Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայ նոր նկարչության ուսուցչապետը

Մայիսի 6, 2021
Սոցիում
Հայ նոր նկարչության ուսուցչապետը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
766
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մարդուն ծնում է իր ժամանակը: Դա ճիշտ է, ուրիշ կերպ չի լինում: Բայց ծնվում են մարդիկ, իհարկե, շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են, քան իրենց ժամանակը…

Ես չգիտեմ՝ երբ է իմ մեջ ծնվել նկարիչ: Հնարավոր է՝ այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի մեր տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով եւ միջատներով: Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ…

…Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին: Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին… Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել…»:

Մարտիրոս ՍԱՐՅԱՆ

Նրա ապուպապերի աճյուններն այնտեղ են՝ հայոց երբեմնի գեղաշուք մայրաքաղաք Անիում: Իսկ հաջորդները գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական համայնքի ձեւավորմանը: Ապագա հանճարեղ նկարչին բախտ էր վիճակված ծնվելու մեկ այլ երկրամասում՝ Նոր Նախիջեւանում (1880 թ. փետրվարի 29), որտեղ եւ ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյա (հայերեն եւ ռուսերեն) ուսումնարանը, այնուհետեւ Հմայակ Արծաթպանյանի ղեկավարությամբ նկարչական նախնական գիտելիքներ ստանալուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում: 1901 թ. առաջին անգամ մեկնում է Կովկաս, լինում Երեւանում, Վաղարշապատում, Աշտարակում, Շիրակում, Լոռիում, Սեւանում, մեկ տարի անց՝ Անիում: Ներքին մի ծարավով ուսումնասիրում է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները: Այս ամենը վճռորոշ ազդեցություն էին ունենալու նրա աշխարհայացքի, ստեղծագործական մեթոդի ձեւավորման ու զարգացման վրա:

Արվեստում արդեն սեփական ձեռագիր, դեմք, դիմագիծ ու ոճ ունեցող գեղանկարիչը, որ ճամփորդության սիրահար էր, 1910 թ. լինում է Կոստանդնուպոլսում, հաջորդ տարի՝ Եգիպտոսում, երկու տարի անց՝ Պարսկաստանում: Վերադառնալով ուղեւորություններից՝ ակտիվորեն մասնակցում է մոսկովյան «Ոսկե գեղմ», «Արվեստի աշխարհ» ընկերությունների ցուցահանդեսներին: Արդյունքում նրա երեք աշխատանքը՝ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում», գնվելով հանգրվանում են հանրահայտ Տրետյակովյան պատկերասրահում:

1915 թվական, հայոց մեծ եղեռն: Ազգանվեր արվեստագետն աշխատում է հայերին օգնող մոսկովյան կոմիտեում, այնուհետեւ մեկնում է Էջմիածին՝ թուրքական նախճիրից հալածական գաղթականներին տեղում օգնելու: Մոլեգնող համաճարակի պայմաններում Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի, այլ մտավորականների հետ ներդնում է բոլոր միջոցներն ու ջանքերը արեւմտահայության՝ հայրենիքում ապաստանած վերջին մազապուրծներին մահվան ճիրաններից փրկելու համար: Անքուն գիշերներ, ահասարսուռ տեսարաններ, մահ ու համաճարակ. այս պայմաններում եւ այս ամենին ականատես գեղանկարիչը հոգեկան ցնցում է ստանում: Մեծ բանաստեղծի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխում են Թիֆլիս՝ հիվանդանոցում բուժվելու: Ապաքինվելով՝ 1916 թ. Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադեւոսյանի հետ մասնակցում է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վարդգես Սուրենյանցի հետ ձեւավորում Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» ժողովածուն:

Վերադառնալով ծննդավայր՝ 1919 թ. հիմնում է Նոր Նախիջեւանի հայկական գավառագիտական թանգարանը:

Գալու էր պահը, երբ արեւի եւ արեւոտ գույների երկիրը կանչելու էր իր հանճարեղ զավակին. 1921 թ. Սարյանն առաջին արվեստագետներից էր, որ վերադարձավ մայր հայրենիք եւ մինչեւ իր օրերի ավարտը կյանքը նվիրեց հայրենի մշակույթին… Նրա արվեստը յուրահատուկ ձոներգ է Նաիրյան իր երկրին, նրա անզուգական բնաշխարհին, երկիրը շենացնող նրա նվիրյալ զավակներին: Վրձնի տիրակալը կտավի ներսից ճառագող արեւաշող գույներով է կերտում իր բիբլիական երկրի հավաքական կերպարը, ընդգծում բնության եւ կյանքի հավերժության գաղափարը՝ օգտագործելով առանց կիսատոների անխառը գունաշար՝ բնանկարին հաղորդելով մոնումենտալ հնչողություն: Վարպետի հռչակավոր գործերից են «Լեռներ, Հայաստան», «Արագած», «Գարնանային օր», «Գեղամա լեռներ», «Կեսօրյա անդորր», «Իմ բակը», «Քարինջ գյուղը Թումանյանի լեռներում», գեղահրաշ այլ կտավներ: Նրա կախարդիչ ստեղծագործությունները հոգեհարազատ լինելով մեզ՝ օտարների համար միջոց են՝ ճանաչելու մեր հայրենիքի շլացուցիչ գեղեցկությունները, նրա զմայլելի բնաշխարհը:

Մարտիրոս Սարյանն անգերազանցելի է նաեւ որպես դիմանկարիչ: Նրա վրձնած դիմանկարների միջոցով կարող ենք ծանոթանալ մեր ժողովրդի մի ամբողջ դարաշրջանի պատմությունը կերտած անհատներին: Դիմելով գեղարվեստական տարբեր արտահայտչամիջոցների՝ վարպետն ստեղծել է հոգեբանական խորքով, յուրաքանչյուրի կերպարին բնորոշ հոգեկան կերտվածքի ընդգծումով դիմանկարներ՝ Թորոս Թորամանյան, Ալեքսանդր Թամանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Ալեքսանդր Մանթաշյան, Մարշալ Բաղրամյան, Ալեքսանդր Ծատուրյան, այլ երեւելիներ: Դիմանկարային ժանրը Սարյանը հարստացրել է նաեւ հորինվածքային նոր ձեւերով՝ ստեղծելով խմբակային դիմանկարներ՝ «Իմ ընտանիքը», «Լուսիկը երեխաների հետ», «Երեք հասակ»:

Հայրենի բնաշխարհի ծաղիկներն ու արեւահամ մրգերն «անմահացել» են նրա նկարներում, նատյուրմորտներում՝ «Քալակիի ծաղիկները», «Աշնանային ծաղիկներ եւ պտուղներ»: Հայ կերպարվեստում նա է ստեղծել իր չափերով ամենամեծ նատյուրմորտը՝ «Ծաղիկներ Հայրենական պատերազմում զոհված մարտիկներին»:

Անուրանալի է գեղանկարչի ներդրումը հայկական գրքարվեստի եւ բեմանկարչության ասպարեզներում:

Մարտիրոս Սարյանի արվեստը գնահատվել է իր կենդանության օրոք՝ արժանանալով նախկին միութենական ամենաբարձր պարգեւների: Նրա անհատական ցուցահանդեսների թիվն աննախադեպ է՝ անցնում է հարյուրից, աշխատանքներից շատերն աշխարհի ամենահեղինակավոր թանգարանների գանձերից են ու մասնավոր հավաքածուների անկորնչելի մասունքներից: Հայ նոր նկարչության ուսուցչապետի արվեստով նաեւ օտարազգի շատ մեծանուն արվեստագետներ ու մտավորականներ են սքանչացել: Ահա աշխարհահռչակ Դմիտրի Շոստակովիչի անկեղծացումը. «Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց Սարյանի ստեղծագործության, որի հետ բարեկամություն եմ արել երկար տարիներ: Սարյանը բովանդակ արվեստի, համայն մարդկության մեծ պարծանքն է»: Իսկ նախկին հասարակարգի ամենակարկառուն մտավորականներից մեկը՝ ավար բանաստեղծ Ռասուլ Համզատովը սքանչացել է. «Սարյանին՝ ժամանակակից գեղանկարչության Էլբրուսին, ես վաղուց եմ սիրահարված: Նա, թերեւս, այժմ միակն է որպես այդպիսի նկարիչ…»: Այս շարքն ամփոփենք Լունաչարսկու բնութագրումով. «Սարյանը երանգների մեծ երաժիշտ է, իսկական արվեստագետ, կոմպոզիտոր եւ մեծ բանաստեղծ…»:

Այսօր նրա հիշատակի օրն է. սարյանական անմեռ ծաղիկներ Վարպետին…

Թեգեր: 1915Հովհաննես ԹումանյանՄարտիրոս ՍարյանմշակույթՆոր Նախիջեւան
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչպես կայացավ բիշքեկյան հանդիպումը

Ինչպես կայացավ բիշքեկյան հանդիպումը

«Մի կաթիլ ջրի» պատմություն

«Մի կաթիլ ջրի» պատմություն

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist