Հակարի գետի միջին հոսանքի ձախակողմյան անտառապատ սարալանջերում ու ձորերում վաղուց ի վեր մեր պապերն են ապրել, արարել, ամրոցներ ու եկեղեցիներ կառուցել:
Հակարի գյուղից ուղիղ գծով մոտ 5 կմ դեպի արեւելք՝ ծովի մակերեւույթից 1315 մ բարձրությամբ ժայռեղեն Ամուտեղ սարն է, որի վրա այսօր էլ հպարտորեն կանգուն է Հայոց սրբատունը. չափերն են՝ 7,7-4,8 մ: Ժամանակին, հնարավոր է, այստեղ ամրոց կամ դիտակետ է եղել եւ կոչվել է Ամուտեղ. Ժողովրդի մեջ տարածված է անվան ծագումը՝ Ամուտեղ՝ Ամուր տեղ: Այստեղից չորսբոլորը երեւում է: Արեւելյան կողմում ժայռը մշակել ու աստիճանաձեւ ճանապարհ են բացել: Սարի գագաթային մասը նույնպես ժայռեղեն է՝ միջին մասում նեղ ճանապարհ է բացված, որը հասնում է հյուսիսային մասում գտնվող սրբատուն: Ամուտեղի հարավային լանջը նեղ հրվանդան է՝ ձգվելով մինչեւ մյուս բլուրը: Արեւմտյան կողմում ուղղաձիգ ու բարձր ժայռե պատ է: Հյուսիսային կողմը նեղ ու դարձյալ ուղղաձիգ ժայռով է փակվում։
Մակար Բարխուդարյանը, «Արցախ» գրքում հիշատակելով Ամուտեղի մասին՝ որպես Բերդաձոր կամ Բերձոր գավառի ամրոցներից մեկը, «Գավառիս բերդերը» գլխում գրում է. «Շինուած է Հակարի գետի ձախ կողմում՝ համանուն սարի վերա (որի բարձրությունը՝ 4131 ոտք): Քարուկիր պատով պարսպված է վաղ ժամանակից. Սարիս գլուխ, որ ունի բաւական մեծութիւն, ամուր դիրք. պատուական տեսարան, եւ բարեխառն կլիմայ: Ամրոցից մակերեւոյթն լի է շինութեանց բեկորներով, որոնց մէջ տակաւին կանգուն է մի քարուկիր մատուռ, որ ուխտատեղի է, եւ որի շուրջն ամփոփուած է հնուց ննջեցեալներ: Մատրանց հիւսիսային կողմում կայ երկու այլ գերեզման, իսկ արեւմտյան կողմում կա մի վիմափոր ավազան, որ միշտ լի է ջրով. Գալիս են կաշուի հիւանդութիւն ունեցողներ (ինչպէս բորոտութիւն եւն) լողանում ջրումս եւ աղօթում մատնարս մեջ եւ վերադառնում առողջացած»:
Թաղածածկ, կրաքարով ու կրաշաղախով կառուցված եկեղեցին արեւմտյան կողմից ունի մեկ մուտք, որի անկյունաքարերը, բարավորը եւ շեմքը սրբատաշ են: Մուտքի վերին մասը կամարակապ է, առաստաղին հավասար փոքր պատուհան կա: Արեւելքից մի փոքրիկ, կոպտատաշ քարերով պատուհանը բացված է Սուրբ խորանից, որի կողմերում բացակայում են ավանդատները: Ձախ կողմում մկրտության ավազանն է: Խորանի 2 կողմում փոքր չափերի մեկական խորշ կա, որոնք հավանաբար օգտագործվել են որպես գրադարակ: Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը համապատասխանում է 17-րդ դարում կառուցված շատ նման կառույցների: