Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ճշմարտությանը ծառայելու անկեղծ մղումով

Ինչ է պատմում արաբ փաստաբան Ղուսեյնը ցեղասպանության մասին

Նոյեմբերի 18, 2021
Սոցիում
Ճշմարտությանը ծառայելու անկեղծ մղումով
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
380
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց ցեղասպանության վերաբերյալ արաբալեզու սկզբնաղբյուրների շարքում առանձնահատուկ դեր ունեն Սիրիայի Հաուրանի շրջանի բեդվին Սալլութ ցեղի առաջնորդի որդի, փաստաբան Ֆայեզ Էլ-Ղուսեյնի (1883–1968) վկայությունները: Մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը նա երեքուկես տարի եղել է Խարբերդ նահանգի Մալաթիայի գավառի Քյախթայի գավառակի կառավարիչ (կայմակամ), այնուհետեւ փաստաբանական գործունեություն է ծավալել Դամասկոսում, որպես Հաուրանի ներկայացուցիչ ընտրվել է տեղի Գլխավոր խորհրդի (խորհրդարան), ապա նույն խորհրդի հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը Ֆայեզ Էլ-Ղուսեյնի գործունեության մասին զրուցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտքարտուղար, պ. գ. թ. Նարինե Մարգարյանի հետ։

-Հայ ժողովրդին բաժին հասած ողբերգությունն անտարբեր չի թողել արաբ փաստաբան Ֆայեզ Էլ-Ղուսեյնին։ Արդյոք բավարար չափով ծանո՞թ է հայ հանրությունն արաբ գործչին եւ մեր պատմությանն ունեցած նրա առնչությանը։

-1915 թ. հուլիսին Ֆայեզ Էլ-Ղուսեյնը Դամասկոսում Ջեմալ փաշայի հրամանով ձերբակալվել է հակաթուրքական քարոզչության մեղադրանքով, սակայն նախանշված աքսորավայր՝ Էրզրում, չի հասել, հարկադրաբար մնացել է Դիարբեքիրում մինչեւ 1916 թ. փետրվար: Աքսորի ճանապարհին իր տեսածի եւ շուրջ վեցուկես ամիս քաղաքում գտնվելու ընթացքում ձեռք բերած հավաստի վկայությունների հիման վրա գրել է իր «Ջարդերը Հայաստանում» գրքույկը՝ նշելով, որ իր տեսածն ու լսածը հայերի հետ տեղի ունեցածի մի փոքր մասն են միայն: Ֆայեզ Էլ-Ղուսեյնը փաստում էր, որ թուրքերի կողմից ամենայն վայրագությամբ իրականացված զարհուրելի ոճրագործությունը հակասում է իսլամական շարիաթին, իսլամի հիմնադրույթներին: Նա գրում էր, որ մուսուլմանները պետք է ձերբազատվեն այդ կառավարությունից, որը հրամայում էր ոչնչացնել անմեղ կանանց, երեխաներին ու ծերերին, հակառակ պարագայում նրանք մեղսակից են դառնում մի հանցագործության, որի նախադեպը չի արձանագրել պատմությունը, որեւէ ազգ նման կերպ չի գործել անգամ միջնադարյան խավար ժամանակներում: Նա ականատես է եղել, թե ինչպես էին թուրքերն հայերի բնաջնջմանը զուգահեռ յուրացնում նրանց ունեցվածքը, իջեցնում եկեղեցիների խաչերը, իսկ եկեղեցիները վերածում է պահեստների, հայկական արժեքավոր գրքերը վաճառում էին կամ էլ նրանց էջերով նպարեղեն է փաթեթավորում: Հեղինակը, գիտակցելով իր գործի կարեւորությունը, գրքի առաջաբանում նշում է. «Մտածեցի այս գիրքը հրատարակել եւ դրանով իսկ ծառայել ճշմարտությանն ու թուրքերի կողմից հալածված ժողովրդին»: Ֆայեզ Էլ-Ղուսեյնի վկայությունների մասին հասարակության լայն շրջանակները բավականաչափ ծանոթ չեն, բայց գիտական շրջանակներում այն ծանրակշիռ վկայություն է ոչ միայն փաստերի ներկայացմամբ, այլ նաեւ երիտթուրքական կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության պատճառների ուսումնասիրության, հայերին սպանելու ձեւերի ու մեթոդների, ինչպես նաեւ մի շարք կարեւոր այլ հանգամանքների լուսաբանման առումով:

-Ինչպիսի՞ն է եղել Ղուսեյնի հետագա կյանքի ուղին։ Շարունակվե՞լ են, արդյոք, արաբ գործչի եւ հայ ժողովրդի առնչությունները։

-Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա վերադարձել է Դամասկոս, եղել է Սիրիայի թագավոր Էմիր Ֆեյսալ իբն Հուսեյնի անձնական քարտուղարը, 1920 թ. Սիրիայում ֆրանսիական մանդատի հաստատումից հետո աշխատել է Դամասկոսի դատական մարմիններում, կենսաթոշակի անցնելուց հետո զբաղվել փաստաբանի իր մասնագիտությամբ, հրատարակել «Իմ հիշողություններն արաբական հեղափոխության մասին» գիրքը: Ի նշան հայ ժողովրդի երախտագիտության Ֆայեզ Էլ-Ղուսեյնի գերեզմանից բերված հողի սափորն ամփոփվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հուշապատի մեջ եւ տեղադրվել է նրա հուշատախտակը:

-Ինչպիսի՞ գիտական, քաղաքական, իրավական արժեք է ներկայացնում Ղուսեյնի «Ջարդերը Հայաստանում» վավերագիր գրքույկը։

-Փաստաբանի մասնագիտությունը պարտավորեցրել է Ֆայեզ Էլ-Ղուսեյնին դեպքերը ներկայացնել առավել ճշգրտությամբ, իսկ տեղեկությունների փոխանցման հարցում առաջնորդվել «հավաստի աղբյուրներով», ինչն ավելի արժանահավատ ու կարեւոր է դարձրել նրա վկայությունները: Ֆայեզ Էլ-Ղուսեյնը հայերի նկատմամբ իրականացրած երիտթուրքական գործողությունները բնորոշել է որպես հանցագործություն: Նրա վկայություններում կան հետեւյալ ձեւակերպումները՝ «հայերի տեղահանություն՝ ոչնչացման նպատակով», «կառավարությունը ձեռնարկեց հայերի կոտորածը, կուսակալներին հրամայեց ոչնչացնել հայերին», «մի պաշտոնյայի հանձնարարված էր ղեկավարել հայերի բնաջնջման գործը» եւ այլն: Նման իրավական շեշտադրումներով նա ընդգծել է ցեղասպանության ծրագրված եւ համակարգված լինելու փաստը, ահա այս ձեւակերպումներն են, որ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կոնվենցիայում միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանում են ցեղասպանություն եզրույթը:

-Գրքույկը լույս է տեսել մի շարք լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Ի՞նչ արձագանքներ է ունեցել արաբ վկայագրի հուշերի հրապարակումը բոլոր այդ լեզուներով։

-Գրքույկն իսկապես շատ արագ տարածում է գտել. թարգմանվել, հրատարակվել, վերահրատարակվել է տարբեր լեզուներով եւ վերնագրերով՝ «Ջարդերը Հայաստանում», «Մարտիրոսացած Հայաստան», «Մի արաբ մուսուլմանի վկայությունը հայերի անմեղության եւ կոտորածների վերաբերյալ», «Հերոսական հայութեան անցեալէն» եւ այլն: Առաջին անգամ լույս է տեսել արաբերեն (Բոմբեյ, 1917 թ.): Հետագայում այն մի քանի անգամ վերահրատարակվել ու թարգմանվել է տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն (Ժնեւ, 1917 թ.), անգլերեն (Լոնդոն, 1917 թ. եւ Նյու Յորք, 1918 թ.), գերմաներեն (Ցյուրիխ, 1918 թ. եւ Պոտսդամ 1922 թ.), իսպաներեն (Լոնդոն, 1918 թ.), իտալերեն (Միլան, 2004 թ.), ռուսերեն (Մոսկվա, 2007 թ.), պարսկերեն (Լոս Անջելես, 2016 թ.), թուրքերեն (Ստամբուլ, 2019 թ.): Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմվել է Ֆայեզ Էլ-Ղուսեյնի հուշագրության թարգմանությունների ծավալուն ժողովածուն: Արաբերեն բնագիրը վերահրատարակվել է մի քանի անգամ՝ Բեյրութում 1988 թ., Հալեպում 1991 թ., եգիպտական «Արեւ» հանդեսի արաբերեն տարբերակի հավելվածում 2003 թ., Դամասկոսում 2014 թ.: Գիրքն անգլերենից թարգմանվել է հայերեն եւ տպագրվել 1920 թ. Սպահանում, 2017 թ. արաբերենից թարգմանվել եւ ծանոթագրություններով հրատարակվել է Դամասկոսում, 1965 թ. ֆրանսերենից թարգմանվել եւ հրատարակվել է արեւմտահայերեն: Գրքի տարբեր լեզուներով տպագրումը հանրության լայն շրջանակներին հասանելի է դարձրել Հայոց ցեղասպանության պատմության կարեւոր դրվագները: Ֆայեզ Էլ-Ղուսեյնի վկայությունները կարեւորվում են նաեւ այն առումով, որ վերջինս իսլամական հասարակության ներկայացուցիչ էր, իսլամական օրենքների գիտակ, հավատացյալ մուսուլման, ով կարծում էր, որ թուրքերի իրականացրած ոճիրները դեմ են իսլամական օրենքներին եւ կրոնին: Ֆայեզ Էլ-Ղուսեյնը՝ որպես լավ կրթություն ստացած քաղաքացի եւ մարդասեր, գիտակցում էր պատերազմի ավարտից հետո իր հայաջինջ քաղաքականության համար թուրքական կառավարության պատասխանատվության անհրաժեշտությունը, եւ իր ու իր նման ականատեսների պարտքն էր համարում տեղեկացնել հանրության լայն շրջանակներին տեղի ունեցած հանցագործության մասին եւ փորձել կանխել հետագա ցեղասպանությունները:

Թեգեր: Նարինե ՄարգարյանՑեղասպանությունՖայեզ Էլ-Ղուսեյնի
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Առանց բանկ եւ մաքսատուն այցելելու

Առանց բանկ եւ մաքսատուն այցելելու

Օրվա խորհուրդը

Օրվա խորհուրդը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist