«Սուրբ Սահակ Հայրապետի վտակներից, ինչպես ջրառատ գետից, որը ծովն է լցնում, Ամբողջ Հայոց երկիրը լցվեց տիրոջ գիտությամբ»:
Ղազար Փարպեցի
Սեպտեմբերի 1-ը` տարվա ուսումնառության առաջին օրը, տոն է բոլորիս համար, հաճելի իրարանցման ու նաեւ հպարտության առիթ, հպարտություն, որ պարգեւել են մեզ մեր իմաստուն ու ջանասեր այրերը` Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը` հիմք դնելով հայ գրերով սերունդների դաստիարակությանն ու կրթությանը. Սահակի 60 եւ Մեսրոպի 40 աշակերտներն առաջին ուսուցիչները եղան նաեւ իրենց ուսուցչապետերի գաղափարները տարածելու գործում։
Սեպտեմբերը նշանավորվում է նաեւ այն բանով, որ այդ ամսին է ծնվել ու վախճանվել Սուրբ Սահակ Պարթեւ հայոց կաթողիկոսը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի 5-րդ եւ վերջին արու շառավիղը, որ սերել է Պահլավունի ու Մամիկոնյան տոհմերից` լինելով Ներսես Հայրապետի եւ Սանդուխտ Մամիկոնյանի որդին։ Ծնվել է 348 թ.` Կեսարիայում, որտեղ այդ ժամանակ կրթություն էին ստանում ծնողները։ Տարաբախտաբար, 2-3 տարեկանում զրկվել է մորից եւ մանկությունն անցկացրել մորական տատի մոտ` Տարոնում, քանի որ այդ ժամանակ հայրը բարձրագույն կրթություն էր ստանում Բյուզանդիայում եւ հնարավորություն չուներ զբաղվել որդու խնամքով։ Հասակ առնելով՝ Սահակը ընտրեց ծնողների ճանապարհը եւ նույնպես կրթություն ստացավ Բյուզանդիայում, հմտացավ լեզուների, դպրության, փիլիսոփայության, հռետորաբանության, երգարվեստի, կրոնական գիտելիքների մեջ։ Տիրապետելով հունարենին, ասորերենին, պարսկերենին, Սահակ Պարթեւը նախանձախնդիր էր այդ լեզուների հանդեպ մայրենիի գերակայությանը եւ այդ հարցում` միանգամայն գործնական, այնպես որ, երբ Մաշտոցը գրերի գյուտի համար դիմեց նրան` իր սրտից խոսեց, քանզի այնքան պատրաստ էր ու խնդրո առարկային տեղյակ, որ, ինչպես Փարպեցին է վկայում «հունական ճշգրիտ աթութաների (գրերի, տառերի) գաղափարի մասին հաճախակի հարցեր տալով», Մեսրոպը շատ բաներ էր սովորում նրանից…
Ազգապահպանման ու զարգացման հույժ կարեւոր խնդրի ձեռնարկման` հայ գրերի ստեղծման, մայրենիի արմատավորման, հարազատ լեզվով գրականության արարման շուրջ միավորվեցին հայոց երեք սյուները` Վռամշապուհ արքան, կաթողիկոս Սահակ Պարթեւն ու Մեսրոպ Մաշտոցը, քանզի օտարների ձեռքին մշտապես կռվախնձոր դարձող հայրենի երկիրը դարձյալ գոյապահպանման օրհասական ժամեր էր ապրում. ինչպես գիտենք, այդ ժամանակ էլ Արեւելյան Հայաստանը Պարսկաստանի, իսկ Արեւմտյանը` Բյուզանդիայի հպատակության տակ էին, որոնք ամեն բան անում էին իրենց մշակույթը Հայաստանում տարածելու եւ մեր երկրի վրա ազդեցությունն ամրապնդելու համար` իրենց կողմից նշանակելով անգամ մեր արքաներին ու կաթողիկոսներին։ Ուծացման վտանգը կախված էր հայ ժողովրդի գլխին. Հայաստանի մեծագույն մասի, հատկապես Արեւելյանի պաշտոնական լեզուն պարսկերենն էր, իսկ ասորերենը` ծեսերի ու կրոնական գիտելիքների երկրորդ լեզուն… Հայերենի տարածումն ու ամրապնդումը, ինչպես ասվեց, դարձավ խիստ անհրաժեշտ, իսկ այդ հարցում չէր կարող ձեռքերը ծալած նստել Հայոց եկեղեցին, որի դերը երբեք էլ սոսկ ծիսակատարությունն ու ծիսապահպանությո՛ւնը չի եղել. այդտեղից են սկիզբ առել մեր մշակույթը, գիտությունն ու կրթությունը, հայրենապահպան ու պետականամետ գործունեությունը, անգամ` թշնամյաց դեմ զենքով պայքարի դուրս գալու քաջալերանքը, կամքն ու ոգին, ու քիչ չեն եղել նաեւ հոգեւոր առաջնորդները, որ հայրենիքի օրհասական պահին սեւ սքեմները փոխարինել են զենքով ու զինավառությամբ, կռվել ու զոհվել հանուն հայրենյաց, եւ այսօր էլ ամենեւին զարմանալի չէ մերօրյա հակամարտությունում թշնամու կողմից Հայոց եկեղեցու թիրախավորումը, քանզի այն ազգային ինքնության ու պետության ներկայացուցչության գրավականներից մեկն է…
Վերջին տասնամյակների ընթացքում թշնամի ուժերը կրկին համախմբվել են մի կտոր հողի վրա իրենց գոյությունն ու ինքնությունը պահպանող մի բուռ ժողովրդի դեմ ու նրանց ազդեցությամբ շատ որոշակի ու նպատակային հակաքարոզչություն ու արհամարհանք է սերմանվում Հայրենիք ու Եկեղեցի գաղափարի, հազարամյակներով մշակված մեր գրական լեզվի ու այդ լեզվով ստեղծված գրականության հանդեպ` առաջ մղելով խոսակցական, անմշակ, կամայական ու անգամ գռեհիկ լեզվի մուտքը գրական դաշտ, որով անհնար է լուրջ մտքեր ու գաղափարներ ձեւավորել, առավել եւս` հաղորդ լինել գիտությանը… Սրա վտանգավորությունը շատ լավ գիտակցում էին ժամանակի իմաստուն այրերը, որ գրերի գյուտից անմիջապես հետո ձեռնարկեցին հայոց լեզվով գրականության, գիտության արարման ու թարգմանչաց աշխատանքին. հայրենիքի սիրո, հանուն նրա գոյատեւման համար պայքարում անձնազոհության ու նվիրումի` ժողովուրդը պետք է ճանաչեր ինքն իրեն, հաղորդակից լիներ աշխարհին ու կրթվեր սեփական լեզվով, եւ պատահական չէր, որ առաջին թարգմանության համար ընտրվեց հենց Աստվածաշունչը` քրիստոնեության ու բարոյականության դասագիրքը, չնայած լեզվական բարդությանն ու ծավալին։ Փարպեցու վկայությամբ՝ այն նախաձեռնեց Մաշտոցը, սակայն, հանդիպելով որոշակի դժվարությունների, խնդրեց շարունակել Սահակ Պարթեւին, ով հոժարությամբ անցավ գործի։ Ի պատիվ հայերենի ու նրա նվիրյալ այրերի՝ աստվածաշնչյան թարգմանությունը ոչ միայն հաղթահարեց լեզվական պատնեշը, այլեւ համարվեց «Թագուհի թարգմանությանց» (արեւելագետ Լա Կրոզ), իսկ հայագետ Ֆրեդերիկ Կոնիբերի բնորոշմամբ` հայերեն Աստվածաշունչն անգերազանցելի է իր ոճի վայելչությամբ եւ շարադրանքի ճշգրտությամբ։ Այն ոչ միայն հարուստ աղբյուր է դարձել ստեղծագործողների եւ ուսումնասիրողների համար, այլեւ՝ ասորական, հունական բնօրինակները վերականգնելու հիմք, իսկ վրացերեն Աստվածաշնչի մի շարք գրքեր թարգմանվել են հենց հայերենից։
Սակայն հեշտ ու հանգիստ չի եղել Սահակ Ա կաթողիկոսի ուղին. Խոսրով Գ թագավորի, ում աջակցել է վերականգնել Մեծ Հայքի միասնականությունը, գահընկեցության ու աքսորից հետո, 389 թ. ինքն էլ զրկվել է հայրապետական աթոռից, հետագայում էլ պարսից Վռամ Ե արքան է նրան ենթարկել հալածանքների ու շնորհազրկման, բայց հայրենանվեր այրն ամեն անգամ կարողացել է դիմակայել թե՛ թշնամյաց եւ թե՛ շահամոլ ու հայրենադավ հայ նախարարների խարդավանքներին, նույնիսկ երբ տարիքը բավականին առաջացած էր` անգամ պաշտոնանկ արվելու ու աքսորվելու գնով։ Բնույթով զեխ ու անլուրջ արքայի` Արտաշես Դ-ին պարսից թագավորի միջամտությամբ գահընկեց անելու նախարարների` իր վրա բանեցրած ճնշումներին, Հայրապետն ընդդիմացել է` պատասխանելով. «Չեմ կարող փոխել իմ հիվանդ ոչխարին ուրիշի առողջ գազանի հետ (մանավանդ, որ նրա առողջությունը մեզ վնաս է)»: Նախարարները, սակայն, չնահանջեցին, եւ նրանց անխոհեմ քայլերի հետեւանքով 428 թ. վերջ տրվեց հայոց Արշակունյաց թագավորությանը, իսկ հայ կաթողիկոսությունը երկփեղկվեց. պարսից թագավորը Շմուել Ասորիին` հայ նախարարների մի մասի ցանկությամբ, նշանակեց իբրեւ պաշտոնական կաթողիկոս՝ քաղաքական եւ նյութական գործերով, իսկ Սահակին` Տիզբոնի քառամյա աքսորից հետո, նախարարների մյուս մասի խնդրանքով, թույլ տվեց վերադառնալ Հայաստան եւ զբաղվել միայն կրոնակա՛ն հարցերով:
Ցավոք, անմիաբանության ու անխոհեմ քայլերի դառը պտուղները երբեք անհաճո չեղան մեր քիմքին, ու միշտ անձնական շահը հայրենիքի շահից գերադասելու արդարացումներ ու պատճառաբանություններ գտնվեցին, չնայած որ թշնամին երբեք մեր գլուխը չշոյեց հլու-հնազանդ հպատակվելու համար, իսկ նման պարագայում զղջալն ամենեւին էլ սխալներն ուղղելու երաշխիք չէ, ինչպես որ ժամանակին Հայոց եկեղեցին ու թեմերը թալանող հիշյալ Շմուելից չկարողացան ազատվել` զգուշանալով նրա փոխարեն առավել վատթարագույնին բերելու հեռանկարից։ Իսկ Սահակ Ա կաթողիկոսը, Փարպեցու վկայությամբ, «հրաժարվելով աշխարհածուփ զբաղմունքներից, իրեն բոլորովին նվիրել էր աղոթքներին եւ ուսուցչությանը», ապրելով մինչեւ խոր ծերություն, վախճանվել խաղաղ ու հանգիստ` նավասարդի 30-ին (ն. տ. սեպտեմբերի 7-ին)…
Ու հիմա մենք կզորե՞նք, արդյոք, հայրենիքի ու պետության շահը գերադասել անձնականից, կունենա՞նք այնքան կամքի ուժ, որ անձնվիրաբար պաշտպանենք այն, ինչ հազարամյակներով ժառանգել են մեզ մեր մեծ այրերն ու զորականները, կհասկանա՞նք, վերջապես, որ ավելի լավ ու ապահով է ունենալ փոքր տուն` մեծ հայրենիքում, քան մեծ ու շքեղ տուն` առանց հայրենիքի…