Հետախուզությունը մարդկության տարիքին է: Պետություններն առանց հետախուզության գոյություն ունենալ չեն կարող, որովհետեւ միշտ մի քայլ առաջ պիտի լինեն ժամանակից ու իրադարձություններից, հակառակ դեպքում խաղացողից վերածվում են խաղացվողի:
«Կարմիր կայսրության» հետախուզությունը սովետական իշխանության առաջին իսկ քայլերից լավագույններից էր աշխարհում, եւ դրա մեջ անուրանալի դերակատարություն ունեն մեր հայրենակիցները՝ Հայկ Հովակիմյանը, Իվան Աղայանցը, Գեւորգ Վարդանյանը…
Մեծ անհատներ, բայց անանուն հերոսներ, որովհետեւ հետախույզի ճակատագիրը գաղտնի կյանքն ու գործն է, իսկ հայտնի դառնում են մահից հետո կամ… ձախողման դեպքում, որովհետեւ անտեսանելի ճակատի զինվորն անտեսանելի պիտի լինի ոչ միայն թշնամու, այլեւ յուրայինի համար: Սա է հետախուզության անարդար, բայց անխուսափելի ոսկե կանոնը:
Աշոտ Աղաբաբյանը վաղուց է ձեռնարկել այս անտեսանելին տեսանելի դարձնելու գործը: Եվ ահա, ԱՄՆ-ում սովետական հետախուզության ղեկավար Հայկ Հովակիմյանին «Ռեզիդենտը» փաստագրական վեպում մեզ համար հայտնագործելուց հետո երկրորդ հայտնագործությունը՝ Պարսկաստանում, ապա եւ Ֆրանսիայում սովետական հետախուզության ռեզիդենտ Իվան Աղայանցի «բացահայտումն» է:
«Գաղտնիքների տիրակալը» վեպ է հայտնիներով… անհայտի մասին, եւ Իվան Աղայանցի կյանքն էլ համամարդկային արժեքի, բայց… անստորագիր գլուխգործոց է հիշեցնում: Օրինակ` հայտնի է, որ սովետական ու բրիտանական զորքերը 1941 թ. մտել են Պարսկաստան՝ ֆաշիստական Գերմանիայի կողմից երկրի օկուպացումը կանխելու համար:
Հայտնի է 1943 թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ նախապատրաստված մահափորձի եւ Հիտլերի այդ ծրագրի տապալման մասին (հիշենք թեկուզ «Թեհրան-43» ֆիլմը): Հայտնի է, որ 1940 թ. սրընթաց օկուպացված Ֆրանսիան Երկրորդ աշխարհամարտի ավարտին հանկարծ հայտնվեց հաղթողների մեջ, եւ գեներալ դը Գոլը մեծ Եռյակին հավասարազոր չորրորդն էր:
Հայտնի է, որ Ինդիրա Գանդին 1967 թ. ընտրություններում անսպասելի հաղթեց ժողովրդականությամբ իրեն բազմակի գերազանցող մրցակցին ու դարձավ վարչապետ, ինչով ապահովվեց Հնդկաստանի եւ Սովետական Միության երկարամյա բարեկամությունն ու խաղաղությունը տարածաշրջանում:
«Հայտնիների» այս շարքը կարելի է շարունակել, բայց Աշոտ Աղաբաբյանին անհայտի բացահայտումն է հետաքրքրում: Եվ վիպական խճանկարի ամբողջացմանը զուգահեռ պարզ է դառնում, որ այս եւ 20-րդ դարի մի շարք այլ պատմական դեպքերի թիկունքում կանգնած է բնատուր հետախույզ, լայն հետաքրքրություններ (հատկապես գրականության եւ արվեստի բնագավառում) եւ ահռելի իմացություն ունեցող գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Աղայանցը՝ անորսալի եւ անվրեպ ռեզիդենտ Ֆորդը:
Միանգամից տարբեր ուղղություններով զարգացող պատումը ներկայացնում է գանձակցի Աղայանցների ընտանիքը, որի երեխաներից հինգը հետախույզներ էին:
Զուգահեռ՝ Թեհրանում հետախուզական «Թեթեւ հեծելազորի» կազմավորումը, որի ղեկավարը լեգենդար հետախույզ, հետագայում Սովետական Միության հերոս Գեւորգ Վարդանյանն էր, ընդամենը 17-ամյա «Ամիրը»: Զուգահեռ՝ տարբեր հետախուզական ցանցերի աշխատանքը Պարսկաստանում ու Եվրոպայում: Զուգահեռ՝ սովետական հետախուզության ստեղծման, զարգացման, 37 թ. ողբերգության, ծառայության վերափոխման պատմությունը: Զուգահեռ՝ ամենատարբեր երկրների էլիտաների գործունեությունը եւ ժողովրդի կյանքը:
Եվ այսպես շարունակ…
Միեւնույն ժամանակ գեղարվեստական պատումը չի նվազեցնում փաստի դերն ու արժեքը վեպում: Դրվագները հիմնված են փաստական հղումների (հաճախ՝ սկզբնաղբյուրային հղումների), 20-րդ դարի պատմական դեմքերի խառնվածքի ու վարքի դրսեւորումները՝ նրանց անձնական նամակագրության եւ օրագրային խոստովանությունների, Իվան Աղայանցի կենսագրության անձնական շերտը՝ մերձավոր զինակիցների ու հարազատների վկայությունների վրա:
Այսպիսով` ունենք մի խիտ կտավ, որն ընդգրկում է անցած դարի ծանրագույն տասնամյակները, երբ մարդկությունն անցնում էր հեղափոխությունների, քաղաքացիական պատերազմների, աշխարհամարտերի, «սառը պատերազմի» ու դարակազմիկ այլ իրադարձությունների միջով: Եվ այդ հոսքի ծանրակշիռ հատվածի մասնակիցն է Իվան Աղայանցը, ու հոսքն էլ ներկայացված է նրա միջոցով:
Հետախուզությանն ու հակահետախուզությանը նվիրված հազարավոր գիտական աշխատանքներ, փաստաթղթերի ժողովածուներ, գեղարվեստական գործեր կան հրապարակի վրա: Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալն» իր տեղն ունի այդ չափազանց հետաքրքիր ու գրավիչ աշխարհում: Եվ բացի հսկայական փաստական նյութից, տասնյակ իրական կերպարների վերամարմնավորումից, մի շնչում կարդալու աստիճան գրավիչ լինելուց, Իվան Աղայանցի կերպարով հատկապես մեր օրերի համար չափազանց կարեւոր մի իրողություն է հասու դարձնում մեզ. ճշմարիտ քաղաքացին ու պրոֆեսիոնալը երբեք օրվա իշխանությունների չի ծառայում, այլ Հայրենիքին եւ իր առաքելությանը, որը նախապատրաստված է սերունդների կենսագրությամբ, գենետիկ հիշողությամբ ու պարտավորության բարձրագույն գիտակցումով:
Եվ միայն այդպես են կազմավորվում, կայանում ու հարատեւում պետությունները…
Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ
Բանաստեղծ, գրականագետ,
բանասիրական գիտությունների թեկնածու