Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության նոր ծրագրի շրջանակներում դիմումներն արդեն ընդունվում են։ «ՀՀ»-ն փորձեց մանրամասներ պարզել ծրագրի եւ դիմումների ընդունման ընթացակարգի մասին։
Նախ՝ ընթացակարգի մասին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից (դիմումների ընդունման հայտարարությունն արվել է հոկտեմբերի վերջին) տեղեկանում ենք, որ «online.ssa.am» կայքէջում էլեկտրոնային դիմումի ներկայացման համար անհրաժեշտ է մուտք գործել «ՀՀ կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհան, ապա «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառումներ» էջ, այնուհետեւ «Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության դիմումներ» դաշտում սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։
Մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն՝ անհրաժեշտ է սեղմել «Շարունակել» կոճակը, ապա բացված պատուհանում մուտքագրել դիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկված ստուգիչ կոդը եւ սեղմել «Շարունակել»:
Հետո նոր էջում պետք է լրացնել շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ (ID) սերիան, համարը, բանկային քարտի համարը, բջջային հեռախոսի համարը, փաստացի բնակության վայրը՝ ըստ առաջարկված ցանկերի, եւ վերջում սեղմել «Հաստատել» կոճակը։ Եթե դիմումում երեխայի տվյալ լրացնելու անհրաժեշտություն չկա, ապա պետք է սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը: Իսկ եթե անհրաժեշտ է լրացնել երեխայի տվյալ, ապա «Մուտքագրել մինչեւ 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել երեխայի անունը, ազգանունը, երեխայի ծննդյան վկայականի սերիան, համարը կամ անձնագրի սերիան, համարը, սեղմել «Հաստատել տվյալները» կոճակը։
Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել մինչեւ 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակը եւ լրացնել տվյալները: Պետք է կցել նաեւ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե երեխայի տողում երեւում է «Կցել ծննդյան վկայականը» կոճակը: Բայց եթե ծննդյան վկայականի փոխարեն կցվել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա երեխայի համար մուտքագրված դիմումը կմերժվի: Բոլոր երեխաների տվյալների լրացումն ու ծննդյան վկայականների կցումն ավարտելուց հետո անհրաժեշտ է ավարտել դիմումի մուտքագրումը՝ սեղմելով «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:
Մուտքագրման ավարտը գրանցելուց հետո դիմումը կհաշվառվի փաստաթղթային ստուգման համար, որի արդյունքի (դիմումի մերժման կամ հաստատման) մասին ծանուցումը կուղարկվի էլփոստի միջոցով: Վճարման ցուցակում ներառվելու եւ ցուցակը բանկին տրամադրելու դեպքում դիմումում նշված հեռախոսահամարին կուղարկվի ծանուցում՝ վճարման ենթակա գումարի եւ բանկի նշումով:
Աջակցության գումարը չի կարող արգելադրվել
Գանք պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու ծրագրին։ Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների համակարգից տեղեկանում ենք, որ միջոցառման շահառու են՝ 1. պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիները, ովքեր համապատասխան միջոցառումների շրջանակներում ստացել են (ում տվյալները ներառվել են վճարման ցուցակում) 300 հազ. դրամ կամ 250 հազ. դրամ դրամական աջակցություն, 2. 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխաները, եթե երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն եղել են 300 հազ. դրամ կամ 250 հազ. դրամ դրամական աջակցության միջոցառումների շահառու:
Ի դեպ, սոցաջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձեւով՝ ոչ ավելի, քան 4 ամսվա համար՝ սկսած 2021 թ. սեպտեմբերից: Եվ տվյալ ամսվա շահառուներ են այն քաղաքացիները, ովքեր այդ ամսվա 1-ի դրությամբ կգտնվեն Հայաստանում կամ Արցախում։
Տվյալ ամսվա դրամական օգնության ամսական չափը կազմում է այդ ամսվա 1-ի դրությամբ՝ ա) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50 հազ. դրամ, բ) այլ շահառուների համար՝ 25 հազ. դրամ։
Միջոցառման շահառու՝ մինչեւ 18 տարեկան երեխային նշանակված ամսական դրամական օգնությունը տրամադրվում է նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին՝ անկախ նրա օրինական ներկայացուցչի՝ սույն միջոցառման շահառու լինելու հանգամանքից:
Թյուրիմացության տեղիք չտալու համար մեկ հստակեցում անենք. տվյալ ամսվա դրամական օգնությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա: Եվ դիմումը ներկայացվում է մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 5-ը ներառյալ, «օոliոe.ssa.am» կայքէջի համապատասխան ծրագրային միջավայր (ըստ վերեւում նկարագրվածի): Ամսական դրամական օգնության գումարը վճարվում է պետական բյուջեի կամ տեղական եւ միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հատկացրած դրամական միջոցների հաշվին:
Պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող դրամական օգնության գումարը վճարվում է անկանխիկ՝ շահառուի (եթե շահառուն երեխա է՝ նրա օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Կարեւոր փաստ. աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: