում եմ քանոնը ազգային նվագարանների թագուհին։ Այն արքունական գործիք է եւ ունի մոգական հնչողություն: Ըստ իս, շատ հայկական է: Քանոն գործիքի դժվար արվեստին տիրապետելով, կատարելագործվելով, տեխնիկական եւ արտահայտչական միջոցներին հետամուտ լինելով միայն կարող ես այն պահպանել եւ փոխանցել հետագա սերունդներին:
-Մենք գիտենք, որ բազմաթիվ մրցույթների եք մասնակցել: Մի փոքր կմանրամասնե՞ք:
-Մրցույթներ այդքան էլ չեմ սիրում, որովհետեւ միշտ չէ, որ դրանք արդար են անցնում, բայց, իհարկե, պետք է մասնակցել, ներկայանալ ու ներկայացնել, հատկապես քո ազգային արվեստն ու մշակույթը: Ազգային արվեստը ներկայացնող երաժիշտը պետք է մշտապես հիշի, որ հնագույն երկրի արվեստ, երաժշտություն, ի վերջո, պետություն է ներկայացնում: Միշտ պահպանում եմ հայկական քանոնի դիմագիծը եւ հավուր պատշաճի ներկայացնում ազգիս դարավոր պատմությունը մի քանի րոպեում: Վերջերս, օրինակ, մասնակցեցի Հնդկաստանում կայացած միջազգային մի մրցույթի, որտեղ արժանացա առաջին մրցանակի, նաեւ հատուկ մրցանակի՝ «Երաժշտության դեսպան»։ Ավելացնեմ՝ միակ ներկայացուցիչն էի, որ ստացա հատուկ մրցանակ: «World Folk Vision» Global Cultural Initiative կազմակերպած hամաշխարհային մրցույթում գրանցեցի փառահեղ հաղթանակ՝ արժանացա գլխավոր մրցանակի՝ «Գրան պրիի» «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում: Այս մրցույթն իր մասշտաբներով զիջում է միայն օլիմպիական խաղերին։ Մրցույթին մասնակցում էին 115 երկրի 3950 ներկայացուցիչ, որոնց թվում՝ վաստակավոր ու ժողովրդական արտիստներ: Եղել է ռեկորդային քվեարկություն, հաղթողը որոշվում էր քվեարկության ու ժյուրիի 50/50 արդյունքով: Սա շատ կարեւոր ձեռքբերում է, քանի որ առաջին անգամ պատմության մեջ հայկական քանոն նվագարանով, Սայաթ-Նովայի «Էշխեմեդ»¬ի կատարմամբ հաղթանակ գրանցվեց: Համավարակի ընթացքում մի նախագիծ իրականացրեցի, որտեղ այլազգի երաժիշտների հետ ներկայացրեցի հայ երգն ու երաժշտությունը, որի բուն նպատակն էր, որ աշխարհը նվագի ու երգի հայերեն: Ես նախագծի շուրջ համախմբեցի աշխարհի 30 տարբեր երկրներից մասնակիցների, որոնք նվագել ու երգել են բացառապես հայկական երգ-երաժշտություն իրենց ազգային ու բացառիկ նվագարաններով (կորա, էրհու, սիթառ, պիպա, զոնգրուան, տաբլա, մակոտո, բերանի հարփ եւ այլն): Օտարերկրացիներին հետաքրքրում էր ոչ միայն երաժշտությունը, այլեւ Հայաստանը: Նվագեցի հնդիկ, չինացի, ֆրանսիացի, նիգերիացի, ճապոնացի, անգլիացի, ամերիկացի, ավստրալիացի, մեքսիկացի, եգիպտացի, իտալացի, պարսիկ, գերմանացի, շվեդ, չեխ երգիչ-երաժիշտների հետ՝ միայն հայկական երաժշտություն: Մի կարեւոր նախագիծ եւս իրականացրեցի՝ «Սարի աղջիկ»: Գլխավոր նպատակն էր, որ այս երգն օտարներն ընկալեն այլեւս հայկական, քանի որ փաստացի երգի նոտաները Կոմիտասի ձեռագրով են գրառված 1913 թ. Էրիվանի նահանգի Սուրմալու գավառում: Մեծ ոգեւորությամբ իմ օտարազգի երգիչ, երաժիշտ ընկերները համաձայնեցին իրականացնել այն: Ծրագրին միացան Անգլիայից, Մեքսիկայից, Թունիսից, Վաշինգտոնից, Իրաքից, Հնդկաստանից, Մարոկկոյից, Ճապոնիայից, Կանադայից, Ավստրալիայից, Բանգլադեշից, ԱՄՆ-ից:
-Դուք «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարն եք: Ի՞նչ է Ձեզ համար հոգեւոր երգն ու երաժշտությունը:
-Հնագույն երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ, մերն է, մեր հոգուց է բխում, իմ արյան հոսքն է: «Տաղարան»-ը մեծ գործունեություն է ծավալում, որի հսկայածավալ աշխատանքները ղեկավարում է մաեստրո Սեդրակ Երկանյանը: Ինձ համար առանձնակի տեղ ունեն մեր հնագույն տաղերն ու գանձերը, Կոմիտաս վարդապետի թողած մեծ ժառանգությունը, մեր աշուղական ու ժողովրդական անգին գոհարները, մերօրյա կոմպոզիտորների բարձրաճաշակ գործերը: Երբ պատրաստվում էի Խ. Ավետիսյանին նվիրված հոբելյանական համերգին, շատ մեծ բծախնդրությամբ ընտրեցի համերգային նվագացանկը, որն էլ մաեստրո Սեդրակ Երկանյանը գործիքավորեց: Մի ուրախալի փաստ էլ կար այդ օրվա հետ կապված. կոմպոզիտոր Վ. Աճեմյանը մի նվեր արեց՝ ստեղծագործության տեսքով: Քանոնի համար գրված «Աղջիկների պարը» այդ օրը հնչեց «Տաղարանի»-ի ու դաշնամուրի նվագակցությամբ, որը մի հրաշալի շունչ տվեց երեկոյին: Իմ նվագացանկի հոգեւոր ստեղծագործություններից է «Տաղ Աստվածածնա»-ն։ Դա մենանվագ է քանոնի համար, որը հնչեցրել եմ արդեն մի քանի եկեղեցիներում: «Էլեգիա»-ն քանոնի եւ երգեհոնի համար գրված ստեղծագործություն է, որն իր էությամբ բացառիկ է, քանի որ երբեք քանոնը չէր հնչել երգեհոնի հետ, եւ հուրախություն ինձ, շատ բուռն արձագանքի արժանացավ հատկապես տարբեր երկրների երգեհոնահարների կողմից: Այս երկու գանձերը կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի նվերն են ինձ: Վերջերս էլ մի անգին նվեր ստացա բանաստեղծության տեսքով: Ինձ համար շատ հաճելի էր, քանզի ֆոնդս հարստացավ, ցանկությունս է, որ զետեղվի զրույցում ու հասանելի լինի ընթերցողին։ Ինչու ոչ, թող իմ անակնկալն ու շնորհակալությունը լինի հեղինակին։
Լարերը շիկնեցին մատների համբույրից,
Եվ բառը մեկեն դարձավ երգ,
Ծաղկեց մոռացված մի հին մեղեդի,
Եվ կարոտը պատեպատ զարկվեց։
Ամեն հպումից լույս է ճառագում,
Երգի մեջ հառաչում է սոսին,
Մի աղջիկ՝ դալար ու կանաչ եղեգ,
Բախտի պես կանգնել է քո ճամփին։
Բախտի պես հայտնվել, կանչում ու ժպտում է,
Արթնացրել է երազ ու մորմոք,
Սիրտդ ի՞նչ է հուշում, դու գտե՞լ ես արդյոք,
Թե գտածդ նորից ես կորցնում։
Երազ ու ցնորք խառնվել են իրար,
Անցյալ ու ներկա էլ չկա,
Բառերը լռել են, լարերը դողում են,
Եվ սերն է ծնվում՝ լույսը վկա։
-Մի առիթով ասել եք, որ Ձեզ համար առանձնահատուկ է Տեղերի եկեղեցին։ Բարձո՞ւնքն է հրապուրում, ի՞նչը…
-Առանձնահատուկ են բոլոր սրբավայրերը, ես չեմ առանձնացնում, որովհետեւ յուրաքանչյուրը զորեղ է իր սուրբ մասունքով, դարավոր պատմությամբ, խաչքարերով… Տեղերի եկեղեցում հնչեցրած նվագս աղոթք էր, ուխտ ի հաղթանակ: Նվագել եմ Սահակ Ձորափորեցու «Որ նշանավ ամենահաղթ»-ը 7-րդ դար: Տարբեր եկեղեցիներում եմ ելույթ ունեցել։ Դա բոլորովին այլ է, ապրեցնող զգացումներով է լցնում հոգիդ: Այդ պահին կատարումդ եւ հույս է, եւ հոգու ճիչ: Իմ գործիքի միջոցով ես աղոթում եմ եկեղեցում: Հետաքրքիր է, որ առանձնակի ոգեւորվածությամբ եմ այցելում այն եկեղեցիները, որտեղ հասնելու համար պիտի երկար ճանապարհ անցնեմ ու այդ ընթացքում լռության մեջ մտորեմ: Գիտեք՝ բոլոր լավ երգերը հենց եկեղեցու ղողանջների պես պիտի հնչեն՝ մաքուր ու խորը:
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ