Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ժողովրդական երգիչ Ստեփան Դալլաքյանը

…Իսկ Սիսի բերդն իր տեղից չի փախչի

Նոյեմբերի 18, 2021
Սոցիում
Ժողովրդական երգիչ Ստեփան Դալլաքյանը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
369
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի «Հորովել» երգի, պարի համույթի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի մասին խոսք ասելուց առաջ ակամա «փիլիսոփայության» գիրկն ընկա: Ու քանզի ընթերցողին թվախեղդ անելու մտադրություն չունեմ, ներկայացնեմ այն «աներես» խոհերը, որոնք, ըստ իս, հուզում են ցանկացած մարդու:

Նա յուրովի է իմաստավորել կյանքը

Մարդկությունը դեռ չի հայտնագործել իր իսկ գոյության առեղծվածը՝ ինչո՞ւ, ինչպե՞ս է լույս աշխարհ եկել, ո՞ւր է գնում, ո՞րն է կյանքի իմաստը: Դարեր, հազարամյակներ խարխափելով անհայտության մշուշում, այնուամենայնիվ, մարդիկ փորձել են հասկանալ իրենց կյանքը եւ կյանք կոչվածն ընդհանրապես: Ոմանք կյանքի իմաստը գտել են հարստություն դիզելու, հարբեցողության, թմրամոլության եւ արատավոր այլ «հաճույքների» մեջ, շատերն էլ առաջնորդվել են այլ սկզբունքներով՝ առաջնահերթ համարելով ընտանիք ու ժառանգներ ունենալը, ենթագիտակցորեն հասկանալով, որ իրենց գլխավոր դերը մարդկության շարունակականության ապահովումն: Չէ՞ որ հենց մահկանացու մարդիկ են մարդկությանը նվիրում անմահությունը, որոնք մի օր բացահայտելու են տիեզերքի, թերեւս, ամենանշանակալից հայտնագործությունը՝ ինչու է ծագել կյանքը, որն է կյանքի իմաստը: Ու նրանք կրթում, դաստիարակում են սերունդներ, հոգում երկրի պաշտպանության մասին, երազում եւ հնարավորինս ստեղծում են  արդար, բարգավաճ պետություն, աշխատում-տքնում են՝ ի բարօրություն իրենց երկրի ու ժառանգների: Այս խմբի ստվար շարքում իր ուրույն տեղն ու դերն ունի համընդհանուր սիրո ու հարգանքի արժանի, դրանք վայելող երգիչ Ստեփան Դալլաքյանը, ում իրավամբ կարելի է կոչել ժո-ղո-վրդ-ական: Շռայլ տաղանդով եւ անզուգական թավիշ ձայնով օժտված մեր Ստեփանը, ում լոռեցիք կնքել են Լոռու Սոխակ պատվանունով, կես դարից ավելի եղել ու դարձյալ մնում է որպես իր ժողովրդի «նոքարը»՝ անմնացորդ նվիրված լինելով ժողովրդական, գուսանական, դասական երգերի կատարմանն ու հանրայնացմանը, երգ-երաժշտության նկատմամբ մարդկանց մեջ սիրո եւ ակնածանքի առաջացմանը: Իր երգացանկում նա ունեցել է 1000-ից ավելի երգեր, համոզված ենք՝ ստեղծագործական կյանքի հաջորդ կես դարում դարձյալ թեթեւասահ բեմ է բարձրանալու, երիտասարդական նախկին եռանդով հմայելու է նոր երգերով…

Նրա ձայնը չի խամրում

Նրա ձայնը… Ուրիշ ի՞նչ կերպ ներկայացնես, եթե ոչ՝ սրտաբուխ, բյուրեղյա, հոգեթով: Իրեն չտեսնես էլ, հեռվից կզանազանես նրա երգը, երգի մեղեդայնությունը, յուրակերպությունը: Այդ յուրահատուկ ձայնի եւ անկրկնելի կատարումների մասին մասնագետները գրել են ու էլի կգրեն: Այդ ձայնն է հմայել մասնագետներին, որ դեռ շատ երիտասարդ՝ նրան հրավիրել են մայրաքաղաք՝ Արամ Մերանգուլյանի անվան համույթ-ստուդիա, ապա Հայաստանի ժողգործիքների պետական նվագախումբ՝ որպես մենակատար: Հայրենի եզերքի անմար կարոտը միայն նրան վերադարձրեց Լոռի: Այստեղ երգչին հրավիրեցին «Հորովել» համույթ, որի կազմում էլ հավատարմորեն ծառայում է մինչեւ օրս: Ասես սրբազան տաճար է մտնում. գեղեցիկ,  համակրելի երգիչը հուշիկ քայլերով բեմ ելնելով՝ այն լցնում է իրենով, կախարդում ունկնդիրներին, ստիպում ոգեւորվել, հիանալ, հրճվել, ծափերի տարափ տեղալ, անգամ… լացել: Նրա երգերի ջերմ ելեւէջները հզոր լիցքեր են հաղորդում դահլիճին, որոնք 50 տարի անց էլ ունեն նախնական մաքրությունն  ու զուլալությունը, ինչպես անուշ խոխոջյուն ունեն սարերի աղբյուրները, սոսափ՝ լեռների հովը: Գրող, դրամատուրգ, արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը ոչ առանց զարմանքի հաստատում է, որ «վարպետի ձայնը բոլորովին չի խամրում»: Հետաքրքիր է նրա ճշգրիտ գնահատանքը. «Դալլաքյանը մեկն է այն Վարպետներից, ովքեր ժողովրդական, գուսանական երգի հուզաշխարհը մեկնում են ազգային ոգեղեն ակունքների պարզությամբ, արվեստին ու հասարակայնությանը ծառայում անմնացորդ նվիրումով»:

Երբ նրա երգը հնչեց օտար ափերում

Հռոմ տանող ճանապարհին մութը վրա հասավ: Փոքր ավտոբուսի բոլոր ուղեւորները հոգնությունից քնեցին: Ես, մեկ էլ վարորդը… կիսարթուն էինք: Խոսում էի, նրան հարցեր էի տալիս, ձայնասկավառակները փոխում, որ աչքը չկպցնի, տեղ հասնենք: Երգերն արեւելյան կլկլոցներով հագեցած ինչ-որ մուղամներ էին: Վերջապես, դրանց  բազմության մեջ գտա միակը, եզակին՝ հայկական ժողովրդական երգերի մի ձայնասկավառակ: Միացրեցի: Զարմանքս կրկնապատիկ էր. երգում էր Ստեփան Դալլաքյանը: Մութ, «օտար, ամայի ճամփան» մեկեն լուսավորվեց, հագնածությունս միանգամից անցավ: Խորը զգացի արվեստի ուժը, յուրահատուկ ոճն ու ելեւէջները, դրանց զուլալությունը: Ելեւէջներ, որ միայն իրենն են, ինքն է արարել: Նիրհող վարորդը նկատեց, թե ինչպես ճառագեցի եւ համակ ուշադրություն դարձա: Հարցրեց՝ դո՞ւր է գալիս: «Այն էլ՝ ինչպե՜ս»: Հետո հպարտ ավելացրեց՝ ինքն է ինձ նվիրել: Իհարկե, նվիրելիս մաեստրոն գիտեր, թե ինչ է անում. այդ օրվա նրա երգերի ձայնը դեռ ականջումս է, մշտապես ուղեկցում է ինձ: 

Նա նաեւ գործիչ է

Երգը՝ երգ: Բայց Ստեփան Դալլաքյանն այն երգիչը չէ, ով բավարարվում է միայն երգելով:  Նա գործիչ է նաեւ: Ոչ միայն երգով, այլեւ ակտիվ գործունեությամբ ծառայում է երգարվեստի զարգացմանն ու հանրայնացմանը: Ծանրակշիռ է նրա ավանդը ժողովրդական երգի մատուցման լավագույն ավանդույթները նոր երգիչներին փոխանցելու, տասնյակ համերգներով հայոց երգերը սփյուռքի հայրենակարոտ ազգակիցներին մատուցելու գործում: Իր նախաձեռնությամբ բարեգործական տասնյակ համերգներով հանդես է եկել երկրի քրեակատարողական հիմնարկներում, մանկատներում, տարեցների տներում, դպրոցներում եւ բուհերում, համաքաղաքային, մարզային բոլոր միջոցառումների ամենաակտիվ մասնակիցներից է: Այսօր շատ երգիչ-երգչուհիներ կարող են հպարտ հայտարարել, որ իրենց ուսուցիչը Ստեփան Դալլաքյանն է: Անչափ ուշադիր է նորահայտ տաղանդների հանդեպ: Անուշադիր չէ նաեւ նոր երգահանների, նրանց ստեղծած արժեքավոր երգերի նկատմամբ: Այդ երգերը շունչ են առնում նրա կատարմամբ, կյանքի ուղեգիր ստանում: Մեկ օրինակ. տեղեկացավ, որ Վանաձորի թիվ 4 դպրոցի պատմության ուսուցչուհի Էմմա Անտոնյանը Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսներին նվիրված երգ է ստեղծել: Ծանոթացավ, հավանեց, այդ հայրենասիրական լիցքեր ունեցող երգն էլ իր գոյության իրավունքը ձեռք բերեց վարպետի շնորհիվ: Լոռին, երկիրը նրան է պարտական, որ այսօր ամենուր հնչում են լոռեցի գուսան Զաքարյանի հմայիչ երգերը (հատկապես՝ «Անմահ Թումանյան» երգը): Գուսանի ստեղծագործությունները մոռացման փոշուց փրկվեցին բացառապես Ստեփանի շնորհիվ: Նրա երգերի մշտական կատարողն է, նրա երգերի մի ձայնասկավառակ է պատրաստել, ցանկանում է երկրորդը թողարկել, որով կփրկվի եւս 12 երգ…

Բնության սիրահարը, ավանդասերը

Զարմանալի շիտակ ու պարզ, մարդամոտ ու մարդասեր մարդ է մաեստրոն: Նրա հետ առաջին իսկ շփումից հետո մարդ կախարդված է զգում իրեն: Դժվար է նրա հետ քաղաքում մի քանի քայլ անելը՝ ամենուր նրա ծանոթ-բարեկամներն են, որ ուրախ մոտենում, «հալը» հարցնում են, ինքն էլ մինչեւ չիմանա՝ ինչի կարիք ունեն, չի հեռանա: Եթե նեղության մեջ են, չի ուշացնի հնարավոր օգնությունը: Ուշադիր է ամենքի եւ ամեն ինչի նկատմամբ: Մանրամասն գիտի մեր հայոց ծեսերն ու արարողությունները, հին ադաթներն ու սովորույթները, բծախնդրորեն հետեւում է լավագույններին՝ մեզ էլ մղելով հետեւել դրանց: Երկար տարիների մտերմությունը հիմք է տվել համոզված ասելու՝ այն ամեն դրականն ու օրինակելին, որ կուտակված են երգչի մեջ, գալիս են իր իսկ նախնիներից, մտավորական ծնողներից, Լոռու չքնաղ բնությունից, հիանալի ընտանիքից: Լեգենդներ են պատմում նրա՝ բնության, հայրենի օջախի նկատմամբ մեծ սիրո դրսեւորումների մասին: Ծառուծաղկի մեջ թաղված պապենական մի տուն ունի Լոռու անդնդախոր ձորում շողացող Վահագնաձոր փոքրիկ գյուղում: Ծխի մեջ կորած մեղվաձագերին խնամելիս՝ մի օր բակ են մտնում մարդիկ՝ իբր լսել են, որ Ստեփանն ուզում է վաճառել հայրական տունը: Ոչինչ չի ասում, ամեն ինչ մի կողմ է դնում ու էս մեր գնորդների համար մի սուփրա-սեղան է բացում: Սրանք վայելում են, տեղը-տեղին կոնծում այգու բարիքներից քաշած թրմօղին ու մոռանում… գալու նպատակը: Մի քանի օր անց, երբ հիշողությունն արթնանում է, նորից են այցելում: Էլի սուփրա-սեղանի են արժանանում, էլի են մոռանում այցելության նպատակը: Վերջապես, խեղճերին այնքան է պատվում, որ տան վաճառքի մասին իսպառ մոռանում են: Հասկանում են, որ ոչ մի չափի գումար չի մեղմացնի հայրական տան կորստի ցավը: Ստեփանը փաստաթուղթ ունի, որ որսորդ է: Անկեղծ ասած՝ նրա շրջապատում ոչ ոք չի տեսել ու չի լսել, որ նա իր հետ տուն երբեւէ որսի միս է բերել, կամ որեւէ կենդանու վրա կրակել է: Որսորդությունը նրա համար Լոռու հանդուչոլերում ման գալու, բնությանը մոտ լինելու պատրվակ է, որտեղ նա առվի խոխոջից, հովի սոսափից ձուլում է իր սքանչելի երգերի անկրկնելի ելեւէջները: Էս մեր երգիչը նվիրական մի իղձ էլ ունի. ուզում է, որ սարերի հովին սովոր իր սիրտը մեռնելուց հետո ամփոփեն հեռու սարերի ժայռածերպերից մեկում, Սիսի բերդ կոչված վայրում, որտեղից իր ողջ վեհությամբ բացվում է Լոռու ամեհի ձորն իր մշտաղմուկ Դեբեդ գետով ու վճիտ վտակներով: Շատ անգամ է ընկերներին առաջարկել՝ այցի գնալ, տեսնելու՝ որտեղ է ուզում պահ տալ իր սիրտը: Ամեն անգամ խորհուրդ ենք արել՝ առայժմ չգնալ, քանի դեռ մաեստրոն Ժողովրդական արտիստի կոչում չունի, հավատալով, որ մի օր անպայման կունենա: Իսկ Սիսի բերդն իր տեղից չի փախչի:  

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: երգիչՍտեփան Դալլաքյան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գնահատելով բանաստեղծ լրագրողի նվիրումը

Գնահատելով բանաստեղծ լրագրողի նվիրումը

Թշնամին ընդունում է իր ձախողումը

Թշնամին ընդունում է իր ձախողումը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist