«…Ահա իսկապես մի տաղանդ, որ երեք տարի խաղում է, եւ մենք չենք տեսնում, թե հանձին նրա ինչպիսի մեծ ուժ ունի մեր պետթատրոնը: Նկատելի է, որ նա լուրջ զբաղվում է իր արվեստով եւ արդեն իսկ ունի մշակված արվեստագետի տակտ եւ չափի զգացողություն…»:
Եղիշե ՉԱՐԵՆՑ
Ամենատես ու ամենագետ բանաստեղծի սեղմ խոսքը հայ թատերական եւ կինոարվեստի սիրված դեմքերից մեկի՝ նախկին միության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, դրամատուրգ, պետական մրցանակների դափնեկիր Վաղարշ Վաղարշյանի մասին է, շռայլորեն օժտված մի արվեստագետի, որի անունը հանիրավի ասես մոռացության հորիզոններին է թողնված: Մինչդեռ անուրանալի է նրա վաստակը մայր թատրոնի կայացման գործում, անմոռանալի՝ նրա դերակատարումները եւ՛ բեմում, եւ՛ կինոնկարներում: Ուստի երախտագիտությամբ վերհիշենք «տակտ եւ չափի զգացողություն» ունեցող «մեծ ուժի» դերասանին՝ նրա հիշատակի օրվա առիթով…
Վաղարշ Վաղարշյանը (Վաղարշակ Բոգդանի Տեր-Պողոսյան) ծնվել է 1894 թ., այսօր նորից «շան երախում» հայտնված, ժամանակին մշակութային ծաղկուն կյանքով շնչող հայոց Շուշի քաղաքում: Նախնական կրթությունն ստանալով ծննդավայրի թեմական դպրոցում՝ պատանի հասակից ընտրել էր իր երազանքի ճանապարհը՝ շարունակել ուսումը, ծառայել ազգին: Այդ նպատակով երկու դասընկերոջ հետ մեկնում է Թիֆլիս՝ ընդունվելու վաստակած համբավ վայելող Ներսիսյան դպրոցում: Ապագա դերասանին դա չի հաջողվում, ստիպված ընդունվում է առեւտրի ուսումնարան: Սակայն այդ ուսումնառությունը, թերեւս, այնքան էական չէր, որքան այն միջավայրը, որում հայտնվել էր նա: Այստեղ ստեղծագործող երիտասարդն անդամակցում է Հովհաննես Թումանյանի հիմնադրած Հայ գրողների կովկասյան ընկերությանը: Դերասանական ու գրական առաջին փորձերը, շփումները գրողների, արվեստագետների հետ կանխորոշում են նրա անցնելիք ուղին: 1912 թ. բեմադրվում է դրամատուրգ Վաղարշյանի «Փող եւ տաղանդ» պիեսը, որի հանդիսականներից մեկն էլ ինքն էր՝ Ամենայն հայոց բանաստեղծը: Ինչպես հուշագիրներն են վկայում, ներկայացման ավարտին Թումանյանը, շնորհավորելով հեղինակին, կատակում է. «Մոլիերն իր առաջին պիեսը գրեց քսանմեկ տարեկանում, դու գրել ես տասնիննում…»:
1913 թ. Վաղարշյանը մեկնում է Բաքու, աշխատում նավթահանքերի գրասենյակում: Երկու տարի անց թողնում է գրասենյակային ձանձրալի ծառայությունը եւ ընդունվում Բաքվի դրամատիկ-օպերետային շրջիկ թատերախումբ: Խաղում է Սեյրան՝ Շիրվանզադեի «Նամուս», Ֆերդինանդ՝ Շիլլերի «Խարդավանք եւ սեր», Կրեչինսկի՝ Կոբելինի «Կրեչինսկու հարսանիքը» եւ այլ դերեր տարբեր թատերախաղերում:
Արդեն կայացած դերասանը 1921 թ. Կրասնոդարում է: Այստեղ նա աշխատում է որպես կոմկուսի Կուբան-Սեւծովյան շրջանային կոմիտեին կից ազգային փոքրամասնությունների ենթաբաժնի կառավարիչ: Օգտագործելով իր կարգավիճակը՝ հայ բնակիչների եւ գաղթականների համար կազմակերպում է դպրոցներ, մանկատներ, ժողովրդական համալսարան, հայկական թատերախմբեր: 1922 թ. տեղափոխվում է Դոնի Ռոստով, որտեղ հիմնադրում է Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը եւ նորաստեղծ խմբի հետ ներկայացումներ տալիս հայաշատ բնակավայրերում:
Սակայն գալու էր հայրենիքում մշտապես հանգրվանելու, իր տաղանդը ժողովրդին ծառայեցնելու բաղձալի ժամանակը. 1923 թ. Վաղարշյանը Երեւանի առաջին պետթատրոնում է: Տաղանդավոր դերասանը մայր թատրոնի բեմում մարմնավորելու էր քառասունից ավելի կերպարներ: Նաեւ՝ Համլետ: Երեսունական թվականներին նրա դերասանական վարպետությունը եւ խաղարվեստը փայլում են իր լավագույն անձնավորումներում՝ Խլեստակով՝ Նիկոլայ Գոգոլի «Ռեւիզոր», Տիխոն՝ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», Դեն Գուան՝ Պուշկինի «Քարե հյուր», Եգոր Բուլչով՝ Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլչովը եւ ուրիշները» գլուխգործոցային ներկայացումներում: Նշյալ վերջին դերակատարումը, թատերագետների գնահատմամբ, ոչ միայն իր՝ դերասանի, այլեւ հայ թատրոնի բարձրագույն նվաճումներից է: Իսկ հայ դասական խաղացանկի նրա ինքնատիպ անձնավորումներից են Սուրենը՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Գագիկ թագավորը՝ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Աշոտ Երկաթը՝ Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի», Ասլան ամին՝ իր հեղինակած «Օղակում» թատերախաղերում:
Մեծ դերասանը, որ պատերազմական տարիներին՝ 1941-1944 թթ. եղել է մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարը, այնուհետեւ՝ Հայաստանի թատերական միության, իր վաստակն ունի նաեւ ռեժիսուրայում. բեմադրել է Մաքսիմ Գորկու «Դոստիգաեւը եւ ուրիշները», «Վասսա Ժելեզնովա» պիեսները, այլ գործեր:
Վաղարշ Վաղարշյանը նկարահանվել է նաեւ մի շարք ֆիլմերում՝ «Խասփուշ», «Լեռնային արշավ», «Լեռնային հեղեղ», «Անձամբ ճանաչում եմ», «Առաջին սիրո երգը»: Գրել է պիեսներ՝ «Փող եւ տաղանդ», «Ղողանջ», «Գագիկ Երկրորդ», «Սուլթան Աբդուլ Համիդ», «Օղակում», «Մի օր Սալոնիկում», «Վանքաձոր» եւ այլ գործեր: Հրատարակվել են նրա «Երկերը», «Ընկերներս, բարեկամներս եւ ես» գրքերը: Իսկ նրա ընկերներն ու բարեկամները ժամանակի մեծերից շատերն էին՝ Ավետիք Իսահակյան, Արա Սարգսյան, Դերենիկ Դեմիրճյան, այլ երախտավորներ:
Ավելորդ չհամարենք նշել, որ դերասանն անձնագրային Վաղարշակ Տեր-Պողոսյան ազգանունը գրական Վաղարշ Վաղարշյանի է փոխել այսօր մոռացված գրող Մովսես Արազու խորհրդով: Իսկ դրա նպատակը պարզապես ազգանվան բարեհունչ դարձնելն էր…
Այսօր նրա անմահության օրն է: Փորձենք չմոռանալ երախտավորին, ով ստալինյան բռնարարքների ժամանակներում, շնորհիվ վաստակած հեղինակության, մտավորականների ու արժանավոր շատ մարդկանց կյանքեր է փրկել…