Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը, որը հիմնադրվել է Արցախի բարեկամ Քերոլայն Քոքսի կողմից եւ նրա անունն է կրում, բազում փորձությունների եւ դժվարությունների միջով է անցել՝ կրելով երեք պատերազմների ծանր դրոշմը: Մեծ ջանքեր ու ներդրումներ են պահանջվել շենքի վերակառուցման, կենտրոնի կահավորման եւ սարքավորումների ձեռք բերման համար: Քանի որ երկիրը նոր էր դուրս եկել արցախյան առաջին պատերազմից, բարոնուհին հանձն առավ սեփական միջոցներով հոգալ հաստատության կարիքները:
Տարիների հետ կենտրոնը զարգացավ եւ ընդլայնեց բուժօգնություն ցուցաբերելու իր հնարավորությունները: Եթե սկզբնական շրջանում այնտեղ բուժում էին ստանում գլխավորապես պատերազմում վիրավորված զինծառայողները, ապա հետագայում շահառուների թիվն ընդլայնվեց, եւ արդեն բուժսպասարկում էր մատուցվում նաեւ հաշմանդամություն ունեցող կարիքավոր քաղաքացիներին, մասնավորապես՝ երեխաներին: Ընդ որում, կենտրոնին ֆինանսական աջակցություն էր տրամադրվում ինչպես պետբյուջեից, այնպես էլ բարեգործների կողմից:
44-օրյա պատերազմը, հանրապետության մյուս հաստատությունների թվում, ծանր հետեւանքներ է թողել նաեւ վերականգնողական կենտրոնի վրա: Հրետակոծություններից խիստ տուժել է շենքը, վնասվել են բաժանմունքներն ու մարզական սրահները: Պետական միջոցներով նորոգվել է հաստատությունը, եւ վերստին լայն աշխատանքներ են ծավալվել հիվանդների բուժման ու վերականգնողական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: Կենտրոնում գրեթե հնգապատկվել է շահառուների թիվը, որոնք հիմնականում 2020-ի՝ երրորդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներ են: Նրանց մի մասը Երեւանի կլինիկաներում բուժօգնություն ստանալուց հետո շարունակում է առողջությունը վերականգնել այստեղ, ուր բարերարների միջոցներով ձեռք են բերվել անհրաժեշտ նոր սարքավորումներ ու գործիքներ: Մարդասիրական այդ նախաձեռնությանը միացել են նաեւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն ու «Ավրորա» հիմնադրամը, որոնք կանգնելով ռազմագործողությունների ընթացքում հաշմված զինվորների կողքին, ամեն կերպ նպաստում են նրանց առողջության բարելավմանը:
Պատերազմի ժամանակ Տիգրան Գաբրիելյանը զրկվել է աջ, իսկ Հրաչիկ Հակոբյանը՝ ձախ ոտքից: Երեւանում երկուսն էլ պրոթեզավորվել են եւ վերադառնալով Ստեփանակերտ, կենտրոնում մարզական ու վերականգնողական փուլն են շարունակում: Գոհունակություն հայտնելով բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, նրանք խոստովանում են, որ արհեստավարժ մասնագետների շնորհիվ այստեղ անհամեմատ բարելավել են առողջական վիճակը եւ շարժական սարքերի օգնությամբ կարողանում են քայլել ու ազատ հաղորդակցվել:
Կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանի խոսքով, տեխնիկական հագեցվածության տեսակետից, վերականգնողականը չի համապատասխանում ժամանակի պահանջներին, մանավանդ շարունակ ավելանում է հիվանդ շահառուների թիվը: Նա վստահ է, որ գալիք տարում պետության օգնությամբ ու բարերարների օժանդակությամբ հնարավոր կլինի սկսել հաստատության նոր շենքի շինարարությունը, ինչը հնարավորություն կտա էապես փոխել վիճակը եւ ավելի բարձրացնել հաշմանդամներին ցուցաբերվող բուժսպասարկման մակարդակը: