Ամեն անգամ, երբ գալիս է Հայաստանի Հանրապետության անկախության օրը, առաջին հերթին ես մտածում եմ՝ իսկ ի՞նչ է անկախությունը Հայաստանի նման փոքրիկ, անպաշտպան, մուսուլմանական օվկիանոսում ընկած մի կղզյակի համար, ինչպիսին մեր երկիրն է։ Արդյոք սա այն անկախությո՞ւնն է, ինչին դարեր շարունակ ձգտել են մեր նախնիները։ Ունենալով իրենց մտապատկերում Տիգրան Մեծի ժամանակաշրջանի զո-րեղ Հայաստանի անկախությունը։ Թե սա այն անկախությունն էր, որ 1918-1920 թթ. մեր ժողովուրդը զենքով նվաճեց՝ աննախադեպ հաղթանակ տանելով թուրքական ասկյար-ների բանակի հանդեպ, երբ ասես փյունիկի նման մեր բզկտված հողերում բարձրացրեց հայոց եռագույնը։ Երբ ստեղծեց իր պառլամենտը, իր կառավարությունը, երբ մի խումբ իսկապես բարձր հոգեկան ու մտային կարողությունների տեր մարդիկ ղեկավարեցին Հայաստանի Հանրապետությունը, որը հանգիստ չէր տալիս թե՛ թշնամի բարեկամներին, թե՛ բարեկամ թշնամիներին, բայց սա ճշմարիտ անկախություն էր, երբ ամեն ինչ արվում էր բարձր ազգային գիտակցությամբ, երբ ստեղծվում էին ոչ սուտ, այլ ճշմարիտ հանրապետական կառույցներ, թե՛ բանակ, թե՛ դատարան, թե՛ ազգային ժողով։ Երբ պետական ֆինանսները վատնելը եւ գանձարանի ոսկիները հալեցնելը, երբ հարստացած հանցագործներին արտոնությունը կթվար մի զառանցանք, խելքից դուրս մի գործողություն, որը կդատապարտվեր թե՛ Հայաստանի առաջին Հանրապետության հպարտ քաղաքացիների, թե՛ նրա՝ բարձր ինտելեկտ ունեցող ղեկավարների կողմից։
Այո՛, դա ճշմարիտ անկախություն էր, որովհետեւ հիմքում ընկած էին այնպիսի մարդկանց երազանքներն ու պատկերացումները, ինչպիսիք Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ռոստոմ Զորյանն էին։ Եվ այդ անկախությունն իրականացնում էին այնպիսի վառ անհատներ, որոնք հայտնի էին ոչ միային Հայաստանի բնակչությանը, այլեւ ողջ աշխարհի հայությանը՝ Արամ Մանուկյան, Սիմոն Վրացյան, Ալեքսանդր Խատիսյան, Նիկոլ Աղբալյան, Լեւոն Շանթ, զորավարներ՝ Դրաստամատ Կանայան, Դանիել Բեկ-Փիրումյան, եւ նրանց կողքին զգացվում էր զորավար Անդրանիկի շունչն ու շուտով նաեւ անձնական մասնակցությունը։ Սակայն ժամանակակից աշխարհը մուսուլմանական, պանիսլամիստական ուժերից սկսած եւ վերջացրած եվրոպական ծախու պետություններով, ինչպես եւ Աթաթուրքին ֆետիշացրած մոնղոլական ծագմամբ խորհրդային վոժդի եւ ժողովուրդների նորահայտ հոր հետ չհանդուրժեցին գոյությունը մեր անկախ երկրի եւ շուտով մեր եռագույնը փոխարինվեց ալ կարմիր դրոշով, որից դեռեւս կաթում էր անմեղ հայորդիների արյունը։
Մենք ապրել ենք եւ թվացյալ անկախության երկար տարիներ՝ 1920-ից մինչեւ խորհրդային վարչակարգի անկումը, եւ հարկ է ասել, որ անկախության իսկապես մի շարք արժեքներ այդ շրջանում ունեցան իրենց զարգացումն ու բարգավաճումը մեր տառապյալ հայրենիքում։ Դա առաջին հերթին գիտության վերելքն էր, հոգատարությունն ազգային գրականության եւ արվեստի հանդեպ, առողջապահական եւ մշակութային մի շարք կարեւոր ծրագրերի իրագործումն ու երկրի չարքաշ մարդու մասին հոգս քաշելու մղումը։ Երբ հիվանդ մարդը բուժվում էր անվճար, հեռավոր գյուղից եկած երիտասարդը նույնպես անվճար բարձր կրթություն էր ստանում։ Եվ երկիրը կամաց-կամաց շտկում էր իր մեջքը։
Անկախությունն այն էր, երբ թուրք ոսոխը հզոր Ռուսաստանի վախից Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենադժնդակ տարիներին անգամ չանցավ Արաքս գետը։ Խորհրդային թվացյալ անկախությունից հետո պիտի գար ճշմարիտ անկախության երկար սպասված շրջանը։ Այս ճամփան էլ եղավ խորդուբորդ։ Մենք, ճիշտ է, ունեցանք մեր դարում առաջին պատերազմական հաղթանակը մեր հողերը յուրացրած ոսոխի հանդեպ, բայց ժողովուրդը չկարողացավ վայելել այդ հաղթանակի պտուղները։ Քանզի երկիրը ղեկավարում էին գուցե բանիմաց եւ կամային հատկություններով օժտված մարդիկ, սակայն իրենց հոգում չունեին քրիստոնեական հավատքի ոչ մի նշույլ, որոնց համար Քրիստոսի պատվիրանները նույնն էին, ինչ չինական այբուբենի հիերոգլիֆները։ Իհարկե, նման դեպքում պարտությունն անխուսափելի էր։ Դա եւս պայմանական անկախություն էր։ Որովհետեւ գուցե ավելի դառն ու դաժան է, երբ դու անկախ չես ոչ թե օտար զավթիչներից, այլ քո տեղականներից։
Եվ ահա եկավ պատմական ժամը, երբ ժողովուրդն իսկապես իր ձեռքը վերցրեց եռամիասնությամբ անկախություն հաստատելու գործընթացը։ Եվ ժողովուրդը հավատաց, որ ինքն է երկրի տերը, եւ որոշեց խղճի թելադրանքով ընտրել իր այն ղեկավար ուժը, որ վերջապես կարողանա արդարություն բերել մեր տանջված հողին եւ սոցիալական հավասարություն հաստատել, ցույց տալ մեր ազգային արժանապատվությունը։ Այս բնույթի անկախության համար, իհարկե, պետք է պայքարել։ Ժողովուրդ, եկեղեցի եւ սփյուռք։ Այս անկախությունը, ինչպես ասացինք, հեշտ չի լինելու պահպանել, բայց կպահպանվի, եթե ամեն հայ արժանի լինի իր պատմությանը եւ հավատա իր ապագային։
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
«Մովսես Խորենացի» մեդալակիր