Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ցավի հետ մեկտեղ՝ յուրօրինակ հպարտության զգացում

Հոկտեմբերի 12, 2021
Սոցիում
Ցավի հետ մեկտեղ՝ յուրօրինակ հպարտության զգացում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
408
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անցած տարի՝ այս օրերին, սկսած սեպտեմբերի 27-ից, մեր ժողովուրդը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեջ էր։ Յուրաքանչյուր օր տասնյակ ու հարյուրավոր զոհեր ունեինք, յուրաքանչյուր օր հարյուրավոր մայրեր էին դառնում որդեկորույս, հարյուրավոր մանուկներ որբանում, կանայք այրիանում, բայց հավատում էինք հաղթանակին…

Այս օրերին նշում ենք հարյուրավոր քաջորդիների նահատակության տարելիցը, նրանց նվիրված հուշակոթողներ ու խաչքարեր կերտում, աղբյուրներ հիմնում, անվանակոչություններ անում հանրակրթական ու բուհական հաստատություններում, այլ կառույցներում։ Պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից ճակատում էին ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ ու աշխարհազորայիններ, իսկ հարյուրավոր քաղաքացիական անձինք գործում էին շտաբներում։ Այդ 44 օրերի ընթացքում շրջանից նահատակվեց 78 հոգի, այդ թվում կան նաեւ անհետ կորածներ, վիրավորվեցին մոտ հարյուրը։

Քաշաթաղի շրջանի նահատակների թվում է Արծվաշեն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Գարեգին Արտուշի Երանոսյանը՝ ծնված 1982 թ. դեկտեմբերի 9-ին, ՀՀ Շիրակի մարզի Երազգավորս գյուղում։ Արտուշ Երանոսյան եւ Վարդիթեր Կիրակոսյան ամուսիններն իրենց 2 զավակի՝ Գարեգինի եւ Գրիգորի հետ 1999 թ. Երազգավորսից տեղափոխվեցին վերաբնակեցվող Արծվաշեն գյուղ։ Այստեղ սկսվեց 9-րդ դասարանն ավարտած Գարեգինի երիտասարդությունը։ 2000 թ., Արծվաշենի նորաբաց դպրոցն ավարտելով, ստացավ հասունության ատեստատը եւ դեկտեմբերին զորակոչվեց հայոց բանակ։ 2 տարի ծառայեց Վանաձոր քաղաքի N զորամասում ու տուն վերադարձավ պատվոգրերով, ծնողներին ուղղված շնորհակալագրով։ Զորացրվելուց 2 տարի անց կրկին դարձավ հայրենիքի զինվոր եւ ծառայության անցավ սահմանապահ ջոկատում։ Ծառայել է արաքսամերձ տարբեր ուղեկալներում։ Լավ ծառայության համար ստացել է ենթասպայի կոչում, արժանացել խրախուսանքների։ 2016 թ. ապրիլյան պատերազմի առաջին օրվանից քաշաթաղցի շատ կամավորականների հետ Գարեգինն էլ հասավ առաջնագիծ եւ այնտեղ մնաց մինչեւ հունիսի վերջ՝ հսկելով Ջրականի եւ Ասկերանի տարբեր հատվածներում։ Արժանացել է ՀՀ ԵԿՄ պատվոգրի, հուշամեդալի։

2019 թ. օգոստոսից եղբոր՝ Գրիգորի հետ ծառայության է անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան եղբայրների վաշտը՝ հրամանատար, մայոր Մայիս Մաթեւոսյանի գլխավորությամբ տեղափոխվեց առաջնագիծ։ Հենց առաջին օրը նրանք մտան մարտի մեջ։ Առաջին օրվանից Գարեգինենց վաշտը թշնամու թիրախում էր։ Փակել էին թշնամու ճանապարհը, տեղանքին ծանոթ էին, գիտեին իրենց անելիքը։ Իսկ թշնամին ձգտում էր ամեն կերպ առաջանալ, ու օրվա ողջ ընթացքում ռմբակոծվում, գնդակոծվում էր քաշաթաղցիների վաշտը։ Տղերքը դիմադրում էին՝ տալով ուժգին հակահարվածներ։ Չէր լռում Գարեգինի գնդացիրը ու մահ էր սփռում հարձակվող թշնամու շարքերում։ Հոկտեբերի 3-ի լույս 4-ի գիշերը, այնուամենայնիվ, թշնամուն հաջողվեց շրջապատել Գարեգինենց վաշտը։ Կռվում էին քաջաբար տղերքը, փորձում ճեղքել թշնամու օղակը, որը մարդաշատ էր ու տեխնիկաներով հագեցված։ Գարեգին գնդացրորդը ծանր վիրավոր էլ շարունակել է կրակել մինչեւ լուսաբաց, թշնամուն պատճառելով զգալի կորուստներ՝ նպաստել մարտական ընկերների շրջափակումից դուրս գալուն։

Ծանր էր կրտսեր եղբոր՝ Գրիգորի համար. վերադառնալով մարտական գործողությունից՝ ծանր վիրավորված տեսնել եղբորը։ Մի քանի հարյուր մետր բերում են ընկերներով, սակայն բազում տեղերից վիրավոր քաջորդին եղբոր գրկում էլ փակում է աչքերը։ 2020 թ. դեկտեմբերի 29-ին Գարեգինին զինվորական կարգով հուղարկավորեցին հայրենի գյուղի գերեզմանոցում՝ Ախուրյան գետի ափին։ Նույն հանգստարանում են հավերժ ննջում նաեւ երազգավորսցի Արկադի Շիրակի Հովհաննիսյանը՝ ծնված 02. 12. 1983 թ., Մարտին Մայիսի Մարտիրոսյանը՝ ծնված 21. 10. 1994 թ., եւ Գոռ Սեդրակի Խաչատրյանը՝ ծնված 18. 04. 1997 թ.։ Հերոսներ, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանությանը։ Արկադի Հովհաննիսյանը 1990-2000 թթ. սովորել եւ ավարտել է Երազգավորսի միջնակարգ դպրոցը, 2005 թ. լեյտենանտի կոչումով ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը։ Մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 29-ը, երբ հերոսաբար մարտիրոսվեց, ծառայել է Արցախի եւ ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում՝ Մարտունի, Ճամբարակ, Ստեփանավան, Քարվաճառ։ Ամուսնացած էր, ունի 2 դուստր եւ որդի։ Մարտին Մարտիրոսյանը, ավարտելով ծննդավայրի միջնակարգ դպրոցը, 2012-2014-ին ծառայել է հայոց բանակում, զորացրվելուց հետո մինչեւ 2018 թ. արտերկրում էր, վերադարձել է հայրենիք եւ ծառայության անցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում՝ զուգահեռաբար սովորելով Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետում։ 2 օր էր մնացել, որ քաջորդին դառնար 26 տարեկան, ու տեղի ունեցավ հերոսամարտ, որին մասնակցեց Մարտինը, կռվեց քաջաբար ու մարտիրոսվեց։ Նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, քաջի մահով ընկավ նաեւ երազգավորսցի Գոռ Խաչատրյանը, ով նույնպես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում էր ծառայում։ Ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը։ 2015 թ. զորակոչվել է հայոց բանակ, վերադարձել 2017-ին։ 2018 թ. ընդունվել էր Շիրակի պետական համալսարանի իրավագիտության բաժին։ Անկատար մնացին բազում քաջորդիների երազանքներ, շատերը չհասցրեցին նույնիսկ ամուսնանալ…

Թշնամուն մնաց նաեւ Գարեգինի բնակավայր Արծվաշենը։ Վերստին Երազգավորս է վերադարձել Արտուշ Երանոսյանը ընտանիքի, Գրիգոր որդու երեք զավակների հետ։ Նորոգել է հայրական տունը, եւ մի պատ նվիրված է նահատակ որդուն։ Նրա մասին պատմող լուսանկարներ են, փաստաթղթեր, նյութեր մամուլից, «Մարտական ծառայություն» մեդալը՝ տրված հետմահու, եւ այլ իրեր։ Գարեգինին եւ գյուղից հերոսաբար նահատակված տղաների հիշատակին Արտուշ Երանոսյանը որդու շիրիմի մոտ խաչքար ու մետաղյա խաչ է պատրաստել տվել, ցայտաղբյուր ու հուշատախտակ կառուցել։ «Հավերժ փառք հայրենիքի նվիրյալներին» հուշատախտակին Անդրանիկի ու Նժդեհի, Կոմանդոսի ու Մոնթեի նկարների հարեւանությամբ 44-օրյա պատերազմում Շիրակի մարզից նահատակված հերոսների լուսանկարներն են։ Արտուշն ասաց՝ կա նպատակ, որ 3 պատերը զարդարվեն մարզից եւ Քաշաթաղի շրջանից նահատակված բոլոր քաջորդիների լուսանկարներով։ Շինարարական աշխատանքներում հարազատներն են օգնել, որոշակի ֆինանսավորում է ստացել ԱՀ նախագահից։

Հոկտեմբերի 9-ին կայացավ այս հուշարձանների օծման ու օրհնանքի արարողություն, որին ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մարզի գլխավոր դատախազ Գուրգեն Գրիգորյանը, Երազգավորսի համայնքապետ  Արտաշես Մխիթարյանը, դպրոցի տնօրեն Արամ Մխիթարյանը, ուսուցիչներ, նահատակ տղաների ծնողներն ու հարազատները, հյուրեր։ Արցախի նախագահի հանձնարարությամբ Երազգավորսում էին նաեւ ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Համլետ Ապրեսյանը։ Խաչքարն ու մետաղյա խաչն օծեց եւ օրհնեց ՀԱԵ Շիրակի թեմի քահանա տեր Մակարը, ով Տերունական աղոթքով սկսեց եւ ավարտեց հոգեւոր արարողությունը, անդրադարձավ խաչի զորությանը։ Իր խոսքում հոգեւոր հայրն ասաց. «Ինչպես մեծ է Հիսուս Քրիստոսի զոհողությունը, նույնպես մեծ է մեր նահատակներինը։ Խաչը եղել եւ մնում է հաղթանակի ու պայքարի խորհրդանիշ։ Մեր տղաները նահատակվեցին հանուն մեզ, ուրեմն պարտավոր ենք մեր յուրաքանչյուր օրն ապրել այդ պայքարի գիտակցումով եւ ապագա հաղթանակը կերտելով: Հավերժ փառք եւ մեր խոնարհումը նահատակ քաջորդիներին»։ Հերոսներին նվիրված ասմունքով հանդես եկան Երազգավորսի դպրոցի սաները՝ փառաբանելով իրենց ավագ ընկերներին։

Այնուհետեւ ԱՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Համլետ Ապրեսյանն ընթերցեց Արցախի նախագահի հրամանագիրը պարգեւատրման մասին։ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Գարեգին Արտուշի Երանոսյանն Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ արիության ու քաջության համար հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» Երկրորդ աստիճանի շքանշանով։ Շքանշանը հերոսի հորը հանձնեց ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ «Մենք այստեղ ենք ոչ միայն Արցախի նախագահի հրամանագիրը ներկայացնելու եւ պարգեւատրելու համար, այլ նաեւ Արցախի կառավարության անունից մեր խոնարհումը բերելու, ցավակցելու եւ զորավիգ լինելու համար։ Բացի ցավից, մենք յուրօրինակ հպարտության զգացում ունենք, քանի որ այս տղաները, իրենց կյանքը չխնայելով, ապացուցել են, որ հայ ժողովուրդն ամեն գնով հասնելու է իր նպատակին։ Եվ նրանց պատգամն է՝ լինել ավելի միասնաբար ու նրանց կիսատ թողած գործը հասցնել նպատակին»,- իր խոսքում մասնավորապես ասաց Ժ. Միրզոյանը եւ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են Ա. Երանոսյանին գործն ավարտին հասցնելու համար՝ հավելելով, որ նման միջոցառումները լավագույն դրսեւորում են մեր բարոյական ուժը ցուցաբերելու համար։

ՀՀ գրողների միության անդամ Սամվել Մարգարյանը, ով արդեն հասցրել է «Մեծ Հայք» վերնագրով  բանաստեղծությունների ժողովածու տպագրել՝ նվիրված քաջորդիներին, իր խոսքում կարեւորեց նման միջոցառումները։ Ասաց, որ գեղեցիկ հուշահամալիր է կառուցվել Ա. Երանոսյանի կողմից՝ նվիրված ոչ միայն իր որդու, այլեւ Արցախյան գոյամարտերում նահատակված բոլոր հայորդիների հիշատակին։ Նաեւ կարեւորեց, որ այս գործում զգալի աջակցություն է ցուցաբերել Շիրակի մարզի գլխավոր դատախազը։ Միջոցառումն ավարտվեց Արկադի Հովհաննիսյանի, Մարտին Մարտիրոսյանի եւ Գոռ Խաչատրյանի շիրիմներին այցելելով, ծաղիկներ խոնարհելով։

Երազգավորսի դպրոցում նահատակ հերոսներին նվիրված անկյուն կա՝ լուսանկարներով ու կենսագրական հակիրճ տվյալներով։ Մեծ հայրենականին Երազգավորսից 130 հոգի է մասնակցել, ուղիղ կեսը տուն չի եկել, նրանց թվում են նաեւ Արտուշ եւ Հովհաննես Երանոսյանները։ Դպրոցի նույն անկյունում նաեւ Մեծ հայրենականում նահատակվածների լուսանկարներն են փակցված։ Դպրոցի տնօրենը տեղեկացրեց՝ սեպտեմբերին ցերեկույթ են կազմակերպել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Հանդեսին մասնակցել են գրեթե բոլոր աշակերտները՝ մոտ 200 հոգի։ Միջնակարգ դպրոցն ունի 35 ուսուցիչ, ովքեր եւ կրթել ու դաստիարակել են մեր հերոսներին։ Այժմ մոտ 380 ընտանիք եւ 1520 բնակիչ ունեցող Երազգավորս գյուղը հիմնվել է 1976-1984 թթ.։ Հիմնականում մեկ-երկու հարկանի առանձնատներ են՝ կառուցված տուֆից։

Գյուղատեղին, որը Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով մնաց ջրի տակ, եղել է շատ հին բնակավայր, որտեղ պահպանվել էին 12-13-րդ դարերում կառուցված եկեղեցու ավերակներ։ Ըստ որոշ պատմական աղբյուրների, Երազգավորսը եղել է Բագրատունի թագավորների ամառային նստավայրը։ Համայնքն ընդգրկված է սահմանամերձ գյուղերի ցանկում։ Գյուղի դիմաց՝ սահմանից այն կողմ, Ախուրյանի աջ ափին պատմական Շիրակավան կամ Երազգավորս քաղաքն է, որը (Անիից առաջ) 890-929 թթ.՝ Բագրատունիների օրոք եղել է Հայոց մայրաքաղաքը։ 19-րդ դարավերջին Շիրակավանն արդեն վերածվել էր փոքր գյուղի։ Ներկայումս բնակավայրը մասնակիորեն ողողված է Ախուրյան գետի ջրերով։ Ոչ բարձր բլուրի վրա է, որտեղ ավերակներ են երեւում։                      

Թեգեր: ԱդրբեջանԱրցախպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Թարգմանական արվեստի անխաթար շնչառությունը

Թարգմանական արվեստի անխաթար շնչառությունը

Արցախն օրենքով ամրագրում է իր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը

Արցախն օրենքով ամրագրում է իր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist