Քաղաքային տրանսպորտի մասին շատ է խոսվել ու գրվել. հանրությունը բողոքել է սպասարկման կուլտուրայից, դժգոհել փոխադրամիջոցների վիճակից, վարորդների վերաբերմունքից. առավել քիչ խոսվել է ուղեւորների վարքից, եւ սա ոչ այն պատճառով, որ այն բավարար է եղել, ուղղակի առաջիններն այնքան աղաղակող են եղել, որ ուղեւորների վարքը երկրորդ պլան է մղվել…
Այսօր որոշ դրական փոփոխություններ են սկսվել քաղաքային տրանսպորտում եւ, հուսանք, կլինեն շարունակական, ու կարճ ժամանակում կզգանք շոշափելի արդյունքներ, կփոխվի նաեւ տրանսպորտից օգտվելու մշակույթը, քանզի ներմուծված եւ արդեն իսկ շահագործվող մի քանի երթուղիների` մեզ համար նորաոճ, ակնահաճո ու հարմարավետ փոխադրամիջոցները կարգուկանոն են թելադրում թե՛ վարորդներին, թե՛ ուղեւորներին։ Կարծես, այլ բան չի մնում ուղեւորներին, քան օգտվել մատուցված ծառայությունից ու հանգիստ երթեւեկել…
Հանգստի մասին, թերեւս, կարելի է որոշ վերապահումով խոսել, քանզի եղած փոխադրամիջոցները դեռեւս բավարար չեն ողջ երթուղին նստած ու առանց միմյանց վրա կուտակումների հաղթահարել, սակայն հանգստի մի այլ կողմ էլ կա, որ ոչ թե փոխադրամիջոցի քանակից ու որակից, վարորդից, այլ հենց ուղեւորից է կախված, նրա` երթեւեկելու կուլտուրայից, ինչը տարիներ շարունակ արհամարհվել է, իսկ նոր փոխադրամիջոցների վճարման կարգը առավել ցայտուն դարձրեց այդ կուլտուրայի պակասը։ Այսպես, ուղեւորը պատրաստվում է օգտվել հանրային փոխադրամիջոցից` շատ լավ իմանալով, որ դրա համար պետք է վճարի եւ վճարի սահմանված գումար` սահմանված կարգով, բայց, չգիտես ինչու, դրա համար նախապես չի պատրաստվում, եւ կապ չունի` փոխադրամիջոցը նորաոճ է, թե հին` վարորդի՞ն պետք է վճարել, թե՞ գումարը գցել դրամարկղը… Մեր ուղեւորը բարձրանում է տրանսպորտ ու հետո սկսում քրքրել գրպաններն ու դրամապանակը, այնքան, մինչեւ համոզվում է, որ քրքրելով բան դուրս չի գա, համապատասխան գումարն այնտեղ չի աճի կամ հրաշքով հայտնվի. նայում է շուրջը, սրա-նրա դեմքին` մինչեւ կռահեն մտքինը, կամ ինքը համարձակվի վստահելի դեմք գտնել ու խնդրանքով դիմել գումարը մանրելու կամ փոխանակելու, իսկ ավելի հաճախ թիրախ է դարձնում ուղղակի վարորդին, ում պարտականությունն ամենեւին էլ «բազար անելը» չէ, այլ հանգիստ նյարդերով երթուղին ապահովելը…
Բայց… սկսվում է իրարանցումը, անպատրաստ ուղեւորին օգնելու հայկական մտահոգությունը. արդեն սեփական գրպաններն ու դրամապանակներն սկսում են քրքրել մյուս ուղեւորները, վարորդն էլ իր հերթին է կիսում նրանց մտահոգությունը, այնինչ… Որեւէ մեկը չի հարցնում` ինչո՞ւ… Ինչո՞ւ է, ասենք, մարդը տանից դուրս գալուց առաջ փոխում տնային հագուստը, հայելու առջեւ շուռումուռ գալիս, շուկա, խանութ գնալու համար ընտրում մի բան, իսկ աշխատանքի` այլ բան, թատրոն գնում է այլ հագուկապով, հյուր` այլ (թեեւ այս մշակույթն էլ մեզանում թերի է) եւ այլն, եւ այլն։ Ինչո՞ւ է տանից դուրս գալուց առաջ վերցնում դրամապանակը, ստուգում դրա պարունակությունը, մտքով հաշվարկում ծախսերը, հետո նոր դուրս գալիս, բայց «մոռանում» է տրանսպորտում վճարելիք համապատասխան գումարը պատրաստելու մասին։ Եթե մտածենք, թե օրը քանի անգամ է առիթ լինում մտնել խանութ` գնումների եւ քանի անգամ է առիթ լինում պատրաստել փոխադրամիջոցի համար անհրաժեշտ գումարը, որպեսզի չանհանգստացնենք ուրիշներին եւ չխանգարենք երթեւեկության կարգը, կհասկանանք, թե որքան անպարտաճանաչ ու զուրկ են տարրական կուլտուրայից նրանք, ովքեր փորձում են օգտվել փոխադրամիջոցից առանց դրան պատրաստ լինելու։
Չգիտեմ, որքան ժամանակ է պետք` հասկանալու համար, որ մեր կյանքի թե՛ խնդիրները, թե՛ հարմարավետությունը ինքներս ենք ստեղծում, ինքներս ենք պատասխանատու դրա համար, եւ կարիք չկա այդ գործին խառնել որեւէ մեկին, երբ ինքդ կարող ես հեշտությամբ լուծել հարցը եւ համաշխարհային խնդիրներ չառաջացնել անտեսված փոքրիկ պարտականությունից: Պարզ, տարրական մի բան է. անգամ, եթե փոխադրամիջոցի վարձը տրվում է վարորդին, կարիք չկա նրան ավելորդ զբաղեցնել գումարը մանրելու գործով, նա պարտավոր չէ դա անել։ Այո, վճարման կարգը դեռեւս թերի է, բայց ուղեւորներն առավել բարդացնում են խնդիրը, փոխանակ օգնելու` ժամանակ առաջ լուծել այն, իսկ այդ ժամանակը մոտեցնելու համար այլ հնար չկա, քան անպատրաստ ու անփույթ ուղեւորներին անմիջապես իջեցնել փոխադրամիջոցից` առանց որեւէ բացատրության…
Իհարկե, որքան ավելանան նորաոճ փոխադրամիջոցները, այնքան խնդիրներ կառաջանան հարյուրդրամանոցներ ձեռք բերելու, սակայն արդեն իսկ վճարման կարգը էլեկտրոնային կարգով ներդնելու ծրագիր ու նպատակ կա, եւ հուսանք, որ այն առաջիկայում կիրականացվի, մնում է մեր հարգարժան ուղեւորն իրեն նեղություն տա վատ սովորությունները թողնելու եւ նոր վարքականոն ձեռք բերելու, որ այնքան էլ բարդ չէ, որքան թվում է «մունաթի» տեսանկյունից, քանի որ այդ նույն ուղեւորը` հայտնվելով արտերկրում, չի համարձակվի «մունաթ» բանեցնել ու դրամապանակ, գրպան քրքրել կամ սրա-նրա երեսին նայել իր խնդիրները լուծելու համար. նա շատ լավ գիտի, թե այնտեղ ինչ է սպասվում իրեն, եթե անպատրաստ է բարձրանում հանրային տրանսպորտ։
Այսօր մեր նորաոճ փոխադրամիջոցները կահավորված են հարմարավետ` ունեն դրամարկղ, որ հնարավորություն է ընձեռում ուղեւորության հենց սկզբից անմիջապես վճարել եւ այնուհետեւ առանց մտահոգության շարունակել ճանապարհը եւ իջնելուց վճարման գլխացավանքի մեջ չընկնել, իջնելուց առաջ օգտվել համապատասխան սեղմակից` գոռալու փոխարեն վարորդին զգուշացնելու համար կանգառի մասին, որից, սակայն, դեռեւս չեն օգտվում. պատճառներից մեկը անտեղյակությունն է, մյուսը` կանգնած ուղեւորների կուտակումը եւ ակամա սեղմակներին հպվելը, ինչը կեղծ ազդանշան կարող է տալ, որի պատճառով վարորդներն ստիպված անջատում են համակարգը։ Փոխադրամիջոցներն ունեն օդորակիչներ, որոնք արդյունավետ են աշխատում, երբ պատուհանները փակ են. սրան նույնպես անտեղյակ են ուղեւորները, եւ վարորդը կրկին ստիպված է զգուշացնել, որ հանգիստ թողնեն պատուհանները եւ օգտվեն համաչափ զովությունից, որ ապահովում են օդորակիչները։
Ըստ իս, պակաս կարեւոր չէ հսկող օբյեկտիվի աչքը, որ գրանցում է սալոնի անցուդարձը, եւ, կարծում եմ, գոնե սկզբի եւ փոխադրամիջոցից օգտվելու մշակույթը ներդնելու եւ ամրապնդելու համար արժեր նաեւ բարձրախոսի զգուշացումը, ասենք. «Հարգելի՛ ուղեւորներ, դուք նկարահանվում եք. տրանսպորտ բարձրանալիս` անմիջապես վճարեք համապատասխան գումարը, ավելորդ մի՛ զբաղեցրեք այլ ուղեւորների ու վարորդին, եղեք զուսպ ու կոկիկ, մի՛ կերակրեք երեխաներին տրանսպորտում եւ անհարմարություններ մի՛ պատճառեք ուրիշներին, խուսափե՛ք սխտորահոտեր ու խմիչքահոտեր արտաշնչելուց, միմյանց հրհրելուց եւ փնթի հագուստով ու անլվա երթեւեկելուց… Մաղթում ենք հարմարավետ ուղեւորություն…»:
Պետք է հաշվի առնել շատ կարեւոր մի բան եւս. հանրային փոխադրամիջոցների հարմարավետությունից, դրանից օգտվելու մշակույթից, սպասարկման մատչելի վճարից, դրանք գրագետ ու արդյունավետ աշխատեցնելուց է կախված նաեւ փողոցների բեռնաթափումը. որքան լավ աշխատի հանրային տրանսպորտը, այնքան քիչ կարիք կլինի անձնական մեքենաների շահագործման. մի քանի կանգառի համար ուղղակի ձեռնտու չի լինի անձնական մեքենան դուրս բերել երթուղի, դրանցով երթեւեկողները նույնպես կօգտվեն հանրային փոխադրամիջոցից եւ ավելորդ խցանումների պատճառ չեն դառնա… Մնում է մտահոգությունը փոխանցվի ոչ միայն պատկան մարմիններին, այլեւ յուրաքանչյուր պոտենցիալ ուղեւորի…