Հայաստանի Հանրապետության անկախության եւ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյա հոբելյաններին է նվիրված Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորման ու «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» 5-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան մեկ տասնյակ երկրներից հրավիրված գիտնականներ, քաղաքական գործիչներ ու դիվանագետներ:
Լռության րոպեից հետո ներկաներին օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսքեր ուղղվեց Արցախի հոգեւոր թեմի կողմից: Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանը, ով բարձր գնահատեց օտարերկրյա հյուրերի առաքելությունը, որը միտված է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, հարազատ հողում արցախցիների ապրելու եւ արարելու իրավունքների պաշտպանմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Հատկանշական է, որ տարեցտարի աճում է գիտաժողովի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը, ինչը վկայում է Արցախի հիմնախնդրի նկատմամբ՝ արտերկրի բարեկամների ունեցած հետաքրքրությունների, հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու նրանց ձգտման մասին: Ա. Հարությունյանի խոսքով, հայկական երկու հանրապետություններն ապրում են գոյապայքարի, փորձությունների եւ դժվարությունների ծանր ժամանակներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ է ինչպես համայն հայության միջնորդության, այնպես էլ միջազգային հանրության աջակցությունը:
Իր ելույթում ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը, կարեւորելով նման ներկայացուցչական կազմով Արցախում հրավիրված գիտաժողովը, նույնպես ընդգծեց, որ այն կայանում է պատերազմից հետո երկրում ստեղծված ռազմաքաղաքական բարդ պայմաններում: «Այսօր ապաքինվելու, վերքերը բուժելու համար Արցախը զգում է համայն հայության, երկրի ու նրա ժողովրդի ճակատագրով մտահոգ ու բարեկամ պետությունների օգնության կարիքը,- նշեց նախարարը:- Ինչ տեղի է ունեցել այստեղ, պարունակում է բազմաթիվ տարրեր, ու ցանկալի է, որպեսզի նաեւ ձեր միջոցով միջազգային կառույցները տեղյակ լինեն եւ ճշմարտությունը հասցվի մարդկանց: Խոսքը, մասնավորապես աշխարհաքաղաքական մարտահրավերների, ներքաղաքական գործընթացների արժեհամակարգին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի, քաղաքակրթությունների բաշխման մասին է, որոնք, համոզված եմ, քննարկումների ընթացքում լույս կսփռեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների, հարեւան երկրի իշխանությունների կողմից շարունակվող հայատյաց քաղաքականության, հետպատերազմյան մյուս իրադարձությունների վրա»:
Գիտաժողովի նիստերը, որոնցում ընդգրկված են շուրջ երկու տասնյակ զեկույցներ, շարունակվել են քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, արեւելագիտության, իրավագիտության, տնտեսագիտության եւ պատմության բաժանմունքներում: