«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահի» հյուրն է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը։ Գրականագետը խմբագրություն էր այցելել գրքերի նվերներով, իսկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը նրան նվիրեց 1913 թ. Թիֆլիսում հրատարակված Հրաչյա Աճառյանի «Էմինյան ազգագրական ժողովածու» գավառական բառարանը։
Ամեն ինչ կանխորոշված էր
Վարդան Դեւրիկյանի համար մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր է ունեցել հայրը՝ հրապարակախոս, արձակագիր Գեւորգ Դեւրիկյանը։ Դեռ մանկուց շրջապատված լինելով գրականագետներով, գրողներով եւ, իհարկե, անթիվ գրքերով՝ այլ ճանապարհ չի ունեցել, քան հետեւել հայրիկի կոչմանը։ «Հայրիկիս գրականության մարդ լինելը մեծապես ազդեց ընտրությանս վրա։ Տան կենցաղային պայմանների ոչ բավարար լինելը նույնպես օգնեց գրականագետ դառնալուս։ Մեծ թվով գրքեր կային գրադարակներում, եւ այդ բոլորն ընդամենը մեկ սենյակի մեջ էին։ Փոքր եղբորս հետ խաղում էինք՝ գուշակելով, թե որ դարակում ինչ գիրք կա։ Հայրիկի ամբողջ միջավայրը նույնպես գրականության մարդիկ են եղել, եւ այդ միջավայրում ենք մեծացել եղբորս հետ։ Մինչեւ հիմա էլ ավագ սերնդի գրողներից, գրականագետներից երբեմն շփոթում` Գեւորգ են ասում ինձ»,- հիշում է գրականագետը։ Հայրը եղել է պատմության ֆակուլտետից, մայրը՝ բանասիրական, հետագայում նրանք միավորվեցին՝ դառնալով… պատմաբանասիրական։ Ծնողների ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ ինքը գնացել է հոր, իսկ եղբայրը՝ մոր ճանապարհով։
Գեւորգ Դեւրիկյանի տարերքն է եղել ոչ միայն հայ գրականությունը, այլեւ հայոց միջնադարի գրական վերաիմաստավորումը։ Այստեղ եւս ճանապարհը «տրորված» էր. որպես գրող հայր Դեւրիկյանի ստեղծագործական նախասիրությունները պայմանավորել են որդու՝ որպես գրականագետ անցնող ճանապարհը, այն է՝ հայ հին գրականության մոտիվները նոր գրականության մեջ կամ դարերի ընթացքում հին մոտիվների զարգացումը գրականության մեջ։ Այստեղ հայրը շեշտված ձեւով դրել է իր դրոշմը։
Գրողի թողած գրական ժառանգությանն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում որդին՝ հոգու պարտքը համարելով ընթերցողին հանձնել դեռեւս անտիպ գործերը։ Գ. Դեւրիկյանը չորս գործ էր թողել, որոնցից երկուսն արդեն հրատարակված են։ Մեկը անտիպ պատմվածքներն էին, որոնք տպագրել է երջանկահիշատակ Գարեգին 1-ին կաթողիկոսը, երկրորդը՝ «Հայոց մեծերը» գիրքն է, որը տպագրվել է մշակույթի նախարարության կողմից պետական պատվերով գրողի ծննդյան 70-ամյակի առիթով։ «Դա ընդգրկում է աշխատության միայն առաջին մասը՝ դիցաբանական շրջանից՝ Հայկ Նահապետից մինչեւ Վազգեն վեհափառը։ Կարողացա ակնարկները ներառյալ տպագրության պատրաստել մինչեւ 19-րդ դարի վերջը։ Երկրորդը, ցավոք, հնարավոր չեղավ տպագրել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, թեպետ տեխնիկական մասն ամբողջությամբ պատրաստ է»,- մանրամասնեց Վ. Դեւրիկյանը։
Ներկայումս մնացել է անտիպ երկու գործ, մեկը՝ «Գլաձոր» անունով պիեսն է, որը, ի դեպ, ցուցադրվել էր մոսկովյան հեռուստատեսությամբ՝ ռուսերեն տարբերակով, իսկ բեմականացումն իրականացվել էր Հայաստանում։ Եվ, վերջապես, չորրորդը «Անի» եռերգության երրորդ գիրքն է՝ «Խորհուրդը մաքառման». այն հնարավոր չեղավ տպագրել, քանի որ համընկավ Խորհրդային Միության փլուզման հետ։ «Եռերգության առաջին երկու գրքերը՝ «Տրդատ ճարտարապետը» եւ «Գոյամարտը», լույս տեսան։ Երրորդ գիրքն արդեն շարվել էր տպարանում, սակայն թղթի եւ, ընդհանրապես, կյանքի բոլոր ոլորտներում սկսված ճգնաժամը թույլ չտվեց գործն ավարտին հասցնել»,- ափսոսանքով նշեց գրականագետը։
Ինստիտուտի գործունեության բազմազանությունը
Ինստիտուտի կարեւոր բաժիններից է տեքստաբանության, բնագրագիտության բաժինը, որը հրատարակում է հայ դասականների գործերի նոր, ճշտված բնագրերը համապատասխան ծանոթագրություններով։ Այս աշխատանքները սկսել են իրականացնել դեռեւս նախորդ տասնամյակներից, օրինակ՝ Րաֆֆու, Թումանյանի ժառանգությունը հիմնարար ներկայացվել է ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի կողմից։ Վերլուծության համար ճշտվում է բնագիրը, այնուհետեւ ստեղծագործական պատմությունը հասկանալու համար բերվում են տարբերակները, թե գրողն ինչպես է աշխատել, ինչպիսի փոփոխություններ է կատարել, ինչպես նաեւ ծանոթագրությունները։ Վերջինները լինում են խորքային բնույթի, այսինքն՝ ինչ է ցանկացել ակնարկել գրողը, նաեւ ներկայացվում են այդ ստեղծագործության մեջ հանդիպող հատուկ անունները՝ համապատասխան ծանոթագրությամբ։ «Յուրաքանչյուր գրողի ստեղծագործության առավել լիարժեք ուսումնասիրությունը հնարավոր կլինի իրականացնել այդ դասականների երկերի ակադեմիական հրատարակության ավարտից հետո, ինչը թույլ կտա գրողին ներկայացնել իր ամբողջության մեջ՝ գրական զարգացման, նախասիրությունների եւ այլն»,- ասաց գրականության ինստիտուտի տնօրենը։
Վերջերս վերախմբագրված հրատարակել են Թումանյանի գործերը, ընթացքի մեջ է Ավետիք Իսահակյանինը։ Վարպետի հատորների տպագրության ծախսերը ստանձնել են Կարեն եւ Միքայել Վարդանյան եղբայրները։ Վերջին երկու տարում տպագրել են Իսահակյանից երեք հատոր։ «Շատ կարեւոր է, որ այս աշխատանքի շնորհիվ Վարպետը երեւում է իր ամբողջ բազմազանության մեջ։ Թե Իսահակյանը, թե Թումանյանը, թե Չարենցը, թե Տերյանն առանձնացել են իրենց գիտելիքներով, ակնհայտ է նրանց տեսական մեծ պատրաստվածությունը»,- հավելեց նա։
Վ. Դեւրիկյանն ինստիտուտի աշխատանքների մեջ առանձնակի կարեւորում է նոր՝ «5-17-րդ դարերի հայկական սկզբնաղբյուրները եվրոպական երկրների եւ ժողովուրդների մասին» մատենաշարը, որը լույս կտեսնի կամ մինչեւ այս տարվա վերջ, կամ հաջորդ տարվա սկզբին։ Խորհրդային շրջանից առայսօր շարունակվում է «Օտար աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին» մատենաշարը, որում ներկայացված է, թե օտարներն ինչ են ասել հայերի մասին, իսկ նոր մատենաշարն արդեն ներկայացնելու է, թե մինչեւ 17-րդ դարի հայկական աղբյուրներում ինչ է ասվել եվրոպական երկրների մասին։ Նյութը ներկայացվելու է ժամանակային պարբերականացմամբ, որի մեջ էլ կլինի ժանրային բաժանմամբ։ «Առաջին գլխավոր խնդիրը բնագրերի հրատարակումն է գրաբար ու միջին հայերենով եւ դրան զուգահեռ անգլերեն թարգմանությամբ, որպեսզի օտարալեզու ընթերցողն էլ հնարավորություն ունենա ծանոթանալու ներկայացված նյութերին։ Մեծ հետաքրքրություն կա։ Վստահ եմ, որ ռումբի պայթյունի էֆեկտ կունենա եւ ցույց կտա աշխարհի հայկական ընկալումը դարերի ընթացքում։ Այն նաեւ կարեւոր սկզբնաղբյուր է լինելու եվրոպական երկրների եւ նրանց պատմության համար»,- մանրամասնեց «ՀՀ»-ի հյուրը՝ ընդգծելով, որ իրենց խնդիրն է ամեն ինչ դիտարկել ընդհանուր՝ համաշխարհային պատմության, գրականության, տեսության զարգացման համատեքստում, որպեսզի կարողանանք բացատրել երեւույթները, ցույց տանք, թե ինչպես են դրանք ստուգաբանվում։ «Երբ նշում ենք, թե այսինչ հեղինակն այս բանն է ասում, պետք է կարողանանք ստուգել՝ արդյոք դա իր անձնակա՞ն մտածումն է, թե՞ ընդհանուր երեւույթի արտահայտություն»,- շեշտեց Վ. Դեւրիկյանը։
Գրականության ինստիտուտի մյուս կարեւոր ուղղություններից է հոբելյանական գիտաժողովների անցկացումը, որոնք կազմակերպվում են լայն համատեքստում, այսինքն՝ միջազգային ձեւաչափով։ Տեղի են ունեցել Ալիշանին, Մխիթարյան միաբանությանը նվիրված գիտաժողովներ եւ այլն, իսկ առաջիկայում Մոսկվայի Գորկու անվան ինստիտուտի հետ համատեղ նախատեսում են Երեւանում անցկացնել Դոստոեւսկու, Ֆլոբերի եւ Նեկրասովի ծննդյան 200-ամյակներին նվիրված գիտական նստաշրջաններ։ Գրականագետի խոսքերով՝ իրենց առաջնահերթ խնդիրներից մեկն է գրական կապերի ոչ թե մեխանիկական, այլ խորքային ներկայացումը, թե միեւնույն գրական ուղղությունը կամ հասկացությունը համաժամանակյա ընթացքով ինչպես է արտահայտվել հայ գրականության, ռուսական, եվրոպական կամ համաշխարհային գրականության մեջ։
Գրականությունն ու ժամանակը
Սովորաբար մշակույթը, արվեստը, այդ թվում գրականությունն արտացոլում են այն կարեւոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում տվյալ ազգի, պետության կյանքում։ Հայերիս համար 1980-ականների վերջը նշանավորվեց Արցախյան առաջին պատերազմով եւ դրանում տարած մեր փառահեղ հաղթանակով, իսկ անցած տարի ցավալի պարտություն ունեցանք։ Անկախության 30-ամյա ընթացքում այս կամ այն չափով ստեղծվեց գրականություն, որն անդրադարձավ պատմական այդ կարեւոր իրադարձությանը։
Արցախյան պատերազմին նվիրված շատ ստեղծագործություններ լույս տեսան՝ գեղարվեստական, փաստավավերագրական։ Գրականագետը նշեց, որ գրականությունը գրական բոլոր ժանրերով՝ թե կենցաղագրության, թե ազգագրության մակարդակով եւ թե որոշակի գեղարվեստական վերացարկմամբ, անդրադարձել է Արցախյան պատերազմին, միաժամանակ նկատեց, որ որքան մոտ է իրադարձությունը գրողին ժամանակային առումով, այնքան գրականությունը առավելապես փաստագրություն է լինում, գեղարվեստական վերացարկում չի լինում, դա գալիս է ժամանակի ընթացքում։ «Մեծ կտավի գործեր ստեղծելու համար որոշակի ժամանակ է պահանջվում։ Պատմությունը թեեւ հնարավոր չէ փոխել, բայց դա հարաբերվում է տվյալ պահին ապրածի հետ։ Եթե ժամանակի ընթացքում գեղարվեստական վերացարկումները մեր անկախության, արցախյան հաղթանակի մասով պետք է լինեին դրական, պայծառ նոտայով, ապա հիմա ծանր եւ մռայլ վարագույր իջավ։ Սա ողբերգական հարց է»,- ասաց Վարդան Դեւրիկյանը։
Հայ գրականության արժեքը «հասնո՞ւմ» է երեխային
Ինչպե՞ս են մեր դպրոցներում երեխաները ծանոթանում հայ գրականությանը (տարրականներում՝ «Մայրենի»), ճի՞շտ է, արդյոք, ընտրված մեթոդիկան, հայ գրականության արժեքը հասնո՞ւմ է երեխային։ Որպես տարրական դասարանում սովորող երեխայի ծնող, միանշանակ կարող եմ փաստել՝ խնդիր կա՛. դասագրքերում ներառված է հայ եւ արտասահմանյան գրականություն, նաեւ՝ ժամանակակից՝ դասականներից սկսած մինչեւ անհասկանալի հեղինակներ։ Ո՛չ թե անհայտ, այլ՝ անհասկանալի, որ զարմանում ես նույնիսկ, թե ինչո՞ւ է հայտնվել գրականության աշխարհում։
Ինչեւէ, քանի որ «ՀՀ»-ի հյուրը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանն է, փորձեցինք մասնագիտական պարզաբանում նրանից ստանալ։
«Ինչպե՞ս եք այսօր գնահատում մեր դպրոցներում հայ գրականության դասավանդման վիճակը, ի՞նչ պատկեր է, եւ եկեք խոսենք նաեւ գրականության ցանկերի մասին, որ տրվում են երեխաներին արձակուրդի օրերին իբրեւ ընթերցանություն, արդյոք այդ ցանկը մասնագիտական խո՞ւմբ է կազմում, այդ ցանկում կա՞ն մանկավարժական հոգեբաններ, օրինակ, ո՞վ է որոշել, կամ ինչպե՞ս է որոշվել, որ 3-րդ դասարանի երեխան պետք է կարդա «Փոքրիկ իշխանը» կամ «Գուլիվերի ճանապարհորդությունը»։
«ՀՀ»-ի հարցերին ի պատասխան՝ Վ. Դեւրիկյանը նկատեց. «Եթե մենք անկեղծ լինենք, ապա պետք է ասեմ, որ իմ «Աքիլեսյան գարշապարին» խփեցիք։ Ես, այսպես ասած, կենդանի կյանքի ուսումնական գործընթացի հետ առնչություն չունեմ։ Վերջերս, երբ դասագրքերի քննադատության ալիքը բարձրացավ, առաջին անգամ այդ ժամանակ եմ գրականության ցանկերը նայել։ Գուցե դա թերություն էր, որովհետեւ եթե ոչ որպես գրականագետ, ապա ի պաշտոնե, որպես գրականության ինստիտուտի տնօրեն, պետք է այդ հարցերով զբաղվեի։ Բայց ես միշտ հեռու եմ եղել ուսումնական գործընթացից՝ թե՛ դպրոցից, թե՛ բուհերից։ Թեեւ այդ ժամանակ, երբ հայ գրականությունը նկատելիորեն կրճատվել էր, հարց բարձրացրեցի, ասացի՝ ամեն երեւույթ համեմատության մեջ է երեւում, մեր հարեւանները կամ նախկին Խորհրդային Միության երկրներից կա՞ որեւէ մեկը, որ իր դասագրքերը պարզապես գրականություն է կոչում, այլ ոչ թե ռուս գրականություն, վրաց գրականություն, եւ պարզվեց, որ միայն մենք ենք, որ հայը հանել ենք։ «Հայը» վերականգնվեց, իսկ մեթոդիկայի հարցը միշտ է քննարկվել, դեռ խորհրդային տարիներից։ Օրինակ՝ պատմությունից հայ աշակերտը պետք է պատմության իրադարձությունները հիշի՞, թե՞ պետք է պատմության տրամաբանությունը, ընթացքը հասկանա։ Նույնը՝ գրականության մասով։ Բայց, անկեղծ ասած, Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ խորությամբ չեմ տիրապետում, քանզի մանկավարժությունից, մանկավարժական մեթոդիկայից միշտ հեռու եմ եղել»։
«Լավ, հարցը վերաձեւակերպենք ըստ մեր արծարծած երկրորդ խնդրի. երեխային տարրական դասարանում, ընթերցանության ցանկի համաձայն, կարելի՞ է հանձնարարել կարդալ «Գուլիվերի ճանապարհորդությունը» կամ «Փոքրիկ իշխանը»»։ «Եթե կա, զարմանալի է։ Դա նո՞ր են մտցրել, թե՞ միշտ է եղել»,- անկեղծացավ մեր հյուրը։
«Նոր թե միշտ, չենք կարող ասել, արձանագրում ենք փաստը։ 3-րդ դասարաններում դա հանձնարարվել է ըստ գրականության ցանկի». մեր դիտարկմանը գրականության ինստիտուտի տնօրենն արձագանքեց. ««Փոքրիկ իշխանը» հոգեբանական խորը գործ է, միանշանակ, երրորդ դասարանում հանձնարարել կարդալը ճիշտ չէ։ Եթե կա էլ, զարմանալի է։ Բայց, կրկնեմ, մեթոդիկայի, դասավանդման հարցերի մեջ չեմ մտնում, միայն այն հարցով եմ, թե արդյոք ճի՞շտ է, որ այս գրողը մտնի դասագիրք, կամ՝ հակառակը»։
«Փորձենք խնդիրը հասկանալ մյուս կողմից, նախարարությունը գրականության ինստիտուտից մասնագիտական կարծիք ուզո՞ւմ է, թե, ասենք, 4-րդ դասարանի մայրենիի դասագրքում ո՞ր հեղինակներին է պետք ներառել». մեր հաջորդ հարցի պատասխանից պարզվեց, որ «պայմանավորվածությունը սա է. ցածր դասարաններում դա զուտ մանկավարժական հարց է»։ «Մենք միայն ավագ դպրոցի համար ենք։ Ի դեպ, ասեմ, նախկինում էլ չի եղել՝ վերջին 12 տարում գոնե։ Եվ, ինչքան գիտեմ, լեզվի ինստիտուտից էլ կարծիք չեն ուզել հայոց լեզվի դասագրքերի վերաբերյալ»,- մատնանշեց Վարդան Դեւրիկյանը։
Երջանիկ կլինեմ, եթե գրախանութները չփակվեն, ավելին` նորերը բացվեն
-Պարո՛ն Դեւրիկյան, մեր օրերում գրականագիտությունն արդյոք իր տեղո՞ւմ է: Ունե՞նք համապատասխան ժամանակակից գրականություն, որով կարող ենք ներկայանալ աշխարհին:
-Այժմ աշխարհը տրոհման փուլում է: Չկան այլեւս չեխովներ, տոլստոյներ, պատկառելի գիտնականներ: Նախորդ տարի Նոբելյան մրցանակ ստացավ մակրոտնտեսության մեջ ուսումնասիրություն կատարող մի մարդ, եւ այն բանկի տնօրենը, որտեղ պահվում էր մրցանակային գումարը, խոստովանեց, որ, լինելով մակրոտնտեսության մեջ «եփված» մարդ, ծանոթ չէ մրցանակակրի աշխատություններին: Այսինքն՝ աշխարհն այնքան է ընդլայնվել իր տեղեկատվական հոսքով, նեղ մասնագիտական ընկալումներով, որ դժվար է գտնել որեւէ գիտնականի տվյալ ոլորտում: Գրականության մեջ եւս այդպես է: Եթե կարծում ենք, որ հայ գրականությունը պատշաճ չի ներկայացվում աշխարհին, ապա այնպես չէ, որ դա միայն գրականագետների մեղավորությունն է. դրանում առկա են նաեւ նյութական խնդիրներ: Կա նաեւ այսպիսի մտածողություն. ցանկացած գրող իրեն ավելի մեծ է համարում, քան իրականում ինքը կա: Նրանց մրցանակներ տալիս է հանձնաժողովը, որը բաղկացած է տարբեր անդամներից` լրագրող, գրականագետ, գրող, դասախոս եւ այլք: Այսինքն՝ չկա որեւէ կոնկրետ ինստիտուտ, որի պատասխանատվությունն է նման խնդիրները լուծելը: Չնայած պետք է նշեմ, որ գրականության ասպարեզում որեւէ մրցանակ հանձնելուց հետո մոտավորապես մի կես տարի էլ բանավեճ է ընթանում, թե արդյոք ճի՞շտ էր տվյալ մրցանակը տվյալ մարդուն հանձնելը: Խոսքը վերաբերում է նաեւ գիտության մյուս բնագավառներին: Հայ գրականությունն աշխարհին ներկայացնելու տեսանկյունից պետք է հաշվի առնել երկու կարեւոր հարց` արդյոք լավագույն ստեղծագործություննե՞րն են ընտրվում, եւ արդյոք դրանք լա՞վ են թարգմանվում օտար լեզուներով: Վերջին հարցն առավել քննարկելի է: Եթե ցանկանում ենք պատշաճ ներկայանալ աշխարհին, պետք է ձեւավորենք տողացի թարգմանության մշակույթ: Մենք երախտապարտ ենք բոլոր թարգմանիչներին, ովքեր հանձն են առնում գիրք թարգմանելու ու ներկայացնելու խիստ բարդ պատասխանատվությունը: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ որեւէ անգործ մեկը որոշում է գիրք թարգմանել, նրան շռայլորեն հովանավորում են, ոգեւորում, բայց արդյունքում ընկնում է գրքի հեղինակությունն անորակ թարգմանության պատճառով: Ուստի ավելի կարեւոր է ճիշտ ու որակյալ թարգմանությունը, քան ընտրված գիրքը: Անասելի բարդ, գրեթե անհնար է թարգմանել Սեւակի, Չարենցի, Տերյանի բառախաղերը, սակայն այժմյան գրականությունն ավելի տեխնիկական է ու հեշտ թարգմանվող:
-Թարգմանական արվեստն իր ուրույն տեղն ունի գրականության բնագավառում: Վերջերս նկատվում է միտում, որ ավելի շատ արտասահմանյան գրականությունն է թարգմանվում հայերեն, քան հայերեն գրքերը՝ օտար լեզուներով: Ինչո՞ւ է այդպես, խնդրում ենք մանրամասնեք:
-Թարգմանական գրականության առումով իսկական հեղաշրջում է, որովհետեւ հայերեն է թարգմանվում մեծաթիվ որակյալ արտասահմանյան գրականություն, ինչի պահանջարկը, բարեբախտաբար, հանրության շրջանում կա: Բարձրակարգ թարգմանություն են ապահովում «Զանգակը» եւ այլ հրատարակչություններ: Պետք է նաեւ նշեմ, որ հայ հեղինակների գործերն ավելի դժվարությամբ են տպագրվում, քան արտասահմանցի: Թարգմանված գրականությունն էլ, ծանոթագրություններն էլ բավական հաջող են մեր օրերում: Այս առումով մտահոգվելու առիթ չունենք: Ուրախալի է, որ երիտասարդների շրջանում ոգեւորությունն ավելի ընդգծված է:
-Խոսեցինք գրականագիտության մասին, իսկ ի՞նչ աստիճանի է այսօր գրաքննադատությունը:
-Գրականության, արվեստի բոլոր ճյուղերի համար վերլուծող հեղինակները շատ կարեւոր դերակատարում ունեն: Դմիտրի Լիխաչովն այսպիսի միտք ունի. «Արվեստի զարգացման համար առաջին հերթին պետք են ոչ թե լավ ստեղծագործողներ, այլ լավ վերլուծողներ»: Կարելի է ասել, որ ավանդաբար, անգամ 19-րդ դարում էլ Բելինսկին, Չերնիշեւսկին եւ այլք ուղղություն են տվել գրականության ընթացքին: Հայ իրականության մեջ Էդվարդ Ջրբաշյանն էլ, Ազատ Եղիազարյանն էլ, Ավիկ Իսահակյանն էլ զբաղվել են թե՛ դասական, թե՛ ընթացիկ գրականությամբ: Սահինյանն ասում էր` գրական ընթացքը նախապատրաստում է մեծությունների ծնունդը: Ժամանակակից գրողները դժգոհում են, որ գրականագետներն ու գրաքննադատները միայն անցյալի գործերով են զբաղվում, սակայն դա այդպես չէ: Օրինակ` հենց մեր գրականության ինստիտուտում կամ համալսարանում առկա է ժամանակակից գրականության ընդգծված իմաստավորում: Կարող եմ վստահ ասել, որ հայ ժամանակակից գրականության ոլորտում չկա որեւէ նոր լույս տեսած աշխատություն, որ մնա անարձագանք: Դրա արդյունք է նաեւ այն, որ պարբերաբար գրաքննադատության քննարկումներ ենք կազմակերպում գրողների միության անդամների հետ:
-Շնորհակալություն: Եվ վերջում Ձեր ամփոփիչ խոսքը հայ գրականության ապագայի մասին, ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը, հնարավորությունները, ներուժը ի՞նչ են հուշում գրականության վաղվա օրվա մասին:
-Գրականության ընթացքը վստահաբար անխզելի կերպով կշարունակվի: Մեր օրերում հայ գրականությամբ ապրող հեղինակներ ու հասարակության ակտիվ շերտեր կան: 15 տարի առաջ էլ եմ նշել, հիմա էլ կասեմ, որ իմ կյանքի ամենաերջանիկ օրն այն կլինի, երբ գրախանութները չփակվեն, ավելին` նորերը բացվեն: Մենք տեսնում ենք, որ խորհրդային տարիներին էլ հայերը տարատեակ գրախանութներ էին բացում, ինչը մատնանշում է գրականության հանդեպ հասարակության սերն ու հետաքրքրվածությունը: Առանց դրանց գրողը թեւաթափ կլինի, կհուսահատվի ու այլեւս չի ստեղծագործի: Մեր օրերում ներդաշնակ կերպով, իրար զուգահեռ ստեղծագործում են հին, միջին ու նոր սերնդի ներկայացուցիչները: Աստված ավագներին երկար կյանք տա: Որեւէ վնասակար միտում չեմ նկատում չափածո ու արձակ ստեղծագործությունների ասպարեզներում: Նման սերնդափոխությամբ գրականության զարգացումն անընդհատ շարունակվելու է:
Պատրաստեցին`
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ,
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ,
Մարիամ ԱՎԱԳՅԱՆԸ