Մշակութային կյանքը Մարտունի քաղաքում աշխուժացնելու նպատակով այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահի «Մարտունու պատկերասրահ» մասնաճյուղի կողմից հայտարարված է «Մշակութային շաբաթ», որի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 22-ին տողերիս հեղինակի «Հայկական Քաշաթաղ» լուսանկարների ցուցահանդեսով:
Սեպտեմբերի 23-ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից տեղի ունեցավ «Մշակութային կյանքը Մարտունիում. զարգացման հեռանկարներ» խորագրով քննարկում: Նշված ՀԿ-ի նստավայրում էին մեկտեղվել Մարտունի քաղաքում եւ հարակից բնակավայրերում բնակվող արվեստագետներ, նկարիչներ, հանրակրթական դպրոցների կերպարվեստի ուսուցիչներ, Մարտունու արվեստի դպրոցի ուսուցիչներ: Հանդիպմանը ներկա էր «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Եսթեր Հակոբյանը: Բացման խոսքով հանդես եկավ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ, Մարտունու պատկերասրահի վարիչ Անահիտ Գեւորգյանը: Ցավ հայտնեց, որ նախ կորոնավիրուսը, հետո սեպտեմբերյան պատերազմը մեծ հարված են հասցրել մեր ժողովրդին: Խաթարվել է նաեւ մշակույթի զարգացումը: Այս ծանր վիճակից դուրս գալու եղանակ է նաեւ զարգացնել մշակութային կյանքը: Նշեց՝ մեր պատմության ընթացքում նման կորուստներ շատ ենք ունեցել, բայց կարողացել ենք դուրս գալ ծանր պայմաններից, եւ հույս հայտնեց՝ այս անգամ էլ կհաղթահարենք բոլոր դժվարությունները:
Քննարկմանը զուգահեռ ընթանում էր «Կինը եւ արվեստը» խորագրով հանդիպում նկարչուհի Մարիամ Գալստյանի հետ: Ընթացքում միջոցառմանը միացան նաեւ կիթառահարները` Մարտունու երաժշտական դպրոցի ուսուցիչ Արտակ Օհանյանի ղեկավարությամբ: «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Եսթեր Հակոբյանը ողջունեց ներկաներին՝ ասելով՝ ուրախ է, որ ներկա է հանդիպմանը եւ ոգեւորված. նաեւ տղամարդիկ են մասնակցում քննարկմանը: Նշեց՝ արդեն 3 տարի է՝ համագործակցում է Ա. Գրիգորյանի ղեկավարած ՀԿ-ի հետ, եւ նման հանդիպումներում հիմնականում կանայք են եղել: Ներկա արվեստագետները նախ անդրադարձան իրենց խնդիրներին, որոնց լուծումն էլ, նրանց համոզմամբ, կաշխուժացնի մշակութային կյանքը Մարտունիում: Հատկապես դժվար է նկարիչների համար, ովքեր չունեն արվեստանոց, եւ դժվար է աշխատել տան պայմաններում: Ա. Գեւորգյանը ներկայացրեց քննարկման մասնակիցներին:
Ներկայացնելով քանդակագործ եւ նկարիչ Էդգար Սաֆարյանին՝ տեղեկացրեց՝ արվեստագետի քանդակներից է Կարաբալայի արձանը, որն այժմ Մարտունի քաղաքի մշակութային զարդերից է: Նկարիչներ Արթուր Գրիգորյանն ու Աշոտ Խաչատրյանը եղել են Մարտունու նկարչական դպրոցի հիմնադիրներից եւ առաջին ուսուցիչներից: Մարտունու տարածաշրջանից Հայաստանի նկարիչների միության միակ անդամ Արամայիս Խլղաթյանը տարիներ առաջ քաղաքում կազմակերպել է քանդակների սիմպոզիում, եւ այսօր մոտ 10 քանդակ զարդարում են քաղաքի փողոցները: Նա նույնպես ներկա էր հանդիպմանը եւ առաջարկեց նման սիմպոզիում կազմակերպել արդեն գեղանկարիչների մասնակցությամբ: Խոսելով մշակութային գործիչների մասին՝ ցավով նշեց, որ բոլոր ժամանակներում նրանք անտեսված են եղել կենդանության օրոք, եւ միայն հանճարների մահից հետո է հասարակությունը ճանաչել նրանց մեծությունը: «Յուրաքանչյուր արվեստագետի գործը պետք է դարձնենք արժեք»,- ասաց Ա. Խլղաթյանը:
Մարտունու նկարչական դպրոցի ուսմասվար Հասմիկ Մհերյանը տեղեկացրեց՝ ունեն 96 աշակերտ, բայց ցավ հայտնեց, որ դպրոցի շենքը ոչ պատշաճ վիճակում է, բացի այդ, այս կրթօջախ հաճախում են հիմնականում քաղաքի երեխաները: Գյուղերից քիչ են՝ կապված մի շարք խնդիրների հետ: Իսկ ինքը նկարիչ է դարձել, երբ Մարտունիում սկսեց գործել նկարչական դպրոց: Երազանքն է եղել՝ լինել ճանաչված նկարիչների արվեստանոցներում, տեսնել նրանց աշխատանքները: Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նունե Հայրապետյանը եղել է Մադինա գյուղի դպրոցում գործող նկարչական խմբակի սան, որը ղեկավարում էր վաղամեռիկ նկարիչ Ներսես Կարապետյանը: Ներկայացնելով նկարիչ-քանդակագործ Սպարտակ Հայրապետյանին՝ Ա. Գրիգորյանն ասաց՝ տաղանդավոր ու տարօրինակ մարդ է այս արվեստագետը, ով արդեն 20 տարի է՝ նաեւ քարաքոսներից է նկարներ «կերտում»: Արդեն 76-ամյա նկարիչն իր մոտ 1000 գործերը տանն է պահում, իհարկե, հաճախ դրանք ցուցադրվում են տարբեր ցուցասրահներում, այդ թվում՝ արտերկրի: Վաստակաշատ նկարիչն առաջարկեց հաճախակի կազմակերպել նկարների, քանդակների, նաեւ հնագիտական առարկաների ցուցադրություններ: Եղավ առաջարկ նաեւ, որ ֆիլմեր նկարահանվեն արվեստագետների մասին, նրանց գործերի ալբոմներ տպագրվեն: Ե. Հակոբյանն առաջարկեց նման հանդիպումներ իրականացնել նաեւ այլ մարզերի արվեստագետների հետ, հաճախակի դարձնել շփումները:
Ներկաները հատկապես կարեւորեցին խեցեգործության զարգացումը քաղաքի արվեստի դպրոցներում՝ համարելով, որ այդ ճյուղը նաեւ շահույթ կբերի: Կարեւորվեց նաեւ, որ կազմակերպվեն այցեր հանրակրթական դպրոցներ, որպեսզի աշակերտները ճանաչեն իրենց շրջապատի արվեստագետներին: Եղավ առաջարկ նաեւ՝ դիմել Մարտունու քաղաքապետարան, որ արվեստագետների համար տարածք հատկացվի: Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց բոլորին կարեւոր եւ հետաքրքիր քննարկման, ինչպես նաեւ մասնակցության համար: