Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ալեքսը գերազանց ականանետորդ էր

Նոյեմբերի 5, 2021
Սոցիում
Ալեքսը գերազանց ականանետորդ էր
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
837
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան առաջին գոյամարտի ընթացքում, 4 տարի շարունակ, թշնամին փորձեց տեղահան անել Շուշիի ժայռի տակ ծվարած Քարինտակ գյուղի հայությանը, սակայն քարինտակցին մնաց իր տեղում։ 1992 թ. հունվարի 26-ին թշնամին մեծ ուժերով լայնածավալ հարձակում իրականացրեց Քարինտակի վրա՝ 3 կողմից շրջապատելով գյուղը, բայց տվեց մոտ 150 զոհ ու նահանջեց։ Գյուղի հերոսական պաշտպանության համար մղված մարտում մարտիրոսվեց 25 քաջորդի, նրանց շարքում էին գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը եւ գնդացրորդ Ալյոշա Վարդանյանը, ովքեր հետմահու պարգեւատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Արցախյան գոյամարտի ողջ ընթացքում Քարինտակից զոհվեց ավելի քան 45 հայորդի, նաեւ՝ խաղաղ բնակիչներ։

Արցախյան վերջին պատերազմն այլ ընթացք ունեցավ. Շուշիի հետ թշնամուն մնաց նաեւ հերոսական Քարինտակը։ Այս պատերազմում գյուղից զոհվեց 7 հոգի, նրանց թվում` Վաղարշակ Առուշանյանի Մխիթար որդին՝ Քարինտակի համայնքապետը, ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, արցախյան առաջին գոյամարտի ազատամարտիկ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Առաքելյանը եւ որդին՝ Կարեն Առաքելյանը։ Արցախի Մարտունու շրջանում մղված մարտերի ժամանակ են զոհվել Քարինտակի դպրոցի տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի որդին՝ ժամկետային զինծառայող, սերժանտ Ալեքսեյ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Գերասիմ Հովհաննիսյանն ու Արսեն Ավանեսյանը։ Փոխգնդապետ Մխիթար Հովհաննիսյանը զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ), իսկ հետախուզական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Վարդանյանից մինչ օրս ընտանիքը լուր չունի:

Հոկտեմբերի 30-ին Եռաբլուրում Ալեքսեյ Հովհաննիսյանի շիրիմի մոտ էին հարազատները, բարեկամներ, համագյուղացիներ։ Լրացավ անմահ հերոսի նահատակության 1-ին տարելիցը։ Զրուցեցի Ալեքսեյի հոր՝ Արամայիսի հետ, ում ճանաչում եմ վաղուց. շատ եմ եղել Քարինտակում, այցելել դպրոց։ Հերոսական գյուղի դպրոցի տնօրենն արցախյան գոյամարտի մասնակից է։ Երկար տարիներ տնօրինում էր գյուղի կրթօջախը, որտեղ կրթվում, հայեցի ու հայրենասիրական դաստիարակություն էին ստանում գյուղի դպրոցականները։ Նույն ոգով է դպրոցն ավարտել նաեւ Արամայիսի միակ որդին՝ 2 քրոջ կրտսեր եղբայրը՝ Ալեքսեյը։ Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, պատմաբան-ազգագրագետ, արցախյան ազատամարտի մասնակից Լեռնիկ Հովհաննիսյանը, ով նույնպես ներկա էր հորեղբոր թոռան տարելիցին, տեղեկացրեց՝ արցախյան պատերազմներին իրենց գերդաստանից 7 հոգի զոհվել են: 2 հորեղբայրները՝ Ալեքսեյի պապ Ալյոշա Հովհաննիսյանը (28. 12. 1991 թ.) եւ Միքայել Հովհաննիսյանը (26. 01. 1992 թ.), եղբայրը՝ Հովիկ Հովհաննիսյանը (10. 04. 1994 թ., Կարմիրավանի մոտ), հորեղբոր որդին՝ Արմեն Հովհաննիսյանը (14. 05. 1992 թ.)  զոհվել են արցախյան առաջին գոյամարտում: Իսկ փոխգնդապետ, 2-րդ ՊՇ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Մխիթար Հովհաննիսյանը (09. 10. 2020 թ.), Գերասիմ Հովհաննիսյանը (25. 10 2020 թ.) եւ Ալեքսեյ Հովհաննիսյանը նահատակվել են 2020 թ. հոկտեմբեր ամսին:

«Առաջին պատերազմից հետո, թեկուզ զոհվել էին եղբայրս, այլ հարազատներ ու մտերիմներ մեր գյուղից, գյուղն ամբողջովին ավերակ էր թշնամու ռմբակոծություններից հետո, սակայն մենք հպարտ էինք: Հաղթել էինք, ազատագրել էինք Արցախը` Շուշիով հանդերձ, այլ տարածքներ, շենացնում էինք մեր երկիրը։ Այսօր այլ է՝ կոտրված ենք հոգով, ունեցանք զոհեր ու կորցրինք մեր տունը»,- ասաց Լ. Հովհաննիսյանը։ Որդուն է ներկայացնում հայրը։ Ծնվել է 2001 թ. մայիսի 2-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում: 2007-2019 թթ. սովորել է Քարինտակի Հ. Ղարախանյանի անվ. միջնակարգ դպրոցում: Մինչեւ 9-րդ դասարանը սովորել է  գերազանց։ Շնորհաշատ որդին ստացել է նաեւ երաժշտական կրթություն, նվագում  էր  կլառնետ: Խելացի ու համեստ Ալեքսը, բոլորի խոսքով, գեղեցկադեմ էր, ամաչկոտ  ու հետաքրքրասեր: Սակայն դպրոցում միշտ եղել է առաջնորդի դերում եւ բազում միջոցառումներ կազմակերպել։ Սիրով էր մասնակցում դպրոցական առարկայական օլիմպիադաների, սպարտակիադաների։ Հաճախել է կարատեի դասընթացների, մասնակցել մրցումների, պարգեւատրվել մեդալներով, պատվոգրերով ու գովասանագրերով: Նաեւ պոետ էր Ալեքսը, ստեղծագործում էր՝ բանաստեղծություններ ու երգեր էր գրում։ Սակայն առավել շատ էր սիրում բնագիտական առարկաները։ Ավարտելով միջնակարգը՝ 2019 թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժին եւ  զորակոչվել Հայոց բանակ: Սկզբնական շրջանում՝ հինգ  ամիս, ուսումնական դասընթացներ է անցել  Լուսակերտի զորամասում, ստացել ականանետորդ-հրետանավորի վկայական ու կրտսեր սերժանտի կոչում։ Մրցույթների ժամանակ միշտ աչքի է ընկել գիտելիքներով, եւ պատահական չէ, որ արժանացել է «Լավագույն  զինվոր» կրծքանշանի: Ավարտելով ուսումնառությունը՝ տեղափոխվել է Արցախի 9-րդ պաշտպանական շրջան եւ ծառայել Ջրականում` ականանետային հաշվարկի հրամանատար 2-րդ գումարտակի 1-ին մարտկոցում։ Կարգապահ, բանիմաց ու բարեխիղճ ծառայության համար Ալեքսն ստացել է սերժանտի կոչում եւ պարգեւատրվել «Խիզախ մարտիկ» կրծքանշանով։ Հայրը տխրությամբ ասաց՝ այդ նշանների, այլ պարգեւների մասին հետո է իմացել։

2020 թ. սեպտեմբերի 27-ից Ալեքսեյի հրամանատարությամբ գործող ականանետային հաշվարկը մեծ ծավալի աշխատանքներ է կատարել եւ ահռելի վնաս հասցրել թշնամուն։ Հայրը հպարտությամբ է նշում՝ որդու ղեկավարած հաշվարկն այդ օրերին ԶՈՒ-ում ճանաչվել է լավագույնը։ Մի քանի օր շարունակ մարտնչել են ականանետորդները եւ չեն նահանջել, մինչեւ եղել է հրաման՝ տեղափոխվել Հադրութ-Վարանդա (Ֆիզուլի) հատված։ Այդ ժամանակ նրա հրամանով արձակած յուրաքանչյուր ական հասնում էր ճիշտ նպատակակետին՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը, շարքից հանելով տեխնիկան, ռազմավարական նշանակության օբեկտները, օգնում էր հայկական առաջապահ ստորաբաժանումներին՝ կատարելու առաջադրանքները։ Հադրութի տարածքում արդեն որպես հրաձիգ՝ կամավոր առաջնագիծ է մեկնել, նշանակվել մարտական դիրքի ավագ, կռվել թշնամու դեմ մինչեւ հոկտեմբերի 28-ը՝ հասնելով Մարտունու շրջան։ Հոկտեմբերի  30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղից պետք է տեղափոխվեին: Զինվորներով լի մեքենան ենթարկվել է թշնամու ԱԹՍ-ի ռմբահարմանը, մոտ 20 զինվոր նահատակվել են, նաեւ՝ Ալեքսեյը, ով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Արիության համար» մեդալներով։

«Եռաբլուրում» ամեն անգամ է մարդաշատ, այս օրերին՝ առավել։ Հարյուրավոր հայորդիներ են նահատակվել մեկ տարի առաջ այս օրերին, եւ այժմ նրանց առաջին տարելիցն է։ Ծանրացած հոգով են բոլորը «Եռաբլուրում», խունկ են ծխում հարազատի շիրիմին, ծաղիկներ խոնարհում։ Լույս-տղաների լուսանկարներն են միայն պատասխանում հարազատներին՝ ժպտերես ու տխուր, խոհուն ու պայծառ դեմքեր, տղաներ, ովքեր հարստացրել են երկինքը եւ մեզնից պահանջում են՝ Հայոց տունը կիսատ չթողնել։ Խնկաբույրով ու ծաղիկներով է պատված Ալեքսեյի խոհուն դեմքով լուսանկարը, շուրջը հարազատներն են՝ քարացած հոգով տղամարդիկ, արցունքոտ աչքերով կանայք։ Որդուն ու հորը, հայրենի գյուղը, տունը կորցրած Արամայիսն ասաց՝ թուրքերը հիմնահատակ քանդել են իր տունը եւ ճանապարհ բացել նոր թաղամասով, գնալու տեղ չունի, այժմ բնակվում է Երեւանում՝ բարեկամի տանը։

Թեգեր: Արցախհերոսպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Իրանի արեւը»` հարազատ ու ջերմացնող

«Իրանի արեւը»` հարազատ ու ջերմացնող

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist