Անվանի հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը հայագիտության այն երախտավորներից է, ով իր կարճատեւ կյանքի ընթացքում անջնջելի հետք թողեց հայ պատմագրության, գիտակրթական ոլորտում, հասարակական կյանքում եւ ընդհանրապես իր ժամանակակիցների հիշողության մեջ։ Մեծանուն պատմաբանի՝ հայոց պատմության մի շարք հիմնահարցերի, հատկապես հայոց հնագույն պետականությունների վերաբերյալ ուսումնասիրությունները հայեցակարգային նշանակություն են ունեցել հայ պատմագիտության զարգացման գործում:
Նախօրեին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Ա. Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» գրքի շնորհանդեսը: Հատկանշական է, որ 2015 թ. նույնը օրը՝ սեպտեմբերի 22-ին նա պաշտպանել էր իր դոկտորական ատենախոսությունը «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել էր պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մենագրությունն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհում գրի սկզբնավորումից մինչեւ Մեսրոպ Մաշտոցի գյուտն ընկած ժամանակաշրջանը, այսինքն՝ գրի ծագման եւ զարգացման վաղ փուլերը, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերը, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությունը։ Հետազոտությունը կատարված է երկու տեսակի սկզբնաղբյուրների հենքի վրա՝ գրավոր աղբյուրների հաղորդումների եւ հնագիտական հայտնաբերումների։
Աշխատությունն ունի նախեւառաջ ճանաչողական նշանակություն, ամբողջությամբ լուսաբանում է հայոց գրավոր մշակույթի առաջին կեսի պատմությունը, օգնում հասկանալ դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում այն նախադրյալները, որոնք ծնունդ տվեցին մեր մշակույթի Ոսկեդարին։
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով աշխատության կարեւորությանը, նշեց, որ մեր հասարակության մի զգալի մասը տեղյակ չէ, որ ունենք նախամաշտոցյան հսկայական գրային շերտ, որը թողել են թե Հայկական լեռնաշխարհի բնիկները՝ հայերը, եւ թե հարեւան տարածաշրջանների պետությունների ներկայացուցիչները. «Դա մեր գրավոր ժառանգությունն է։ Այդ ամենը հասարակությանը ներկայացնելու անհրաժեշտություն ունենք, որովհետեւ կա կարծիք, թե մեր բոլոր ձեռքբերումները եղել են 405 թվականից հետո, այսինքն՝ մաշտոցյան գրերի սստեղծումից հետո։ Իսկապես մեծ, տիտանական այս աշխատանքը, որն անտիպ էր, մի փոքր կլրացնի գոյություն ունեցող բացը եւ ավելի խորը պատկերացում կտա այն մասին, թե ինչպիսի գրավոր մշակույթ ենք ունեցել մինչեւ Մաշտոցը»։ Զրուցակիցս կարեւորեց ակադեմիական, նեղ մասնագիտական լեզվով գրված աշխատությունը գիտահանրամատչելի ձեւով ներկայացնելու, ինչպես նաեւ հետագայում այլ լեզուներով թարգմանելու եւ աշխարհին մատուցելու հնարավորությունը։ Միանշանակորեն այս գաղափարների տարածումը կօգնի նաեւ հայագիտական մոտեցումները ճանաչելի դարձնել Հայաստանի եւ հայկական գիտական շրջանակներից դուրս։ Նշենք, որ աշխատությունը Ա. Մովսիսյանի դոկտորական ատենախոսության մշակված, խմբագրված եւ սրբագրված տարբերակն է, որն իրականացվել է Արեւելագիտության ինստիտուտում, մասնակից են եղել ԵՊՀ պատմության ֆակուլտետը, պատմության ինստիտուտը, իսկ գիրքը լույս է ընծայվել «Զանգակ» հրատարակչության կողմից։
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի գնահատմամբ, իր բովանդակությամբ գիրքը վերջին շրջանի պատմագիտական լավագույն ուսումնասիրություններից է. «Արտակ Մովսիսյանն աչքի էր ընկնում համարձակ հարցադրումներով, հայոց պատմության խնդիրների նորովի լուսաբանմամբ, եւ նա իր համարձակ մոտեցումներով ու խորը ուսումնասիրություններով կարողացել էր բացահայտել այնպիսի եղելություններ, որոնք իսկապես շատ խորը հետք են թողել հայ պատմագիտության մեջ»։
Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի խոսքով, Արտակ Մովսիսյանն իր ամբողջ կյանքի ընթացքում մարտի մեջ էր, որը նա հաղթեց՝ ապացուցելով թերահավատ եւ մի քիչ էլ չար մարդկանց, որ ինքը ճիշտ է. «Արտակը ժամանակի ընթացքում լրացրեց մեր պատմագիտության բազմաթիվ բացեր, վաղագույն շրջանն ամբողջապես, մի ամբողջ դարաշրջան։ Նա հայոց պատմությունը վերադարձնում էր սերունդներին, եւ երբ մարդիկ պատմաշինություն կամ պատմաշինարարություն էին համարում նրա գրածները, այսօր առնվազն պետք է զղջան իրենց ասածների համար։ Այսօր, առավել քան երբեւէ Արտակի տեսակը շատ է պետք մեր ժողովրդին, հայ մարդուն, որն ունի քաղաքացիական նկարագիր, ուղնուծուծով հայ է եւ կպած է իր հայրենի հողին։ Մինչդեռ, ցավոք, մեզանում մոլախոտ շատ կա»։ Արտակ Մովսիսյանին բնութագրող կարեւոր հատկություններից մեկն էլ, ըստ Մելքոնյանի, այն էր, որ գիտական ոլորտում իր ամենակոշտ ընդդիմախոսներին կարողանում էր «իրենով անել» եւ երբեք ոչ մեկի հետ չէր թշնամանում։
«Մենք գործ ունենք մի անհատի աշխատության հետ, որը կատարյալ ստեղծագործական վարպետությամբ նորություն բերեց հայ պատմագրությանը, անձնավորության, որը քաղաքացիություն տվեց իր տեսակետներին դասագրքերով, հայոց պետականության ծագումը հասցնելով երրորդ հազարամյակներ։ Ազգային նկարագիր ունեցող աշխատությունների հրատարակումը եւ դրանց պրոպագանդումը չափազանց կարեւոր են, քանի որ դրանք ոչ միայն այսօրվա, այլեւ հետագա սերունդների համար են»,- ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։
Ավագ գործընկերը չի մոռանում նրա անմիջականությունը, դասախոսական վարպետությունը, համարձակ ելույթները, ինչով աչքի էր ընկնում դեռ ուսանողական տարիներից։ Այսօր էլ զգացվում է պատմաբանի ներկայությունը հարազատ ֆակուլտետում։ Մինասյանը հիշեցրեց, որ Արտակը էքստերն ավարտել է պատմության ֆակուլտետը գերազանցությամբ, իսկ դեռ ուսանողական տարիներին գրել է իր առաջին՝ «Հնագույն պետություն Հայաստանում. Արատտա» աշխատությունը, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ-1993» մրցույթում ճանաչվել է հաղթող որպես լավագույն պատմագիտական աշխատանք:
Մինասյանի խոսքով, հայագետը հաճախ նշում էր, որ մարդիկ մոլորվել են եւ հարկավոր է նրանց ճիշտ ուղու վրա կանգնեցնել։ Այդ նպատակին էին ծառայում Մովսիսյանի դասախոսությունները, հոդվածներն ու ֆիլմերը, որով գաղափարական ճակատում իբրեւ պայքարի մարտիկ առաջնահերթություն էր տալիս կարեւորագույն թեմաներին։ «Սա կապիտալ աշխատություն է, որտեղ շարադրված է նախամաշտոցյան գրերի ստեղծման եւ զարգացման ամբողջական պատմությունը։ Նա տվել է ոչ միայն մեհենագրության ամբողջական պատմությունը, այլեւ առանձին անդրադարձ է կատարել նախաքրիստոնեական եւ դրանից հետո եղած կոնկրետ նախամաշտոցյան գրային համակարգի ստեղծմանն ու կիրառմանը հայ իրականության մեջ։ Այս գործում առաջիններից մեկն էր, որը համարձակորեն գրային մշակույթը դարձրեց քաղաքակրթության շարժիչ ուժ։ Աշխատանքի վերջում տրված է նախամաշտոցյան գրավոր մշակույթի կիրառման կարեւորությունը նաեւ մեր օրերում»,- ասաց Մինասյանը, շեշտելով, որ աշխատությունը վստահաբար կծառայի մեր սերունդներին եւ ուղենիշ կդառնա ոչ միայն պատմաբանների, բանասերների, այլեւ հետազոտողների համար։
Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության եւ լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոն դասախոս, բ.գ.թ., դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը բարձր գնահատեց Մովսիսյանի ավանդը հայ մշակութաբանության մեջ, առանց առանձնացնելու հայ պատմագրությունից։ «Նա իր հետ բերեց հայ պատմական մշակույթի կամ պատմականության ձեւավորման նոր վարքագիծ, հայ լեզվամտածողության ու մշակութաբանության նոր մոտեցում։ Տեղի ունեցավ հետաքրքիր մի բան. Արտակն ընդունեց շատ լուրջ մարտահրավերը, որտեղ տարավ մեծ հաղթանակ՝ անկախ բոլոր խանգարիչ գործոններից»,- ասաց նա։
Լեզվաբանի խոսքով, Արտակը մուտք էր գործել նոր ոլորտ, որն է՝ ազգային գաղափարաբանության ձեւավորումը, եւ այն այսուհետեւ պետք է դառնա հայկական ազգային գաղափարաբանության հետագա զարգացման ակունքը. «Ազգային գաղափարաբանություն ազգային պետականության մոտեցմամբ, որը թույլ չէր տա ոչ մի ոտնձգություն հայկական մշակույթի դրսեւորումների հանդեպ»։
Ներկաներն ափսոսանք հայտնեցին, որ Արտակ Մովսիսյանի անժամանակ մահը ընկերներին, գործընկերներին, ուսանողներին եւ ամբողջ հայ հասարակությանը զրկեց տաղանդավոր մտավորականի, լավագույն մասնագետ-հայագետի, նվիրյալ հայորդու ներկայությունից, որն իր կարճ, բայց բովանդակալից կյանքի ընթացքում՝ ընդամենը 50 տարի, ստեղծեց հայ պատմագրության լավագույն գործերից, գրեց երկու տասնյակից ավելի մենագրություններ, շուրջ 100-ի հասնող գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, որոնցով այսօր կրթվում եւ դաստիարակվում է մեր սերունդը։ Արտակ Մովսիսյանը մեծ սեր եւ հարգանք էր վայելում եւ շարունակում է առայսօր վայելել իր ընկերների, ուսանողների, գործընկերների մոտ, որը փոխադարձ էր, ինչի մասին էր վկայում նաեւ այդօրվա լեփ-լեցուն սրահը։ Ներկաներն ընդգծում էին նրա ջերմ հայրենասիրությունը, նվիրվածությունն իր ժողովրդին ու պատմությանը, եւ իհարկե գիտնականի համարձակությունն ու վճռականությունը՝ պաշտպանելու սեփական տեսակետները։
Երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանն իր աշխատությունն ամփոփում է հետեւյալ կերպ. «Նախամաշտոցյան Հայաստանում կիրառվել են 12 գրային համակարգեր, կանգնեցվել են բազմահազար արձանագրություններ մայրենի եւ օտար լեզուներով։ Դա ավելի քան խոսուն վկայությունն է մեր նախնիների՝ գրի եւ գրականության նկատմամբ տածած հարգանքի եւ սիրո, որի պերճախոս ապացույցն է դպրության Տիր աստծո պաշտամունքը նախաքրիստոնեական դարաշրջանում։ Այդ վերաբերմունքը շարունակվեց նաեւ հետագայում՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա հանճարեղ ժառանգների սրբացմամբ, ինչի ականատեսն ու վկան ենք այսօր մենք…»: