Արդեն 28 տարվա պատմություն ունի Զեյթունում՝ Դրոյի փող., 22/5 հասցեում գործող «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամի՝ գերմանական Կարմիր խաչի օժանդակությամբ բացված «Գթության խոհանոցը»: Տարվա ընթացքում 7 ամիս շարունակ՝ նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ, այստեղ օրական 1 անգամ տաք սնունդ է հատկացվում միայնակներին և անապահով ընտանիքների անդամներին:
Անցած տարի այս օրերին, երբ Արցախում պատերազմ էր, և տասնյակ հազարավոր արցախցիներ էին տեղահանվել իրենց բնակավայրերից ու եկել ՀՀ տարբեր մարզեր, Երևան, շատ էինք լսում «Հուսո տուն» բարեգործականի մասին։ Նույն արցախցիներից շատերն այստեղ ապահով ապաստան էին գտել և ամենակարևորը՝ բարի վերաբերմունքի արժանացել: Այս տարվա ապրիլի 30-ին ներկա եղա «Հուսո տուն» կենտրոնում «Գթության խոհանոց» ծրագրի 27-րդ շրջանի փակմանը, որին ներկա էին բարերարներ, հյուրեր: Բարեգործական հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց իրենց գործունեությունը և տեղեկացրեց՝ «Գթության խոհանոցի» 28-րդ շրջանը կբացվի նոյեմբերի 1-ին: Նշեմ` կենտրոնն ունի նաև դաշտային խոհանոց, որը, անհրաժեշտությամ դեպքում, 3 ժամվա ընթացքում, բարվոք պայմաններում, սննդով կարող է ապահովել 350-500 հոգու:
Նոյեմբերի 1-ին կրկին այցելեցի «Հուսո տուն», որտեղ սկսել է գործել «Գթության խոհանոցի» 28-րդ շրջանը: Մուտքի մոտ ներկայանում էին խոհանոցի շահառուները՝ հիմնականում տարեցներ, գրանցվում և, կապված համավարակի տարածումն արգելելու կանոնակարգի հետ, պաշտպանում էին սոցիալական հեռավորություն և ներս մտնում: Բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ Արտակ Վերդյանի հետ այցելեցինք շահառուներին, զրուցեցի նրանց հետ: Գոհ են բոլորը, որ կա նման կառույց: Բարին մաղթեցին այն կազմակերպողներին և հայտնեցին ցանկություն, որ կարողանան իրենք ապահովել իրենց սնունդը: Սակայն այժմ չեն կարող, ուստի անհրաժեշտություն է, որ գործեն գթության խոհանոցներ: Ճաշարանի պատին փակցված էր օրվա ճաշացուցակը: Խոհարարներն սպասարկում էին շահառուներին: Ա. Վերդյանը տեղեկացրեց՝ արդեն 5 օր է, ինչ սկսել են 28-րդ շրջանի աշխատանքները և այսօր ընդունել են առաջին շահառուներին: Դահլիճում հնարավոր է սպասարկել մինչև 60 հոգու, բայց արդեն երկրորդ տարին է, ինչ սկսվել է համավարակի տարածումը, ստիպված են թեթևացնել սեղանները, և 6-ի փոխարեն 2 հոգի են նստում յուրաքանչյուր սեղանի մոտ: Մինչ այդ՝ օրական սպասարկել են 120 հոգու՝ 2 հերթով: Առայժմ 135 հոգի են օգտվում «Գթության խոհանոցից», որոնց թվում են նաև տեղահանված արցախցիներ, սիրիահայեր:
Բացի կենտրոնի ճաշարանից, «Հուսո տուն» ԲՀ-ի աշխատակիցները սնունդ են հասցնում նաև մի քանի հասցեներով՝ հիմնականում Զեյթունի հանրակացարանում և գիշերօթիկում տեղակայված շահառուներին: Ա. Վերդյանն ասաց, որ աշխատում են վարչական շրջանների հետ, ճշտում՝ ովքեր կարող են դառնալ շահառու, և օժանդակում են սննդով, նաև՝ հագուստով: Ա. Վերդյանը տեղեկացրեց նաև՝ իրենց աշխատանքներին, բացի գերմանական Կարմիր խաչից, որն ապահովում է ծախսերի կեսից ավելին, նյութապես աջակցում են մի խումբ անհատներ, որոնք ընդգրկված են «Գթության խոհանոցի» ընտանեկան շրջանում: Հատկապես նշեց Ղազարյաններ և Խեչիբաբայաններ ընտանիքներին: «Հուսո տունը», բացի այս բարեգործական ծրագրից, զբաղված է նաև Երևանում և մարզերում այլ միջոցառումներ իրականացնելով: