Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Մենք վիրավոր առյուծի ենք նման, որն ապաքինվելուց հետո պատրաստվում է թռիչքի…»

Սեպտեմբերի 21, 2021
Սոցիում
«Մենք վիրավոր առյուծի ենք նման, որն ապաքինվելուց հետո պատրաստվում է թռիչքի…»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
381
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Գուսան Հայկազունու երգն արծվի պես է ճախրում, նա երկու հզոր թեւ ունի՝ իմաստուն խոսքը եւ սրտաբուխ մեղեդին… Հայկազունուն երգում են Արցախի սահմանը պահող զինվորը, Արարատյան դաշտում այգին մշակող ռանչպարը, մաշտոցյան այբուբենն ուսուցանող դպրապետը, կյանքի օվկիանում իր առագաստը պարզող երիտասարդը, Սփյուռքի հայրենաբաղձ հայը, գիտնականը, բժիշկը, արվեստագետը, աշխատանք փնտրող կարիքավորն ու նաեւ միլիոնատերը, ով իր հոգում մանթաշյանական արժանապատիվ բարերարություն ունի… Բայց հայ կա՞, ով չլսի ու չոգեշնչվի Հայկազունու կրակով… Նրա երգ-արարումի վերջում բոլորը միասին դառնում են Էրգրի ուխտավոր ճամփորդ՝ «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ…»:

Կարծում եմ՝ գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանի այսպիսի բնութագրումից հետո սիրված գուսանի մասին այլ խոսք ասելն ավելորդ է: Ուստի մեր Անկախության օրվա առիթով զրուցեցինք նրա հետ:

-Ի՞նչ խորհուրդ ունի սեպտեմբերի 21-ը գուսան Հայկազունի համար, մեկի, ով Արցախյան ազատամարտի երգիչը դարձավ ու նրա զինվորը:

-Այսօր նշում ենք մեր հանրապետության անկախության 30-ամյակը, բաղձալի մի իրողության, հանուն որի պայքարել են մեր պապերն ու նախնիները դարեր շարունակ: Եվ որքա՜ն թանկ արյուն է թափվել այդ ճանապարհին: Մեր քաջազուն զինվորների, մեր լավագույն տղաների արյունը: Հիմա մենք ազատ ու անկախ հայրենիք ունենք, որը նվաճել ենք անլուր տառապանքների, զրկանքների, թանկագին կորուստների գնով: Այդ ամենը, ցավոք, անխուսափելի էին այս հանգրվան հասնելու, անկախությունը չկորցնելու համար: Եվ որպեսզի այն վերստին չկորցնենք ու հետո նորից մտածենք հետ բերելու մասին, պարտավոր ենք ազգովի պաշտպանելու, փայփայելու եւ նորովի զորացնելու մեր երկիրը: Ճշմարիտ է, ահավոր ծանր ու կորստաբեր էր դավադիր վերջին պատերազմը, բայց պիտի շեշտեմ, որ այդ անհավասար կռվում չի պարտվել հայ զինվորը, չի պարտվել մեր բանակը, այլ հարկադիր նահանջ է կատարել: Պատկերավոր ասած՝ դա վիրավոր առյուծի նահանջ էր, որը վերքերը բուժելուց հետո պատրաստվում է նոր թռիչքի: Համոզված եմ՝ մենք այդ թռիչքը կկատարենք վաղ թե ուշ եւ հետ կբերենք հայրենական մեր կորցրածը:

-Դուք մասնակցել եք մեր ազատագրական պատերազմին, եղել անկախության ակունքներում…

-Հիշում եմ, տակավին դպրոցական էի, երբ սկսեցի համագործակցել գաղտնի կազմակերպության հետ՝ «Տվեք մեր հողերը» գրությամբ թռուցիկներ էինք տարածում: Դա 1965-66 թվականներին էր: Այնպես որ, ես անկախական եմ արդեն 55 տարուց ավելի: Իսկ 1988-ի համազգային շարժման ժամանակ սկսեցի ազգասիրական երգեր գրել: Առաջինը «Հայեր, միացեքն» էր, որն արձագանքվեց աշխարհասփյուռ հայության սրտերում ու շուրթերին:

-Իսկ ինչպե՞ս ծնվեց Ձեր ամենահայտնի ու սիրված երգերից մեկը՝ «Գետաշենը»:

-1990 թ. աշնանն էր: Մեր՝ Արտաշատի կամավորական ջոկատը, լուսահոգի Լաերտ Սաղաթելյանի գլխավորությամբ, ուղղաթիռով պետք է թռչեր Գետաշեն՝ մասնակցելու գյուղի պաշտպանական մարտերին: Խումբը բաղկացած էր շուրջ 25 կամավորականից, որոնց թվում էի նաեւ ես: Երբ բարձրացանք ուղղաթիռ, Լաերտը նկատեց ինձ եւ աստիճաններից հետ քաշելով՝ իջեցրեց. «Դու ո՞ւր ես գալիս, դու ափսոս ես, մեկ էլ տեսար մի քոռ գյուլլա կպավ քեզի: Լավ կլինի՝ դու մնաս ու Գետաշենի մասին մի լավ երգ գրես…»: Այդպես էլ եղավ. ես չգնացի, եւ դա առիթ դարձավ, որ մի քանի օրում գրվեր «Գետաշեն» երգը, որն արագորեն համազգային հնչողություն ձեռք բերեց: Պիտի ասեմ, որ իմ երգերից մեկ տասնյակը հայտարարված են որպես մեր ազգային բանակի քայլերգեր, իսկ առաջինը՝ «Հայեր, միացեքը» դարձել էր 1988-ի համազգային շարժման հիմնը:

-Գուսան, Ձեր ստորագրությունը եւս հետաքրքիր է՝ Մասիսների կատարյալ պատկերով…

-Ի սկզբանե էր այդպես, թռուցիկներ տարածելու ժամանակներից: Ասեմ, որ շատ հիմնարկներ եմ ղեկավարել, եղել եմ կուսակցական, եւ իմ այդ ստորագրության պատճառով ընկել եմ շատ հարվածների տակ, նեղել են հաճախակի, բայց՝ անօգուտ: Ինձ համար դա էլ էր պայքարի ձեւ, որին չեմ դավաճանել երբեւէ:

-Իսկ ի՞նչ երգեր են գրվել վերջին շրջանում:

-Բազմաթիվ երգեր, որոնց մեծ մասը նվիրված են հերոսացած մեր ասպետներին, իմ հայրենիքին, իմ հերոսական ժողովրդին: Հիշատակեմ դրանցից մեկի անվանումը՝ «Չընկճվես, ազգ իմ»: Այո, մենք ընկճվելու, թեւաթափ լինելու իրավունք չունենք: Պարզապես մեզ 4-5 տարվա ժամանակ է պետք, որպեսզի երկիրը վերականգնենք, վերազինենք մեր բանակը: Ես վստահ եմ՝ վաղ թե ուշ Հայաստանը դրախտավայրի ենք վերածելու, հետ ենք բերելու ժամանակավորապես կորցրածը, ներգաղթողների քարավաններ ենք տեսնելու:

-Դուք չափազանց լավատես եք, գուսան…

-Կուզեի, որ մեր ողջ ազգը այսպես մտածեր: Մեր զորեղ ու զորավոր ազգը:

-Իսկ ինչո՞վ եք զբաղված հիմա:

-Իմ իսկ ստեղծած գուսանական դպրոցի խնդիրներով, մի կրթօջախ, որի նպատակն է գուսանական, ժողովրդական եւ հայրենասիրական երգերի սերմանումն ու ուսուցանումը, նոր ու շնորհալի կատարողների հայտնաբերումը, ովքեր վաղը դառնալու են հայ երգի մշակներ: Դպրոցում կկազմակերպվեն ամենատարբեր միջոցառումներ, հանդիպումներ ճանաչված արվեստագետների, գրողների, մեր ապրող հերոսների հետ: Մտադիր եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ կազմակերպել նախադեպը չունեցող մրցույթ-փառատոն՝ նվիրված արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին: Հուսով եմ, որ նախարարությունը կընդառաջի այս սուրբ գործին:

-Ազգաշահ ու գեղեցիկ նախաձեռնություններ, որոնց հաջողություններ ենք մաղթում: Իսկ վերջում՝ Ձեր ընտանիքի մասին: Լսել ենք, որ նոր համալրում է սպասվում:

-Ճիշտ եք լսել, եւ դա կլինի շուտով: Ես յոթանասունս բոլորած հայր եմ հինգ զավակների, առայժմ վեցերորդը ապագա զինվոր է ծնվելու, որի անունն արդեն որոշել ենք՝ Պապ՝ իմ պաշտելի Պապ թագավորի անունով:

-Բարին մաղթենք հայոց աշխարհին, եւ թող մեր երկիրը լցվի նորածին մանկանց ավետալից ճիչերով:

Թեգեր: անկախությունԳուսան Հայկազունմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist